«Անջատեք խոսափողը, այդ հարցն օրակարգի հետ կապ չունի»

«Անջատեք խոսափողը, այդ հարցն օրակարգի հետ կապ չունի»

Բաղրամյան 19-ում ծվարած ՀՀԿ-ականները, մասնավորապես նիստերը վարողները, այնքան հաճախ եւ դեմքերի ինքնագոհ արտահայտությամբ են սկսել չարաշահել իրենց պարտականությունները` շարունակ հրահանգելով՝ «անջատեք խոսափողը», որ այն արդեն զավեշտ է հիշեցնում (բնականաբար` բոլորից շատ այդ «պարգեւը» բաժին է հասնում խիզախ եւ սկզբունքային, առաքինի Զարուհուն): Չդիմանալով գայթակղությանը` փորձեցի պատկերացնել, թե այլ ինչ դրամատիկ իրավիճակներ կարող են ծագել խոսափողի անջատման կամայական դրսեւորումների հետ կապված: Ընթերցողի ներողամտությունն եմ հայցում այս «ստեղծագործությունում» բերված երեւակայական (գոնե` առայժմ) բացասական օրինակների համար: 



Եվ այսպես. պատկերացնենք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է: Պատգամավորները գրանցվում են, քվորում կա, եւ Գալուստ Գրիգորիչը ներկայացնում է օրակարգը.



Գ. Ս. - Հարգելի պատգամավորներ, մեր արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Առաջինը «Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Գլխավոր դատախազության եւ Ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցների աշխատավարձերն ու պարգեւավճարները 150 տոկոսով բարձրացնելու մասին» հարցն է: Օրինագիծը հեղինակել են Հանրապետական խմբակցության պատգամավորներ Կարեն Ավագյանը, Հերմինե Նաղդալյանը, Առաքել Մովսիսյանը, Վարդան Այվազյանը եւ Մհեր Սեդրակյանը: ...Վարման կարգի վերաբերյալ, խնդրեմ:



Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր Շնորհակալություն: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական իշխանագողության խայտառակ հանրաքվեն…



Գ. Ս. - Անջատեք խոսափողը: Այդ հարցն օրակարգի հետ կապ չունի: Իմ եւ Հանրապետական խմբակցության կողմից միայն կասեմ, որ հանրաքվեն ընթացել է ազատ եւ թափանցիկ, եւ միջազգային դիտորդներն էլ «մեկ քայլ առաջ» են գնահատել մեր հանրաքվեի ողջ ընթացքը, ինչպես որ ասված է ռուս եւ ղազախ դիտորդների եզրակացությունում… Վարման կարգի վերաբերյալ:



Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր Շնորհակալություն: Բոլորս գիտենք, որ երկու օր առաջ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նորապաշտոն որդու, եղբոր եւ իր 11 ուղեկիցների հետ դաժան ծեծի է ենթարկել իր ճանապարհին պատահմամբ հայտնված երեք հովվի, որոնցից երկուսը հիվանդանոցի ճանապարհին մահացել են, իսկ երրորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Եվ չնայած Գլխավոր դատախազության այն հաղորդագրությանը, թե մարզպետն ու նրա ուղեկիցները գործել են իրենց իրավունքից բխող անհրաժեշտ ինքնապաշտպանությունից ելնելով...



Գ. Ս. - Անջատեք խոսափողը: Ասեմ, որ խնդրով զբաղվում են իրավապահ մարմինները, եւ դատախազության հաղորդագրությունը, ըստ իս, սպառիչ է եւ արժանահավատ:
Հարգելի գործընկերներ, մեր օրակարգի առաջին հարցին կառավարությունը տվել է դրական եզրակացություն, եւ կառավարության կողմից հարցի զեկուցող է նշանակվել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանը: ...Վարման կարգի վերաբերյալ:



Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, արդեն երկրորդ օրն է, ինչ իր հունից դուրս եկած, բազմաթիվ շինություններ ջրածածկ արած եւ մարդկային կյանքեր խլած սելավատար Գետառը հնարավոր չի լինում չեզոքացնել, վերադարձնել իր հունը: Մայրաքաղաքում ստեղծված այս արտակարգ իրավիճակի մեղավորները...



Գ. Ս. - Անջատեք խոսափողը: Պատգամավորներին խնդրում եմ վարման կարգի վերաբերյալ խոսել միայն օրակարգին առնչվող հարցերից:
Մեր օրակարգի երկրորդ հարցն է «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական, այդ թվում` նախագահական, Ազգային ժողով, կառավարություն, դատարաններ, եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին քաղաքացիների հասցեագրած դիմումներից եւ նամակներից յուրաքանչյուրի դիմաց, որպես պետական տուրքի սահմանում, նվազագույն աշխատավարձի 5 տոկոսի չափով գումար գանձելու մասին» հարցը: Այս օրինագծով զեղչեր նախատեսված չեն: Կառավարության կողմից հարցի զեկուցող է նշանակվել սոցիալական ապահովության նախարարը... Վարման կարգի վերաբերյալ:



Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր Շնորհակալություն: ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ մահափորձ է եղել Սյունիքի մարզպետի դեմ. արձակված կրակոցներից չորսը դիպել են մարզպետի հագին գտնվող կոստյումին, երկուսը դիպել են փողկապին այն ժամանակ, երբ մարզպետն այն ուղղելիս է եղել, եւ նա որեւէ վնասվածք չի ստացել: Կուզեի ճշտել` իրականությանը համապատասխանո՞ւմ են, արդյոք, այն լուրերը, թե Լիսկայի անձեռնմխելիությունը, բացի Սերժ Սարգսյանից եւ ՀՀԿ-ից, ապահովում են նաեւ Անգելա Մերկելը, Օբաման, Պուտինը եւ Հռոմի պապի աղոթքները...



Գ. Ս. - Անջատեք խոսափողը: Խնդրում եմ շոու չսարքել, սա կրկես չի:
Պատգամավորներին հիշեցնեմ նաեւ, որ այս նիստի ավարտից անմիջապես հետո Հանրապետական խմբակցության առաջարկով գումարվելու է եւս մեկ արտահերթ նիստ` «Արտասահմանյան երկրներում աշխատող մեր հայրենակիցների կողմից Հայաստանի Հանրապետություն իրենց հարազատներին փոխանցվող մասնավոր տրանսֆերտների 15-30 տոկոսը (կախված գումարի չափից) պետական բյուջե գանձելու մասին» հարցով: Այս կարեւոր նախագծով մենք, փաստորեն, գործնականում կարգավորում ենք «Արի տուն» ծրագրի «Փոխանցիր գանձարանին» ենթաօրենսդրական դաշտը: Կառավարության կողմից հարցի զեկուցող է նշանակվել սփյուռքի նախարարը: ...Վարման կարգի վերաբերյալ:



Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր Հարգելի գործընկերներ, մինչ մենք այստեղ զբաղված ենք նորանոր գրպանահատությունների օրինաստեղծմամբ, պաշտպանության նախարարությունը տեղեկություն հրապարակեց, թե ադրբեջանական մեծաթիվ ստորաբաժանումներն ու դիվերսիոն խմբերն օդուժի աջակցությամբ զանգվածային կրակ են բացել Հայաստանի սահմանի ողջ երկայնքով եւ փորձում են առաջ շարժվել: Մենք պետք է անհապաղ...



Գ. Ս. - Անջատեք խոսափողը: Նորից եմ խնդրում` խոսեք միայն օրակարգի վերաբերյալ: Այժմ արտահերթ ելույթի իրավունքով ձայնը տրվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:



Էդ. Շ. - Հարգելի գործընկերներ, ճիշտ է` Գետառը մեծ ավերածություններ է գործել, սակայն կխնդրեի առաջնորդվել բացառապես Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով եւ խոսել միայն օրակարգի հարցերից: Բոլորս ենք հասկանում, որ իրավապահների աշխատավարձերը բարձրացնելով` մենք դրանով նրանց մղում ենք ավելի լավ աշխատելու եւ վերացնելու սելավի հետեւանքներն ու գտնելու այս ողբերգության մեղավորներին:



Լրատվամիջոցներում այս երկու օրը, ինչ-որ ուժերի պատվերով, ողջ մեղքը գցում են Երեւանի քաղաքապետարանի վրա, բայց, հարգելիներս, դա անհիմն մեղադրանք է: Երբ մեզ ասում են, թե ինչի եք իրավապահների աշխատավարձերը բարձրացնում 150 տոկոսով, բայց 2016թ.-ից չեք բարձրացնելու թոշակառուների կենսաթոշակները, պարզաբանեմ, որ իրավապահների թիվն ընդամենը մի քանի տասնյակ հազար է, իսկ, ահա, թոշակառուների թիվը` շուրջ կես միլիոն: Կարծում եմ` ակնհայտ է, որ ավելի հեշտ է աջակցություն ցուցաբերել մի քանի տասնյակ հազարին, քան թե կես միլիոնին:



