Կառավարությունը լավ PR-ի կարիք ունի

Կառավարությունը լավ PR-ի կարիք ունի

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը երեկ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ բավականին կրակոտ ելույթ ունեցավ՝ ներկայացնելով ԲՀԿ-ի տեսակետը Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած բյուջեի նախագծի նկատմամբ։



ԲՀԿ-ական տնտեսագետ պատգամավորը երեկ իր ելույթի մի հատվածում որոշեց անցնել կառավարության հետ «բլիժնի բոյի» ու մի լավ «քլնգել» կառավարությանը, բայց ոչ թե վատ աշխատանքի, այլ այդ աշխատանքի վատ ներկայացման համար։



«Կառավարությունը լավ չի անում իր PR-ը, պետական քարոզչամեքենան լուրջ գործ ունի էստեղ անելու, արդեն հերիք ա, որ բերենք շոուները ստեղից ցույց տաք՝ մեկը մեկի վրա գոռաց, մեկը մի բան ասեց, մենակ ամբողջ օրը դա ենք տեսնում։ Եկեք լուրջ ճաշակ, լուրջ ոճ ձեւավորենք, սա կարեւոր բան ա»,-փրփրադեզ ելույթով կառավարության PR-շչիկների «պորտը տեղը դրեց» Մելքումյանը։



Մի պահ տպավորություն էր, թե Մելքումյանը խոսում է ոչ թե Հովիկ Աբրահամյանի, այլ Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության մասին։ Բայց երբ հայտարարեց, որ ԲՀԿ-ն կառավարությանը շանս է տալիս՝ կողմ քվեարկելով այս բյուջեին, ամեն ինչ իր տեղն ընկավ։



«Մենք ուզում ենք, որ կառավարությունը ոչ թե մեկ քաղաքական ուժի կողմից ունենա «այո», այլ այդ բյուջեի «այո»-ն ունենա նաեւ երկրորդ քաղաքական ուժի կողմից, որպեսզի կառավարությանը շանս տանք ինքը 2017 թվական մտնի՝ հուսալի հենարան ունենալով։ Մենք կողմ ենք քվեարկելու բյուջեի նախագծին»,-ասաց նա։



Նրա ելույթից հետո Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Մելքումյանին, որը, ըստ նրա, մասնագիտական մոտեցում ցուցաբերեց եւ լավ զգաց, որ ընդդիմադիր դաշտում նման մոտեցումներ են նկատվում։ Եթե, իհարկե, կարելի է ԲՀԿ-ին «ընդդիմադիր» անվանել։



Ելույթից հետո հետաքրքրվեցինք պարոն Մելքումյանից՝ հիմա ինքը դժգոհում էր կառավարության վա՞տ աշխատանքից, թե՞ դրա վատ PR-ից։



- PR-ն այն է, որ կառավարությունը պետք է կարողանա PR քարոզչամիջոցների հետ, նաեւ, անկախ կառավարության աշխատանքից, ընդհանրապես ցանկացած ԶԼՄ, որը պետության մեջ գործող մասնիկ է, ոնց որ ձեռնարկությունները, ՊՈԱԿ-ները, պետք է պետականամետության, ոչ թե իշխանամետության բաղադրիչ ունենան։ Բայց ես էլի եմ ասել, որ ա՛յ մարդ, ցույց տվեք էդ հայհոյանքը կամ գոռալն իրար վրա, բայց ո՞նց եք դուք սահմանափակվում մենակ դա ցույց տալով։ Մի հատ լավ բան չկա՞։



- Այսինքն՝ լրատվամիջոցները լա՞վ չեն աշխատում, որ կառավարության PR-ը լավ չի իրականանում, Ձեր կարծիքով՝ մենք պետք է կառավարության կամ այլ գերատեսչությունների PR-ո՞վ զբաղվենք։



- Չէ, ես չեմ ասում դուք իր PR-ով զբաղվեք, ես ասում եմ, օրինակ, դուք դնում եք Ազգային ժողովի աշխատանքի շոուն, բայց էն մյուսն ինչի՞ չեք դնում, էն կոնստրուկտիվ բաները։



- Լավ, հիմա կառավարությունը, այսինքն, լավ է աշխատում, բայց վա՞տ է դա ներկայացնում։



- Չէ, կառավարությունը պետք ա կարողանա իր բարի նպատակներով իրականացվող միջոցառումները՝ հարկային արտոնությունները, ներդրումների ծրագրերի խթանման գործիքները, ընդհանրապես դաշտը, մրցակցային հարաբերությունների որակը, իր ցանկությունները կարողանա ներկայացնի, որ սենց բան կա, ես ուզում եմ լավ բան անել։ Ինձ թվում է՝ դա չի հաջողվում կառավարությանը, որ լավ ներկայացնի։



