Արդարության ընկալման ցուցիչներ կան, ընկալում չկա

Արդարության ընկալման ցուցիչներ կան, ընկալում չկա

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, հակառակ հայ հասարակության շրջանում տարածված ընկալումներին, պնդում է, որ ինքը, որպես ՀՀ քաղաքացի եւ փոխնախարար, ունի արդարության ընկալում, քանի որ Հայաստանում արդարություն իրականացվում է։ Սակայն նա դժվարացավ պատասխանել, թե արդյոք տեղավորվո՞ւմ է իր ընկալած արդարության շրջանակում Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակումը։ Նրա լեզուն, կարծես, արդարացիորեն չէր պտտվում դրական գնահատական տալ Հայաստանում «արդարության վերականգնման» այդ բացառիկ փաստին, դրա համար էլ հարցի պատասխանը ծամծմեց դեկլարատիվ ինչ-որ բացատրություններով։ Նմանատիպ պատասխաններ ստացանք նաեւ ցմահ դատապարտյալների խնդրի հետ կապված մեր հարցերին, որոնք եւս խանգարում են Հայաստանում արդարության լիարժեք ընկալմանն ու արդարադատության իրականացման հարցում վստահության ձեւավորմանը։



- Պարո՛ն Մկրտչյան, ցմահ դատապարտյալներից Սողոմոն Քոչարյանը թերեւս միակն է, որ ազատ արձակվեց բանտից, սակայն պարզվեց, որ դա առողջական խնդիրների պատճառով է, եւ 20 օր անց նա մահացավ։ Օրերս անազատության մեջ մահացավ մեկ այլ ցմահ դատապարտյալ եւս՝ կրկին առողջական խնդիրների պատճառով։ Ի՞նչ է մտածում նախարարությունը, ասում են, թե օրենքի բաց կա՝ պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի գործառույթների հետ կապված։



- Պայմանական վաղաժամկետ ազատման տեսակետից մենք օրենսդրական փոփոխություններ ենք նախաձեռնել, եւ թերեւս նաեւ պրոբացիոն համակարգի ներդրումն է հարցի հիմնարար լուծումը։ Համենայնդեպս, համակարգային լուծումներ պետք է ներդրվեն, որի ուղղությամբ արդեն քանի տարի է՝ նախարարությունն աշխատանքներ է կատարում, եւ առաջին քայլը պրոբացիոն ծառայության ներդրումն է։



- Ցմահ դատապարտյալներից շատերը դատապարտվել են 15-20 տարի առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք։ Այսօր, սակայն, գործող իշխանությունները որեւէ կերպ չեն փորձում վերանայել դատական ակտերը, որ գուցե նրանցից ոմանք հանիրավի՞ են ցմահ դատապարտվել՝ չցանկանալով դատական իշխանության սխալի նման նախադեպ ստեղծել։



- Վերջնական դատական ակտերի վերանայման մեխանիզմները նոր երեւան եկած հանգամանքներն են, իրականում որեւէ այլ երկրում որեւէ այլ կարգավորումներ չկան։



- Դուք համարո՞ւմ եք, որ հնարավոր է լինեն այնպիսի ցմահ դատապարտյալներ, որոնց նկատմամբ սխալ դատավճիռ է կայացվել։



- Ես, որպես իրավաբան, չեմ կարող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ ասել՝ սխալ է։ Եթե դա մտել է արդեն օրինական ուժի մեջ, վերջնական դատական ակտ է, այդպիսին է արդարադատությունը, եւ սա շատ կարեւոր հանգամանք է։



- Այստեղ քաղաքական կամքի խնդիր կամ ամբիցիաների գործադրում տեսնո՞ւմ եք, որ չեն ուզում դատարանները սխալ դուրս գան նման գործերի հարցում, նման պրակտիկա կարծես թե չունենք։



