Հանրաքվեի սթրեսը ժողովրդի միջից հանելու քայլեր են պետք

Հանրաքվեի սթրեսը ժողովրդի միջից հանելու քայլեր են պետք

Կարծում եմ՝ ժամանակն է այս ԱԺ-ն ցրելու: Մտահոգությանս պատճառը 2017 թվականի բյուջեի հետ է կապված: Եթե այս խորհրդարանը ձգվի մինչեւ 2016 թվականի տարեվերջ, ապա կհաջողացնի ծափահարությունների ներքո եւս մեկ անիմաստ բյուջե ընդունել, որն ստիպված կլինի կատարել արդեն այն կառավարությունը, որը կձեւավորվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններով։ Իսկ այդ կառավարությունը, չմոռանանք, ձեւավորվելու եւ գործելու է բոլորովին նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգում:



Այսինքն՝ ճիշտ չէ օրվա մենիշխան ՀՀԿ-ի սարքած փաստաթուղթը փաթաթել մի կառավարության վզին, որ ձեւավորվելու է այլ մեխանիզմներով եւ այլ իրավիճակներում գործելու համար: Ինչ-որ պահի մենք պետք է անցումային փուլ ունենանք, այլապես սպասել, որ Սերժ Սարգսյանը մինչեւ վերջին վայրկյանը նստի իր աթոռին, ճիշտ չէ: Կարծում եմ՝ մենք պետք է այդ ժամանակամիջոցը մի փոքր կրճատենք, որպեսզի հետո չհայտնվենք ցայտնոտի մեջ ու չկարողանանք 2017 թվականի ընտրություններից հետո հասկանալ՝ տակավին նախագահ Սերժ Սարգսյա՞նն է իր ճաշակին համեմատ կառավարություն ձեւավորելու, թե՞ նորընտիր խորհրդարանը:



Առաջ բերելով խորհրդարանական ընտրությունները եւ նոր կառավարություն կազմելով՝ մենք կկրճատենք նաեւ Հովիկ Աբրահամյանի անճարակ կառավարության գործունեության ժամկետը: Ինչքան շուտ ազատվենք այս կառավարությունից, այնքան լավ: Բացի այդ, մենք պետք է կամաց-կամաց սովորենք նաեւ կառավարության հաճախակի փոփոխություններին, ինչը խորհրդարանական կառավարման համակարգում սովորական երեւույթ է: Ով չաշխատեց՝ դուրս է հրավիրվելու, եւ այնպես էլ չէ, որ խորհրդարանական մեծամասնությունը շահագրգռված է լինելու չաշխատող նախարարին կամ նախարարներին ատամներով պահել: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ խորհրդարանական ընտրությունների առաջաձգումը վերջ կդնի կառավարությունից ԱԺ բերված ամեն ախմախություն ծափերով ընդունելու սովորությանը:



Վերջին հանրաքվեի պատճառած սթրեսը ժողովրդի միջից հանելու համար քայլեր պետք է արվեն, եւ որքան շուտ՝ այնքան լավ: Սերժ Սարգսյանը պարտավոր է այս կարճ ժամանակամիջոցում հանրության մեջ կարծիք ձեւավորել, որ ժողովրդի կյանքում, գուցե ինչ-որ տեղ նաեւ ժողովրդի կամքից անկախ, նորմալ բան է տեղի ունեցել: Ժողովրդի աչքից ինչքան շուտ հեռանան այսօրվա անտանելի դեմքերը, այնքան լավ թե ժողովրդի եւ թե երկրի համար: Պատահական բան չեմ ասում: Նույնիսկ Հրանտ Բագրատյանն է նկատել, որ բոլորը՝ իշխանավորներից մինչեւ ընդդիմադիր գործիչներ, արդեն բոբո են դարձել ժողովրդի աչքում: Վերարտադրությունը թե մեկ եւ թե մյուս ճամբարում վաղուց սպանել է բոլոր առաջավոր գաղափարները, մտքի արտագաղթ է, չորացած ուղեղներն արդեն սպառնում են անկախության քառորդդարյա պատմություն ունեցող երկրի անվտանգությանը: Սրբել է պետք դաշտը եւ գործընթացը պետք է սկսել կուսակցական ցուցակները զտելուց՝ այդ ցուցակներում կյանքի «տոռմուզներ» չներգրավելու հստակ պահանջով: Կառավարման համակարգում մեզ հզոր, պրոֆեսիոնալ կադրեր են պետք, մարդիկ, ովքեր կկարողանան անհրաժեշտության դեպքում շատ ավելի լավ ու շահեկան պայմաններ ստեղծել երկրի զարգացման համար թե այստեղ՝ երկրի ներսում եւ թե բոլոր այն միություններում, որոնց անդամակցում է Հայաստանը:



Մեր մասին օտարներն ասում են, որ կենսունակ ժողովուրդ ենք: Հաճելի է, իհարկե, բայց երբ մի ժողովուրդ իր երկրում պայքարում է, որպեսզի հաստատի իր կենսունակությունը, դա արդեն խայտառակություն է: Անկախություն ունեցող ժողովուրդների խնդիրներն այլ պետք է լինեն, զարգացումը պետք է լինի, քաղաքակիրթ աշխարհում իր տեղն ու դերը ապահովելը պետք է լինի, մարդկության ստեղծած արժեքներին նոր արժեքներ ավելացնելը պետք է լինի: Այլապես կարելի է սեփական անկախության ձեռքն էլ կրակն ընկնել: Մենք այսօր անկախություն ունեցող ժողովուրդների օրակարգից կիլոմետրերով հետ ենք մնացել: Ինչի՞ մասին է խոսում, օրինակ, այն փաստը, որ, Սահմանադրության նախագիծը սեղանին դրած, ամբողջ ազգով փորձում էինք եւ դեռ փորձում ենք կռահել, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանն իր ժամկետն սպառելուց հետո: Ինչ ուզում է՝ թող անի: Իր նախորդներն ի՞նչ են արել, որ ինքն ինչ անի: Շատ-շատ` պետք է գնա ԱԺ ընտրություններում հաղթելու: Դուք էլ գնացեք: Պայքարը նոր է սկսվում: