Թուրքիայի կանխատեսելիության մասին երազելը՝ անիմաստ զբաղմունք

Թուրքիայի կանխատեսելիության մասին երազելը՝ անիմաստ զբաղմունք

Ռուս-թուրքական վերջին հակասությունների ֆոնին մեր շատ քաղաքագետներ թարմացրել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի երբեմնի թեզն այն մասին, որ կառավարելի Թուրքիան մեզ համար ավելի շահեկան է: Այս տեսակետը ծնվեց դեռեւս 2005-ին, երբ Թուրքիան բանակցություններ սկսեց ԵՄ-ի հետ՝ անդամության հարցով: Ավելի ուշ այդ գործընթացն առավել որոշակի դարձավ, եւ Թուրքիան արդեն դասվում է ԵՄ ապագա անդամների շարքը: Իսկ հայ-թուրքական ֆուտբոլի օրերին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է աջակցի Թուրքիային՝ դառնալու ԵՄ անդամ, որովհետեւ ԵՄ անդամ Թուրքիան շատ ավելի լավ ու կանխատեսելի կլինի մեզ համար:



Առաջին հայացքից անմեղ թվացող այս հայտարարությունը, սակայն, իր խորքում անմեղսունակություն է պարունակում եւ հուշում, թե որքան անհեռատես ու անհեռանկար էր թե հայ-թուրքական ֆուտբոլը եւ թե Հայաստանի դեպի Եվրոպա ընթացքը: Այսօր հստակ կարող ենք արձանագրել՝ չկա ոչ մեկը եւ ոչ էլ մյուսը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ԵԱՏՄ անդամ, եւ դրանով այլեւս ամեն ինչ ասված է:



Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին: Եվ դրա դեմ պետք է աշխատել հնարավոր բոլոր միջոցներով: Միամտություն է կարծելը, թե ԵՄ անդամ Թուրքիան առավել կանխատեսելի կլինի, քան այս Թուրքիան, որ, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, պահը բաց չի թողնում տարածաշրջանում իր խաղն առաջ տանելու համար: ԵՄ-ի ոչ մի օրենք Թուրքիային չի ստիպելու չմիջամտել Ղարաբաղի հարցին կամ չհայտարարել, որ ինքն Ադրբեջանի կողքին է եւ այլն: Փոխարենը, երբ Թուրքիան լինի ԵՄ անդամ, մենք կդադարենք պահանջատեր նկատվելուց, որովհետեւ ԵՄ անդամ երկրին պահանջներ ներկայացնելը նույնն է, ինչ ԵՄ-ին ներկայացնես այդ պահանջները: Միեւնույն ժամանակ դա կնշանակի նաեւ Եվրոպայում առանձին երկրների եւ եվրակառույցների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացի ավարտը: Եթե սա մեզ համար լավ է, ապա ո՞րն է վատը:



Մի՞թե այն, որ Թուրքիան, թեկուզ որպես ՆԱՏՕ-ի անդամ, արդեն իսկ մեկուսացվում եւ որոշակի սահմանների մեջ է դրվում տարածաշրջանի երկրների հետ իր հակասությունների պատճառով: Մենք այսօր ականատեսն ենք այն բանի, որ նույնիսկ ՆԱՏՕ-ն եւ Թուրքիայի հիմնական հովանավոր ԱՄՆ-ն են խիստ զգուշավոր պաշտպանում տարածաշրջանում Թուրքիայի ինքնագլուխ որոշումներն ու քայլերը: Բանն այն է, որ Թուրքիայի պատճառով տարածաշրջանում շատ ավելի խորքային հակասություններ են ի հայտ գալիս, եւ այսօր արդեն այնպես չէ, որ Սիրիայի պաշտպանության դիրքերում Ռուսաստանը միայնակ է մնացել: Վաղ թե ուշ այստեղ ձեւավորվելու է երկրների մեկ այլ կոալիցիա, ԱՄՆ ձեւավորած կոալիցիայից տարբեր, եւ ահաբեկչության դեմ տարվող այս կեղծ պայքարը կարող է վերածվել իսկական մսաղացի: Թուրքիային՝ իր տարածքից զորքերը հանելու նոտա է հղել Իրաքը, Ասադն Էրդողանին եւ Թուրքիային հայտարարել է իր երկրի թիվ մեկ թշնամի, Իրանը ոչ մի պայմանով չի ցանկանում լրացնել ռուս-թուրքական հակասությունների պատճառով Թուրքիա ներկրվող էներգակիրների պակասը, հստակ ուրվագծվում է սուննի եւ շիա մահմեդականության հակասությունը: Հատկապես այս վերջինը, եթե գերտերությունները չկարողանան համագործակցության եզրեր գտնել եւ հայտնվեն տարբեր ճամբարներում, կարող է լրջագույն խնդիր դառնալ թե ՆԱՏՕ-ի եւ թե ԱՄՆ-ի համար: Այլ խոսքով՝ այս Թուրքիան, Էրդողանի վարչախմբով հանդերձ, սպառնում է տապալել Արեւմուտքի մերձավորարեւելյան ողջ քաղաքականությունը, ինչն էլ ԱՄՆ-ին թելադրում է զսպաշապիկներ նախապատրաստել այդ երկրի համար: Որպես այդպիսին՝ կարելի է դիտարկել քրդական հարցը, որ կարող է Էրդողանի կայսրության մասնատման սկիզբը դառնալ:



