«Կապույտ մորուքը» Արփինե Հովհաննիսյանից անբասիր ծառայության համար կրծքանշան է ստացել

«Կապույտ մորուքը» Արփինե Հովհաննիսյանից անբասիր ծառայության համար կրծքանշան է ստացել

Անկախության օրվա կապակցությամբ պարգեւատրվածների թվում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը։



Նա «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանն օրերս ստացավ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի ձեռքից։



Հավանաբար, նախարարը դեռ լավ չի ծանոթացել իր համակարգի աշխատողներին, եթե կարծել է, թե Արտյոմ Մխոյանն անբասիր է ծառայում Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Հակառակ դեպքում նա կիմանար, որ Մխոյանը հայտնի է իր դաժանությամբ եւ այնքան ատելի է ազատազրկվածների կողմից, որ նույնիսկ վաստակել է «Կապույտ մորուք» ածականը։ Կապույտ մորուքը, ինչպես հայտնի է, մի շատ հին ֆրանսիական թրիլլեր-հեքիաթի հերոս է, որն սպանում էր իր կանանց եւ նրանց մարմինները պահում նկուղում։ Մխոյանի դեմ կալանավայրերի բազմաթիվ բնակիչներ դիմում-բողոքներ են գրել դատախազություն։ Գոնե վերջին 5 տարում ՀՔԾ-ն է մի քանի անգամ զբաղվել նրա «անբասիր» աշխատանքով։ Այսպես, 2010 թվականին, երբ Մխոյանը «Վանաձոր» ՔԿՀ-ի պետն էր, այնտեղ կալանավոր մահացավ՝ Սլավիկ Ոսկանյանը, որին անհրաժեշտ բուժօգնություն չէր տրամադրվել։ Մահից 3 օր առաջ բուժքույրը տեղեկացրել էր պետին, որ Ոսկանյանին շտապ բուժօգնություն է պետք, բայց նա ոչինչ էլ չէր արել։ 2012 թվականին Վանաձորի կալանավայրում պահվող դատապարտյալները նամակներ էին գրում ԶԼՄ-ներին, բողոքում այնտեղ տիրող վայրենի բարքերից, «գեստապոյական ռեժիմից», բուժօգնության բացակայությունից, վատ սննդից եւ տարրական կենցաղային պայմանների բացակայությունից։ 2013 թվականին էլ մի դեպք տեղի ունեցավ «Վանաձոր» ՔԿՀ-ում։ Այնտեղ պահվող դատապարտյալ Վլադիսլավ Եդիգարովը, որը Բաքվի փախստականներից է, երկաթե մահճակալից դետալներ էր պոկել եւ կուլ տվել։ Այդ մասին իմանալով՝ բերդի պետ Մխոյանն ասել էր․ «Թող սոդայաջուր խմի, որ կուլ տված երկաթները դուրս գան»: Եդիգարովին տեղափոխել էին հիվանդանոց, երբ նրա վիճակը կտրուկ վատացել էր։ Վերջին դեպքն «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Արթուր Այվազյանի՝ Մանախի հետ էր կատարվել, որն ի դեպ արձանագրել է դատախազությունը, եւ այն ՀՔԾ վարույթում է։ Այվազյանը տեղաբաշխման հանձնաժողովից պահանջում էր փոխել իր ռեժիմը։ Օգոստոսին նա 5 օր հացադուլի մեջ էր։ Այս ընթացքում Մխոյանը նրան պահում էր պատժախցում, առանց անկողնային պարագաների եւ գոնե ներքնակի, եւ դատապարտյալը քնում էր երկաթյա մահճակալի վրա։ Ինչո՞ւ են, այսքանով հանդերձ, նախարարությունում գտնում, որ Մխոյանը, որն ի դեպ նախկինում հարկայինի աշխատող է եղել, անբասիր է ծառայել։ Ազատազրկված անձանց շրջանում կարծիք է տարածված, որ Մխոյանը հայտնի գործարար Սամվել Կարապետյանի բարեկամն է եւ պատրաստվում է դատավորների դպրոց ընդունվել՝ հետագայում դատավոր նշանակվելու մտադրությամբ։



Նրան առաջ քաշելով եւ պարգեւատրելով, նախարարությունն արագացնում է նախկին հարկային աշխատողի երազանքը։ Ինքը՝ Արտյոմ Մխոյանը, վստահեցնում է, որ սրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են։ «Եկեք մի կողմ թողնենք հարցը, թե ով ում ազգականն է»,- ասում է նա։ Քրեակատարողական հիմնարկների վարչությունում էլ մեր հարցմանը պատասխանեցին, որ պարգեւատրում ասվածն «ընդամենը կրծքանշան է, որն ստանում են երկարատեւ ծառայության համար (10 տարի, 15 եւ 20)։ Կոնկրետ իրենը15 տարի ծառայության համար է»: Ահա այսպես, դա ընդամենը կրծքանշան է, եւ պետք չէ լուրջ ընդունել։ Այդ դեպքում «անբասիր ծառայությունն» էլ է կատակ, թեթեւ բան, որը չարժե կարեւորել, հանրապետականի կրծքանշանն էլ։



Սյուզան
ՍԻՄՈՆՅԱՆ