Ուզում եմ նաեւ անդրադառնալ մեր որոշ գործընկերների այն մտահոգությանը, թե նավթադոլարների շնորհիվ Ադրբեջանը մեծ քանակությամբ սպառազինություն է գնում: Նախ` Ռուսաստանը պատժամիջոցներից ֆինանսական վնասներ է կրում, եւ մենք պետք է ըմբռնումով մոտենանք, որ մեր ռազմավարական դաշնակիցն իր վնասները փոխհատուցում է Ադրբեջանին զենքի վաճառքով: Եվ երկրորդ` մասնավոր տրանսֆերտներին վերաբերող այս օրենքը երբ ընդունենք, ապա այդ տրանսֆերտներից բյուջե մտնող 15-30 տոկոսի մի մասը մենք կտրամադրենք մեր զինված ուժերի սպառազինության արդիականացմանը, ինչը կզսպի մեր հարեւանի ախորժակը: Ուրեմն պետք չէ այդքան հոռետես լինել, հարգելի գործընկերներ, եւ վստահ ասում եմ, որ Ադրբեջանը շուտով կզգա մեր այս օրինագծի բացասական ազդեցությունն իր զինված ուժերի վրա: Եվ հենց այս պետականամետ օրինագծերն ու դեկտեմբերի 6-ի օրինակելի հանրաքվեի արդյունքները, «այո»-ի արդար ու մեծ առավելությամբ հաղթանակն են ինձ հիմք տալիս ձեզ բոլորիդ կրկին հիշեցնելու իմ մի քանի անգամ ասած այն խոսքերը, որ Հանրապետականը դեռ մի տասը տարի էլ կմնա իշխանության:



Գ. Ս. - Շնորհակալություն: Կարծում եմ` այս ելույթը սպառիչ պատասխան տվեց բոլոր անհիմն ասեկոսեներին: ...Վարման կարգի վերաբերյալ` Վարդան Այվազյան:



Վ. Ա. - Շնորհակալություն: Էս մեր ընդդիմադիրները որ սենց բողոքում են, ուզում եմ հարցնել` ինչ ա` դուք դե՞մ եք, որ իրավապահների ընտանիքներն իրանց մի քիչ լավ զգան, հա՞: Սաղ օրը սոցիալականից եք խոսում: Կամ որ ասում եք` ո՞նց կարելի ա տրանսֆերտներից տոկոսներ գանձել: Ես ձեզ պատասխանատու ձեւով ասում եմ, որ դսի մեր խոպանչիները հենց լսեն էս օրենքի մասին, շատ կուրախանան ու ավելի լավ կաշխատեն` իմանալով, որ բյուջեին էլ ա փող գնալու: Այ, էս խոսքերս լավ կհիշեք ու վաղը, մյուս օրն էլ կասեք, թե Այվազյան Վարդանն ի՜նչ ճիշտ էր ասում: Էսօրվա դրությամբ ժողովուրդը մեզ ա ընտրել, մենք էլ քթնում ենք, որ աշխատելու էս ձեւն ա ճիշտ: Իսկ հանրաքվեի մոմենտով էլ ասեմ, որ էդ ընդդիմադիրներից շատերը մարդկանց լավ էլ փող էին բաժանում ու բերում տեղամաս, որ «ոչ»-երի թիվը գոյնա մի քիչ շատանա, բայց էդ էլ չօգնեց, ու մեր 800 հազար «այո»-ն արդար «այո» ա: Ոնց որ նախագան մի անգամ ասավ. ինչքան ուզենք` կխփենք…



Գ. Ս. - Անջատեք խոսափողը: Շնորհակալություն, պարոն Այվազյան: Հարգելի ընդդիմադիրներ, փաստորեն, չեք թողնում, որ սկսենք օրակարգի հարցերի քննարկումը, անընդհատ ձայն եք խնդրում: ...Վարման կարգի վերաբերյալ:
(Դահլիճում գոռգոռոցներ են լսվում. «Դե զզվցրիք, էլի, ձեր վարումով, սաղ օրը` վարման կարգ, հա վարման կարգ, կարող ա՞ ձեր պատճառով պտի սաղ օրը ստե մնանք»): Պարոն Մովսիսյան, հանգստացեք: Կուզե՞ք խոսափողը միացնենք: Լավ, որ չեք ուզում` չենք միացնի, բայց մի աղմկեք... Վարման կարգի վերաբերյալ:



Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր - Հայ-թուրքական արձանագրությունները կրկին հայտնվել են մեր խորհրդարանի օրակարգում, ինչ-որ կազմակերպություն իրավունք է ստացել կարմիր գծանշումներից զերծ տարածքներում կանաչ գծեր քաշել, հեռուստաեթերն ամբողջությամբ ողողված է լոտոների գովազդով... Ո՞ր մեկն ասեմ: Հիմա հարցս հետեւյալն է. կառավարությունը 2016թ. առաջին եռամսյակում որոշել է թողարկել 1 միլիարդ 300 մլն. դոլարի նոր եվրապարտատոմսեր, այսպես կոչված` եվրոբոնդեր: Մեր երկրի ահռելի պարտքային բեռն ինչպե՞ս է մարվելու` Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Հանրապետական կուսակցության բյուջեից, որը կրկնակի ավելին է...



Գ. Ս. - Անջատեք խոսափողը: Ըստ Կենտրոնական բանկի` մեր արտաքին պարտքը թույլատրելիի սահմաններում է, եւ դեռ էլի կվերցնենք: Բոլորիդ հորդորում եմ խոսել միայն օրակարգին վերաբերող հարցերից: ...Վարման կարգի վերաբերյալ, միացրեք խոսափողը:



Եվրասիացված Թմբուկ - Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի նոր փառահեղ հաղթանակի` Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու կապակցությամբ, ինչը, անշուշտ, էականորեն կամրապնդի մեր երկրի միջազգային դիրքերը: Սա, հիրավի, մեր նախագահ Սերժ Սարգսյանի հեռատես եւ կշռադատված քաղաքականության արդյունք է: Պարոն Սերժ Սարգսյանի պետական իմաստնության եւ խորաթափանցության եւս մեկ դրսեւորում է այն, որ մեր նախագահը ցավակցական հեռագիր ուղարկեց Պերուի Հանրապետության պրեզիդենտին` այդ երկրի քաղաքներից մեկում կամրջի փլման հետեւանքով երկու մարդու անհետ կորելու կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհավորեց Օմանի Սուլթանության մայրաքաղաքի համալսարանի պրոռեկտորին` ծննդյան 58-ամյակի կապակցությամբ:



Վերադառնալով Շանհայի նվաճմանը` հատուկ ընդգծեմ, որ այս կազմակերպությանն անդամակցելու գլխավոր առավելությունն այդ նոր անդամ երկրների շուկաներ մուտք գործելն է, եւ այժմ մեր ապրանքների առաջ լրիվ բաց են Կամբոջայի 15 մլն.-անոց, Նեպալի 30 մլն.-անոց եւ Ադրբեջանի 7 մլն.-անոց շուկաները: Դրան էլ գումարենք ԵՏՄ-ի 170 մլն.-անոց շուկան, ու տեսեք, թե ի՜նչ հնարավորություններ են բացվում: Խոսքս ուզում եմ ավարտել` ձեզ բոլորիդ հրավիրելով մեկ ամիս հետո տպագրվելիք իմ նոր` «Հայ, կամբոջ եւ նեպալ ժողովուրդների քաղաքակրթական ընդհանուր անցյալն ու միասնական ապագան» վերնագրով գրքի շնորհանդեսին: Շնորհակալություն:



Գ. Ս. - Շնորհակալություն, պարոն Գեղամյան, անպայման կգանք Ձեր գրքի շնորհանդեսին: ...(հոգոց հանելով) Վարման կարգի վերաբերյալ:



Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր - Քանի որ նույնիսկ կեղծիքներով, կաշառքով, ծեծով ու ահաբեկումներով ձեր նոր իշխանազավթումն այլեւս հնարավոր չէր, դրա համար դուք իրականացրիք «Սահմանադրական բարեփոխումներ» անվանումով օպերացիան: Անգամ Ռուսաստանի եւ Ադրբեջանի պես բռնապետություններում երկփուլ ընտրություններ չկան: «ՀՀԿ-ն` հավետ իշխանություն» ձեր մոդուլը վաղ թե ուշ միայն մեկ ավարտ կարող է ունենալ` «ՀՀԿ-ն` հավետ բանտերում»...