Ասել, թե Հայաստանը թիրախ կդառնա Ռուսաստանի հակառակորդների համար, եւ հայտարարել, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին մեզ համար լավ է, նշանակում է նաեւ նոր հակառակորդներ ձեռք բերել Եվրոպայում՝ ի դեմս այն երկրների, որոնք ուղղակի մերժում են Թուրքիայի անդամակցությունը: Օրինակ՝ Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան:



Հայաստանը վերջապես պետք է կողմնորոշվի այս թոհուբոհում, եւ, մեր կարծիքով, Թուրքիայի համար այս կամ այն կառույցում բարեխոսելը մեր լավագույն կողմնորոշումը չի կարող լինել: Թուրքիայի արտգործնախարարի եւ վարչապետի վերջին այցերը Բաքու, որոնք հետեւեցին ռուսական Су-24 ինքնաթիռի կործանմանն ու դրան ի պատասխան Ռուսաստանի կողմից «Հարավային հոսք» գազամուղի շինարարության դադարեցմանը, հստակ դեմարշ էին Ռուսաստանի դեմ, որով Թուրքիան փորձեց հասկացնել, թե ռուսական խողովակաշարերը կարող է փոխարինել ադրբեջանականով, իսկ Ղարաբաղի հարցում էլ Ադրբեջանի կողքին է: Ռուսաստանի պատասխանը չուշացավ, եւ Բաքվում ու Անկարայում այսօր բոլորը մտախոհ են: Ինչո՞ւ Դավութօղլուի այցին հետեւեցին Կասպից ծովում ադրբեջանական նավթային պլատֆորմի պայթյունն ու մեծ հրդեհը, որին 30 մարդ զոհ գնաց: Չշտապենք միանշանակ հետեւություններ անել, բայց բացառված չէ, որ այդկերպ հեյդարորդուն հասկացրին, թե որը որից հետո է, եւ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա խողովակաշարերն ու այդ գծով հետագա համագործակցությունը, որոնց միանալու կոչ էր արվել նաեւ Հայաստանին (Դավութօղլու), այն կռվանները չեն, որոնցով Թուրքիան կկարողանա իր ներկայությունը հաստատել Հարավային Կովկասում:



Հայաստանն այս օրերին ձեռնպահ է մնում կտրուկ հայտարարություններից: Դա գուցեեւ կարելի է խելացիության նշան համարել, բայց երբ լռում ենք Թուրքիայի այնպիսի արտառոց քայլերի դեպքում, ինչպիսին, օրինակ, Су-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպն էր, առնվազն տարօրինակ է: Ոչինչ չէր պատահի, եթե Հայաստանը դատապարտեր Թուրքիայի այդ քայլը՝ հիշատակելով թուրքական օդուժի սահմանախախտումների դեպքերը, եւ Էրդողանին հասկացներ, որ Հայաստանն էլ իրավունք ունի իր օդային տարածքը պաշտպանել ոտնձգություններից: Ավաղ, Հայաստանը բավարարվեց միայն Պնախարար Սեյրան Օհանյանի խիստ զգուշավոր մի նախադասությամբ, թե պետք է սպասել, մինչեւ անցնի վտանգը: Հասկանալի է՝ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որը կարող է թիրախ դառնալ Թուրքիայի համար, բայց նաեւ պետք չէ մոռանալ, որ այդ ռազմաբազան այստեղ չի բերվել հայ-թուրքական սահմանի վրա օվչարկա ցեղատեսակի շներ բազմացնելու եւ լեռնային արեւայրուք ընդունելու համար:



Ամփոփենք: Թուրքիան երբեք չի եղել կանխատեսելի երկիր եւ չի լինի: Նույնը՝ Ադրբեջանը: Ուստի կարիք չկա անիմաստ խոսակցություններ այն մասին, որ մենք պետք է նպաստենք այդ երկրների կանխատեսելիության ավելացմանը: Տվեք Ադրբեջանին ազատագրված տարածքները, եւ Թուրքիան ու Ադրբեջանը վաղը Սյունիքը կպահանջեն, սիրտները Սեւանի չայ կուզի, հետո՝ Էրիվանի Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան: Սա է այդ երկրների կանխատեսելիության վերջնագիծը:



Հետեւություն Թուրքիային եւ Ադրբեջանին էլ ձեռնտու է Հայաստանի կանխատեսելիությունը՝ ամեն ինչ տալու պատրաստ համավորիկ հարսի կերպարով: