Երբ սովորում ես պիտակիդ

Երբ սովորում ես պիտակիդ

Մեր իշխանություններին այնքան են ասել թալանչի, գռփող, բիրտ, զոռբա ու նման բաներ, որ հիմա նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են դրան սովորել ու շատ հանգիստ են վերաբերվում լրագրողների այսպիսի հարցերին. «Պարոն Բաղդասարյան, Սեֆիլյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ի հանրահավաքից հետո չեն վերադառնալու տուն՝ մինչեւ թալանչի ռեժիմին չհեռացնեն, դուք ի՞նչ եք անելու»: Ես լինեի այս պարոն Բաղդասարյանի փոխարեն, կասեի՝ այդ Ժիրայր Սեֆիլյանը նախ թող սխալ որակումներ չտա իշխանություններին, եւ ապա՝ հասկանա, որ իր հետեւից ընկած մի քանի հոգով ոչ կարող է վիճակ ապակայունացնել եւ ոչ էլ, մանավանդ՝ իշխանափոխություն անել: Բայց դու տես, որ Բաղդասարյանը չլսելու է տալիս «թալանչի ռեժիմ» արտահայտությունը եւ անցնում է իշխանափոխություն անելու օրինական ճանապարհները ցույց տալուն: Եվ ստացվում է, որ թալանչի ռեժիմի ներկայացուցիչն ուզում է իշխանափոխվել ընտրությունների ճանապարհով: Պարադոքս չէ՞: Համ նստեն, համ թալանեն, համ գռփեն, համ արտագաղթեցնեն, համ տնտեսությունը քանդեն, համ բիզնեսները մեռցնեն, համ տակները լցնեն, համ էլ ընտրությունների միջոցով հեռանան: Այդ որտե՞ղ նման երանություն կա, որ Հայաստանի իշխանությունները դեռ երազում են ընտրություններով հեռանալ:



Պարոն Բաղդասարյան ասածը Գալուստ Սահակյանի արժանի հետնորդն է՝ Վահրամ Բաղդասարյանը: Ասում է՝ գործող իշխանություններին (թալանչի՝ Էդ. Ա.) հեռացնելու ամենալավ տարբերակը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են: Ոչ, պարոն Բաղդասարյան: Թալանչիներից ազատվելու լավագույն եւ ամենահեշտ տարբերակն այն է, երբ ոստիկանապետը մտնում է աշխատասենյակդ, հորդորում հնարավորինս տաք հագուստ վերցնել եւ առաջնորդում է ճարտարապետական լուծումներից բոլորովին զուրկ մի շենք: Իսկ մնացածը՝ ընտրություններ, ֆլան-ֆստան, երգեցողության ժանրից են, որովհետեւ ոստիկանության ուշադրության արժանի իշխանություններն իրավունք չունեն ընտրություններ կազմակերպել եւ լինել այդ ընտրությունների պատասխանատուն:



Ինչ վատ բան եղավ



Իմացաք, չէ՞, որ Առաքել Մովսիսյանին, նույն իրեն՝ Շմայսին, դատեցին: Վայ, էնքան վատ էղա, էնքան վատ էղա, որ էլ չասելու: Փաստորեն, ոչ փողը, ոչ լայն շրջապատը չօգնեց՝ դատեցին, գնաց… Արածն էլ արած լիներ, կասեի՝ հա: Մարդը վիզ էր դրել իր երկրի պաշտպանության նախարարի համար: Գեներալ Մանվելը կասեր՝ հըմար: Եվ էս ի՞նչ ժամանակներ են գալիս, այ մարդ, հայրենասերներին են արդեն դատում:
Երկու տարի են տվել, պայմանական: Շմայսին պարտավորեցրել են մինչեւ 17 թիվը պատգամավորին վայել պահվածք դրսեւորել: Հոդվածն ուղղակի ահավոր է. «Որոշումը կայացվեց միաձայն, եւ հանձնաժողովն արձանագրել է, որ Առաքել Մովսիսյանը խախտել է ԱԺ կանոնակարգի 6-րդ հոդվածի Է կետը, որը վերաբերում է պատգամավորի ոչ վայել պահվածքին»:



Շմայսի լավը չուզողներն ասում են՝ հեշտ պրծավ, նրան բռնաբարության եւ գլուխ կտրելու հոդվածներով պետք է դատեին: Երանի չէ՞ր Շմայսի համար այդ հոդվածներով դատվելը: Հիմա բերել՝ մի հոդված են դեմ տվել, որի համաձայն, պետք է պատգամավորի պահվածք դրսեւորի, էն էլ երկու տարի՝ от зари-до зари…