- Պարո՛ն Մելքումյան, Ձեզ չի՞ մտահոգում այն, որ մշտապես քննադատում են ձեզ, որ ԲՀԿ-ն շատ լավ վերաբերմունք ունի Հովիկ Աբրահամյանի ու նրա կառավարության նկատմամբ, մինչդեռ Տիգրան Սարգսյանի կառավարությանն ուղղակի «բմբլահան» էր անում, իսկ այսօր Աբրահամյանի կառավարության գլխի տակ իրական փափուկ բարձ է դնում՝ այդ նույն բմբուլներով։



- Չէ, բացարձակապես փափուկ բարձ չի դնում։ Հիմա էսպես նայենք՝ նախ Տիգրան Սարգսյանի կառավարությունը շատ քիչ բան էր անում, ինչքան մենք ակնկալում էինք, իսկ այս մեր առաջարկությունները այս կառավարությունն ընդունում է։ Նախորդի ժամանակ համատարած մերժվում էին մեր առաջարկությունները։



- Այսինքն՝ այս լավ վերաբերմունքը փոխադա՞րձ է՝ կառավարությունը ձեզ հետ է լավ աշխատում, դուք՝ իրենց հետ։



- Մեր ծրագրերը որ անում են, ասենք՝ դե՞մ ենք։ Եթե իմ առաջարկածն անում են, ասենք թե՝ ուզում է, որ արդյունաբերությունը զարգանա, մենք ասենք՝ չէ, մենք դե՞մ ենք դրան։



- Դա Աբրահամյանի անձո՞վ է պայմանավորված։



- Մասամբ՝ Աբրահամյանի անձով, մասամբ՝ իրավիճակի գիտակցումով, որ բան է փոխվել, եւ պետք է աշխատել։



- Բայց տնտեսական ցուցանիշները գնալով անկում են ապրում, բյուջեն սուղ բյուջե է եւ այլն, իսկ դուք կողմ եք։



- Բյուջեն խի դա՞ է։ Այ, եթե լիներ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, ես ուրիշ բան կասեի, բայց բյուջեն ի՞նչ ա, բյուջեի կեսը՝ 50%-ը, սոցիալական ծախսերն են, 21%-ը՝ պաշտպանություն, անվտանգություն, 4%-ը՝ դոտացիաներ, եւ ընդամենը 10-11 տոկոսն էկոնոմիկայի մասն է։ Այսինքն, եթե 87.5% բաշխում են ռեսուրսները, ասեմ՝ դե՞մ եմ։ Աշխատավարձ չտա՞ն, թոշակ չտա՞ն։



- Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել է, որ այն կառավարությունը, որն առնվազն 7% տնտեսական աճ չի ապահովի, հրաժարական կտա։ Տիգրան Սարգսյանի կառավարությունը չապահովեց, հրաժարական տվեց, Հովիկ Աբրահամյանը երկու տարի է՝ չի ապահովում, բայց հրաժարական չի տալիս։ Սա նորմա՞լ եք համարում։



- Ուրեմն, էսօրվա Սահմանադրությամբ եւ գործող կարգով, եթե կառավարությունն իր ծրագրերը չի կատարում, օրենքով հրաժարականի մեխանիզմ չկա, թողնված է նախագահի ինստիտուտի կամքին...



- Այսինքն՝ նախագահն ասել է, բայց իր խոսքը չի՞ իրացնում այսօր։



- Չէ, չէ, նախագահն է որոշում դա... էդ 5-7 տոկոսը որ ասել է, կարող է հետո կառավարությունը բերում-դնում է նենց օբյեկտիվ բաներ, որ... հիմա Հովիկ Աբրահամյանը որ դարձավ վարչապետ, բերեց եռամյա ծրագիր, այսինքն՝ Տիգրան Սարգսյանի էն հնգամյա ծրագիրը՝ 2012-2017 թթ., փոխվեց եռամյայով։ Էնտեղ էր 5-7 տոկոս, էստեղ փոխվեց արդեն 4 տոկոս։ Այսինքն՝ հիմա նենց ա, որ օբյեկտիվ պիտի լինես։ Վիճակը վատացել ա, տնտեսությունը քաշից ընկել ա, ասենք՝ պիտի կշռի 85 կգ, կշռում ա 44 կգ, ու էդ 44 կգ-անոց սուբյեկտի հետ չես կարա էն գործողություններն անես, ինչ 85 կգ-անոց սուբյեկտի հետ։



- Այդ քաշից ընկնելու հարցում կառավարությունն ու վարչապետն իրենց մեղքը չունե՞ն։



- Դե, ինչքա՞ն է աշխատում, տարիուկե՞ս։



- Տարիուկեսը քիչ չէ, բայց պարզապես դուք ամեն անգամ ժամանակ եք տալիս...



- Չէ, նայիր, էս տարիուկեսվա ընթացքում մեր մոտեցումները՝ «Բարգավաճի», մեծ մասամբ ընդունել են, անկեղծ լինենք։ Բաներ կան, իհարկե, չեն ընդունել։ Բայց ես չեմ ասում՝ մենակ դրանով է պայմանավորված, տնտեսական միջոցառումները պետք է ամրապնդվեն քաղաքական պարտավորություններով, որոնք պարտադիր են։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