Աշոտյան-Բենամուկ. ճարահատ զուգահեռներ

Աշոտյան-Բենամուկ. ճարահատ զուգահեռներ

Ռոբինզոն Կրուզոյին հաջողվեց Ուրբաթին գոնե մի կարճ ժամանակով համոզել, որ Աստված ավելի հզոր է, քան Բենամուկը: Ճարպիկ անգլիացին դա արեց մի շատ պարզ հնարքով՝ օգտվելով այն հանգամանքից, որ Աստված բնակվում է երկնքում, իսկ Ուրբաթի նկարագրած Բենամուկը՝ «մեծ լեռ»:



- Ո՞վ է ավելի բարձր,- Ուրբաթին հարցրեց Կրուզոն:



- Աստված,- անկեղծորեն պատասխանեց Ուրբաթը:



- Տեսնո՞ւմ ես, ուրեմն Աստված ավելի ուժեղ է, քան քո այդ Բենամուկը,- ասաց Ռոբինզոնը:



Ոչ Կարեն Անդրեասյանն է Աստված, ոչ էլ Արմեն Աշոտյանն է Բենամուկ: Երկուսի համար էլ շատ կլինի այդ համեմատությունը, բայց երբ Արմեն Աշոտյանը ԿԳՆ-ին ուղղված ՄԻՊ-ի ամեն քննադատությունից եւ դիտողությունից հետո սկսում է նրա դեմ թուր ճոճել, ակամա հիշում եմ Աստծո եւ Բենամուկի հարաբերակցության մասին ռոբինզոնյան այս հանճարեղ ու պարզ գյուտը:



Պարոն Աշոտյան, ՄԻՊ-ին ընտրում է Ազգային ժողովը, իսկ քեզ նշանակում է քո կուսակցությունը: Հարց՝ ո՞վ է բարձր: Նույնիսկ Ուրբաթը կասեր՝ ՄԻՊ-ը: Ուրեմն էլ ի՞նչ կարիք կա թուրն առնել ու գնալ ՄԻՊ-ի դեմ:



Ահավասիկ՝ օմբուդսմենը դեռ 2014-ին կրթական հաստատություններին վերաբերող համապատասխան զեկույցում ահազանգել է, որ Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը, որտեղ սովորում են առողջական եւ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներ, եւ որոնց մեծ մասը նաեւ գիշերում է այնտեղ, գտնվում է անմխիթար վիճակում։ Օրինակ՝ դպրոցի տանիքը վթարված է, շատ պատուհաններ չունեն ապակիներ, վնասված է մանրահատակը, մի շարք ննջարաններ եւ դասասենյակներ զրկված են էլեկտրական լուսավորումից, առկա են բազմաթիվ բաց հոսանքալարեր, որոնք վտանգավոր են երեխաների կյանքի եւ առողջության համար, մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով երեխաները բաճկոններով են մասնակցում դասին, դպրոցը չունի լոգանքի համար տարրական պայմաններ, պատշաճ պահպանված չէ սննդի ու դեղորայքի տրամադրման կարգը, տեսողության խնդիրներ ունեցող երեխաներն ապահովված չեն հատուկ դասագրքերով։



Մինչեւ այսօր այդ դպրոցը, կրկնենք՝ հատուկ դպրոցը, դեռ այդ վիճակում է, ինչը պարզ վկայությունն է այն բանի, որ ԿԳՆ-ն մատների արանքով է նայում իր ենթակայության տակ գտնվող հաստատությանն ու իրեն վստահված առողջական եւ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների կյանքին: Այո, կյանքին, որովհետեւ տեսողական խնդիր ունեցող երեխան մի քանի անգամ ավելի շատ է ենթակա հոսանքահարման, քանդված հատակի պատճառով վայր ընկնելու, կոտրած ապակուց վնասվելու, քան տեսողական խնդիր չունեցողը:



ՄԻՊ-ի ի՞նչ PR-ի մասին է խոսքը, եթե չեք հերքում այս մեղադրանքները եւ հատուկ տեսագրություն չեք ներկայացնում այն մասին, որ 2014 թվականից այս կողմ գոնե մատը մատին եք տվել այդ դպրոցում մի բան շտկելու համար:



Եվ ապա…



Աշոտյանի վարքագծում մի ուրիշ վտանգավոր բան էլ կա: Եթե նա այսօր, երբ տակավին նախագահական կառավարման պայմաններում ենք ապրում, այսպես վրա է քշում ԱԺ-ի ընտրած պաշտոնյային, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանի, եթե նոր Սահմանադրության պայմաններում, Աստված մի արասցե, ՀՀԿ-ն բացարձակ իշխանություն ունենա:



Այս հարցը չի կարելի այսպես թողնել: Աշոտյանն իր բրիֆինգում նույնիսկ ակնարկել էր Սամվել Ֆարմանյանից ՄԻՊ-ի ստացած հարվածների մասին, ինչը հստակ նշան է այն բանի, որ Կարեն Անդրեասյանի վրա պատրաստ են գրոհել ՀՀԿ-ական թայֆայով: Նման բան թույլ տալ՝ նշանակում է լրագրող եւ լրատվամիջոց չլինել: Ես համոզված եմ, որ Հենց Աշոտյանն է ամեն առիթ օգտագործում ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ֆոնին PR-վելու համար: Այլապես, Facebook-ում խաշի նկարներ տեղադրելու փոխարեն, գլուխը կախ, միջոցներ կհայթայթեր եւ կվերանորոգեր անմխիթար վիճակում հայտնված հատուկ դպրոցը:



Հաթաթա տվողիս տես: Բենամուկի չափ էլ համեստություն չունի: