«Նոր Հայաստանը» և դեկտեմբերի 1-ը

«Նոր Հայաստանը» և դեկտեմբերի 1-ը

Երեկ Ոստիկանության տարածած հայտարարությունը, որով Ժիրայր Սեֆիլյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին սթափության կոչ էր արվում, շատ նուրբ-փաղաքշական ոճով էր գրված: Ոչ մի նորմալ երկրում, որտեղ բազմամարդ ցույցը տանում են իրավապահ մարմինների հետ հստակ առճակատման, որստիկանությունն այդքան մեղմ կոչ չէր անի: Իսկ նորնապոլեոն Ժիրայր Սեֆիլյանը և նրա մարշալները, երեկ ժողովրդին տանում էին բացահայտ բախման և այժմ արդեն ոչ մի կասկած չկա, որ այդ բախումից հաջողվել է խուսափել բացառապես ոստիկանության հստակ գործողությունների և ցուցարարների մեջ եղած սթափ մարդկանց շնորհիվ:



Հարթակի քյալլագյոզներին մենք ուղիղ հարց ունենք: Շատ պարզ մի հարց՝ ինչո՞ւ քայլերթի երթուղին չհայտարարեցիք նախապես և ինչո՞ւ երթը մտցրեցիք Հանրապետության նեղլիկ փողոց:



Մեզ համար այս հարցի պատասխանն ակնհայտ է: Դա արվել է միտումնավոր, որպեսզի բազմամարդության էֆեկտ ստեղծվի, լուսանկարներ լինեն, թեժություն երևա և, ամենակարևորը, դա արվել է, որպեսզի հրահրված բախման ժամանակ ժողովուրդը ցրվելու տեղ չունենա: Կարելի է հստակ արձանագրել՝ դեկտեմբերի 1-ին Երևանը խուսափեց հերթական մարտի 1-ից:



Անձամբ մեծ տեսաբան Ժիրայր Սեֆիլյանին հետևյալն եմ ուզում ասել: Մարտի 2-ին հայ ժողովուրդն արդեն երազանք չուներ: Նրա երազանքները փշրվել էին մարտի 1-ին, իսկ մարտի 2-ին վրա էր հասել էշացման պրոցեսը, որի ժամանակ շատերը, այդ թվում և մարտի 1-ի բոլոր մեղավորները (կրկնեմ՝ բոլոր), հասկացել էին, որ ժողովրդի հետ խաղեր տալը, նրան այստեղ ու այնտեղ առաջնորդելը ամեն անասունի բան չէ:



Կարո՞ղ է մեկը «Նոր Հայաստանից» բացատրել, թե էլի ինչի վրա էին հույսները դրել երբ, ՀՀԿ գրասենյակի մոտ բախումը չստացվեց: Խոստացան 10 րոպե խորհրդակցել և հայտարարություն անել: Տասը րոպե անց ոչ մի բան, մեկ ժամ անց՝ ոչ մի բան: Ո՞ւր է ձեր պայքարի ծրագիրը, ո՞ւր է սցենարը, ո՞ւր է չնախատեսված իրավիճակներում հնարավոր քայլերի քարտեզը: Եթե այդ ժողովրդին, ներառյալ մարզերից, հանել բերել էիք որ ՀՀԿ գրասենյակի առաջ սպիտակ վարդեր դնեք, ապա կարող եք հանգիստ խղճով արձանագրել, որ ծաղկամատույցը չստացվեց: Եվ, առհասարակ, Նոր Հայաստանի ուղեղներից մեկը, որ սպիտակ վարդեր էր բերել, ժամանակն է, որ սթափվի ու հասկանա՝ սա Ամերիկան չէ, որտեղ սպիտակ և կարմիր վարդերի կռիվ է ուզում սարքել: Իսկ եթե շատ մեծ է այս ամենին գունավոր երանգ հաղորդելու ցանկությունը, ապա սպիտակ գույնը լավագույն ընտրությունը չէ: Գոնե կարմիր պետք է լինեին վարդերը: Սահակաշվիլին՝ վկա:



Ինչ գլուխներդ տանեմ: Երեկ ամբողջ աշխարհին վրաներս ծիծաղեցնել տվեցին: Գնացել էին Շարմազանովի գրասենյակ և պահանջում էին, որ «Սերժիկը հեռանա»: Այսպիսի բան մեկ էլ համաժողովրդական հեղափոխությամբ դեգեներացվածները կարող էին անել: Տղերք, «Սերժիկի գրասենյակը» Բաղրամյան փողոցում է, հասցեն խառնել եք:



Հ.Գ. Հատուկ շարժման համաառաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Եթե օրվա հեղափոխականները, այնուամենայնիվ, լրջորեն համարում են, որ սա իրենց know-how-ն է, ապա ճիշտ ժամանակն է հոգեբուժարանները առաջին պատրաստության բերելու: Հավատացեք՝ առանձնապես մեծ տարբերություն չկա՝ գնացել, օտար դեսպանատների առաջ մարտի 1 ես արել, թե օտար դեսպաններին նախօրեին հրավիրել ես գրասենյակդ, որ նրանց ուշադրությունը հրավիրես դեկտեմբերի 1-ի վրա: Շպիոն Օնո պետք չէ լինել, այս հասարակ բանը հասկանալու համար: