Մեդիախոհանոց-16

Մեդիախոհանոց-16

Սեպտեմբերի 18-ին մեր կայքում հրապարակված նյութի կապակցությամբ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը շարունակում է քննությունը։ Խոսքը Սաշիկ Սարգսյանի կողմնակիցների կողմից մի երիտասարդի ծեծի ենթարկելու լուրի մասին է, որը մենք շարադրել էինք դեպքի ականատեսի պատմածի հիման վրա։ Իսկ ականատեսը մի տարեց կին է, ով պատահաբար այդ ժամին շանն զբոսանքի էր հանել եւ ականատես եղել, թե ինչպես են երկու «ջիպ»-երով ժամանած «սափրագլուխները» ծեծի ենթարկում հանդուգն երիտասարդին, ով փորձել էր պաշտպանել իր ընկերուհուն։ Ահա, այս պատմությունն էլ նախ գրավել էր իրավապաշտպան Արթուր Սաքունցի ուշադրությունը, որը դիմել էր ՀՔԾ պետին եւ գլխավոր դատախազին՝ խնդրելով քննություն կատարել եւ մեղավորին պատժել։ Ապա ՀՀ գլխավոր դատախազը դիմումը վերահասցեագրել էր ոստիկանություն, որտեղից էլ «շեստոյի» աշխատակիցներին էին հանձնարարել զբաղվել այս հարցով։



Եթե մենք նորմալ երկիր լինեինք, որտեղ իրավապահների գործը ոչ թե իշխանության ներկայացուցիչների եւ նրանց մերձավորների շահերը պաշտպանելն է, այլ հանցագործներին բացահայտելը, պատժելը, երկրում տիրող անպատժելիությունը վերացնելը, ապա ոստիկանները ոչ թե «Հրապարակի» խմբագրությունը պետք է «ջրի ճամփա» սարքեին, այլ առգրավեին դեպքի վայրում տեղադրված տեսախցիկները, զրուցեին մոտակա օբյեկտների աշխատողների հետ, եւ, բնականաբար, հրավիրեին եւ բացատրություն վերցնեին Սաշիկ Սարգսյանից ու նրա մերձակա շրջապատից, ստուգեին նրանց բոլորի գտնվելու վայրը դեպքի օրը՝ ժամ առ ժամ։ Իսկ ի՞նչ են արել «շեստոյի» փորձառու իրավաբանները։



Նախ, այցելել են «Հրապարակի» խմբագրին, խնդրել մեր աղբյուրի տվյալները, բացատրություն կազմել խմբագրի անունից, որտեղ մենք գրել ենք, որ աղբյուրը կբացահայտենք միայն իր ցանկության եւ համաձայնության դեպքում։ Ապա այցելել են Թումանյան փողոցի օբյեկտների տերերին, բացատրություններ վերցրել նրանցից, գուցե՝ նաեւ աշխատակիցներից։ Հետաքրքրվել են տեսախցիկներով եւ, ինչպես տեղեկացրին մեզ, դիտել են այն ժապավենները, «որոնք պահպանվել են»։ Իսկ ինչո՞ւ չեն պահպանվել՝ որովհետեւ մի մասն օնլայն արձանագրող սարքեր են, մյուսներն ուղղակի չեն պահպանվել։Բնականաբար՝ հանցագործները մեզանում ավելի օպերատիվ են գործում, քան ոստիկանությունը, որը մեր նյութին արձագանքել է մոտ մեկ ամիս ուշացումով։ Եվ այս ընթացքում հնարավոր «պոչերը» հասցրել են մաքրել։Հարցաքննվողներն էլ, բնականաբար, ոչինչ չեն հաղորդել ոստիկանությանը։ Եվ ոստիկանությունն անցել է իր առաքելության գլխավոր մասին՝ շնիկով տիկնոջը հայտնաբերելուն։



Հայտնաբերել եւ այցելել են այս տարածքի բոլոր շուն պահողներին, բացատրություններ վերցրել նրանցից։ Նորից՝ ապարդյուն։ Թեեւ մեր աղբյուրն այս ընթացքում արդեն կապվել եւ մեզ տեղեկացրել էր, որ սարսափած է՝ իրեն էլ են ոստիկաններ այցելել եւ հարցեր ուղղել։ Բայց ամենազավեշտալին, որ քննչական աշխատանքի մեջ նոուհաու է, այն է, որ այսքան «տիտանական» աշխատանք կատարած ոստիկանները ոչ միայն չեն հարցաքննել գլխավոր գործող անձին՝ Սաշիկ Սարգսյանին, նրա թիկնապահին, վարորդին, այլեւ շատ զարմացան մեր հարցից։ Իսկ ինչո՞ւ պետք է հարցաքննեինք՝ կլորացրած աչքերով ու չքմեղ հայացքով հարցնում էր քննիչը մեզ, որն անգամ վախենում էր բարձրաձայն Սաշիկ Սարգսյան անուն-ազգանունն արտաբերել։



Ա. Օ.