- Իրականում այս ինստիտուտների տեսանկյունից պետք չէ հարցը մեկ այլ հարթության մեջ դիտարկել, որովհետեւ սա զուտ իրավական կարգավորումների եւ վերանայումների խնդիր է։ Շատ ու շատ հարցերի պատասխաններ՝ կապված ապացույցների պահպանման հետ եւ այլն, նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, որ արդեն Ազգային ժողովում է, ըստ էության, տալիս է այնպիսի մեխանիզմներ, որ հետագայում նոր երեւան եկած հանգամանքի ի հայտ գալը հնարավոր լինի։



- Արդարադատության նախարարությունը, սակայն, նոր-նոր է սկսում այս առումով ակտիվ քայլեր ձեռնարկել՝ փոխել օրենսդրությունը, իրավական նոր մեխանիզմներ մշակել, մինչդեռ խնդիրները շարունակում են օդում կախված մնալ եւ գործնական լուծում չստանալ։



- Նոր երեւան եկած հանգամանքների մասին, եթե այդ ինստիտուտների մասին ենք խոսում, դրանք միշտ էլ եղել են։



- Ցմահ դատապարտյալները մահանում են առողջական խնդիրների պատճառով, այս ամենն արդարադատության նախարարության եւ, առհասարակ, դատական համակարգի համար սթափեցնող ազդակ կարո՞ղ է հանդիսանալ։



- Ցանկացած դեպք արժանանում է թե՛ քրեակատարողական ծառայության ուշադրությանը, թե՛ դրանց վերլուծությանը, եւ դրանց պատճառներն ամբողջ ծավալով, ըստ էության, քննարկման առարկա են դառնում։ Դուք կարող եք վստահ լինել, որ յուրաքանչյուր դեպք թե՛ քրեակատարողական ծառայությունում, թե՛ արդարադատության նախարարությունն իր վերահսկողական ծառայության միջոցով համապատասխան ուսումնասիրության են ենթարկվում։



- Ես հասկանում եմ, որ մասնագիտության բերումով եւ ի պաշտոնե Դուք հենց այսպիսի պատասխաններ պետք է տաք, բայց այս ամենը գոնե կարագացնի՞ այն գործնական քայլերը, որ արդարադատությունը գոնե այս առումով վերականգնվի Հայաստանում։



- «Արդարադատությունը վերականգնել» հասկացությունը շատ լայն է։ Դե, ընդհանուր թերահավատություն կա սկզբունքով հավատ էլ կա նաեւ, որ շատ ու շատ դեպքերում արդարադատությունը, իրականում, կայանում է։ Եվ բոլոր գործողությունները դրանք ամբողջական շղթա են, որպեսզի ամբողջը լինի արդար։ Եվ պետք չէ մոռանալ, որ արդարությունը դա վերջնական ընկալումն է։



- Ըստ Ձեզ՝ կա՞ արդարության ընկալում ժողովրդի շրջանում ու նաեւ անձամբ Ձեզ մոտ, որ Հայաստանում արդարադատություն իրականացվում է։



- Այդ գնահատականը, որպես հանրային չորրորդ իշխանության ներկայացուցիչ, Դուք կարող եք տալ։ Ես կարող եմ ասել, որ արդարադատություն, այո, իրականացվում է Հայաստանում, իսկ ընկալման ցուցիչների եւ տոկոսների վերաբերյալ էլ կան վիճակագրական խորը վերլուծություններ։



- Այդ դեպքում, երբ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվեց, սա արդարության ընկալում առաջացրե՞ց Ձեզ մոտ եւ տեղավորվե՞ց արդարության ընկալման Ձեր շրջանակներում։



- ․․․․Ես մեկ բան գիտեմ՝ յուրաքանչյուր դատավարական գործողություն կատարվում է կոնկրետ դատավարական ընթացակարգերի կիրառմամբ։ Կա՞ն համապատասխան հիմքեր, հետեւաբար, ընթացակարգը պետք է կիրառվի այս կամ այն ձեւով, ինչպիսին որ դատավարությունն է թելադրում՝ անկախ նրանից, թե ով է, ինչ է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