Գ. Ս. - Անջատեք խոսափողը: ՀՀԿ-ն վաղուց է ապացուցել, թե ինչքան արդյունավետ է կառավարում: Եվ ինձ մի ստիպեք կիրառել կանոնակարգ-օրենքի 45-րդ հոդվածը: Այլեւս ձայն չեմ տալու, անցնում ենք օրակարգի քննարկմանը: Լավ, վերջին անգամ: ...Վարման կարգի վերաբերյալ:



Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր - Կրեմլի սապոգի տակ ձեր «արդյունավետ» կառավարումը բացառապես համապատասխանում է ՀՀԿ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին: Այժմ` հարցս: Ըստ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած վերջնագրի` առաջիկա ամիսներին հայկական զինուժը պետք է դուրս գա ԼՂՀ սահմանադրապատկան, իսկ ձեր տեսանկյունից` ազատագրված տարածքներից, եւ շփման գոտում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր, այդ թվում` թուրքական 500 հոգանոց զորախումբ: Ձեր արտգործնախարարությունը հայտարարում է, թե Հայաստանը շուտով կսկսի դուրս բերել իր զինուժն ազատագրված տարածքներից... Հանուն իշխանության պահպանման` դուք արդեն գործնականում եք սկսել հայկական տարածքները վաճառել...



Գ. Ս. - Անջատեք խոսափողը: Մադրիդյան սկզբունքները նպաստավոր են մեզ համար, եւ այդ տարածքները վաղ թե ուշ մենք պետք է հանձնեինք Ադրբեջանին: Թուրքական զորախումբն էլ իրականացնելու է միջազգային խաղաղապահ առաքելություն, եւ այդտեղ որեւէ վտանգ չեմ տեսնում: Անցնենք օրակարգին: Լավ, սա իրոք վերջինն է, այլեւս թող ոչ ոք ձայն չխնդրի: ...Վարման կարգի վերաբերյալ:



Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր - Պարզապես տեղեկացնեմ ձեր իշխանությանը, որ Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված ՀՀԿ կենտրոնական գրասենյակն այս պահին ամբողջությամբ հրդեհվում է, եւ տասնյակ հազարավոր մարդիկ լուռ հավաքվում են Ազատության հրապարակում…



Գ. Ս. - ԱՆՋԱՏԵՔ ԽՈՍԱՓՈՂԸ, ԱՅԴ ՀԱՐՑՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ:



ՀԳ. Պարզաբանեմ, թե ինչու օգտագործեցի «Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր» արտահայտությունը: ՀՀԿ-իզմը, այսինքն` Լեռնային Արցախի Հանրապետության տարածքների հանձնմանը համաձայնելը, սերունդներին պարտքերի տակ ճզմելն ու Հայաստանի հայաթափումը, համատարած անպատժելիությունն ու ցինիզմը, համակարգային կոռուպցիան, մարդասպանությունն ու ահաբեկումները, իշխանագողությունն ու գրպանահատությունը, լիսկայությունն ու շմայսությունը մեծագույն չարիք եւ մահացու վիրուս են մեր անկախության եւ քաղաքակրթության համար: Եվ այսօրվա կարեւորագույն գերխնդիրը ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՀՀԿ-Ի ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄՆ Է: Ահա թե ինչու տարանջատեցի` «ՀՀԿ» եւ «Ոչ ՀՀԿ-ական»:



Իսկ առհասարակ` այս ծանրագույն իրավիճակի եւ հայկական լուսաբեր արժեհամակարգի պղծման համար իրենց մեղքի մեծ բաժինն ունեն ՀՀԿ-ի կոալիցիոներ դաշնակիցները` մինչ օրս իրենց հանցավոր անցյալին գնահատական չտված եւ չմեղանչած, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախընտրական ողջ ընթացքը եւ բուն հանրաքվեի արդյունքները հիմնիվեր կեղծած այդ ԲՀԿ-ները, ՀՅԴ-ները, ՕԵԿ-ները...



Արամ ԵՆՈՔՅԱՆ