Փառատոնների շարք` նվիրված Աբովյան քաղաքի տոնին

Փառատոնների շարք` նվիրված Աբովյան քաղաքի տոնին

Հայաստանի թատերական գործիչների միությունն ու Աբովյանի քաղաքապետարանը հոկտեմբերի 5-11-ն Աբովյանում կանցկացնեն փառատոն՝ նվիրված քաղաքի տոնին: 1963 թվականին հիմնադրված Աբովյան քաղաքի տոնը, որը 2000 թվականից նշվում է հոկտեմբերի կեսերին, այս տարի մեկնարկեց թատերական փառատոնով, որի շրջանակներում կցուցադրվեն տասը ներկայացում` ինչպես Երեւանի, Աբովյանի թատրոնների, այնպես էլ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի մասնակցությամբ:



Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ՀԹԳՄ-ին և նրա ղեկավար Հակոբ Ղազանչյանին Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությանն ընդառաջելու և քաղաքում թատերական փառատոնի կազմակերպմանն օժանդակելու համար: Քաղաքապետը հատուկ ընդգծեց, որ թատերական ներկայացումները կլինեն թե’ ավագ սերնդի, թե’ երեխաների համար: Ըստ նրա` խիստ նշանակալից է, որ փառատոնը հանդիսատեսի համար անվճար է լինելու` հնարավորություն ընձեռելով ցանկացողներին ներկա գտնվել և վայելել սիրված դերասանների անզուգական խաղը:



Աբովյանի թատրոնի տնօրեն Արմեն Կարապետյան հաջողված քայլ է համարում այն, որ կարողացել են շատ կարճ ժամանակում, արդյունավետ աշխատանքի շնորհիվ հասցնել կատարել իրենց առաջ դրված խնդիրը՝ լավագույնը մատուցել հանդիստեսին. «Ողջունելի է նաեւ թատերական փառատոնով քաղաքի տոնը նշել, որովհետեւ իմ մեծագույն համոզմունքն է, որ թատրոն է ձեւավորում քաղաքացիական հասարակություն եւ քաղաքային մշակույթ: Եվ որպեսզի բնակատեղին մարդկանց համար դառնա հայրենիք անհրաժեշտ է եկեղեցի եւ թատրոն»: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Աշոտ Չտչյանը կարեւորում է երիտասարդների դերը թատրոնում. «Մենք միշտ աջակից ենք եղել երիտասարդությանը շատ ենք ուզում, որ մեր շուջ հավաքվեն երիտասարդներ»:



Նելլի Կարապետյան