Փոխեցինք, մնաց՝ փոխվենք

Փոխեցինք, մնաց՝ փոխվենք

Գալուստ Սահակյանի սերունդը դժվար էլ թե փոխվի: Գեներալ Մանվելն էլ չի փոխվի, Շմայսն էլ, Սուրիկն էլ, ոչ էլ նույնիսկ Հովիկ Աբրահամյանը: Մինիստրներն ու նրանց տեղակալները, գուցե փոխվեն, բայց միայն արտաքուստ: Վերջիններս նույնիսկ եղանակի հետ են փոխվում: Բայց խոսքն այդ փոխվելու մասին չէ: Խոսքը նոր Սահմանադրությանը եւ նոր կարգին հարմարվելու մասին է: Վստահաբար՝ շատերը կաշեփոխ կլինեն: Հիշո՞ւմ եք Գորբաչովի ժամանակները, երբ հանկարծ բոլորը խոսեցին վերակառուցման մասին: Այդպես էլ ոչ ոք չվերակառուցվեց, իսկ արդյունքում ԽՍՀՄ-ը քանդվեց, որովհետեւ կեղծ վերակառուցվածները մնացին իրենց տեղերում:



Նույնը կարող է մեզ հետ տեղի ունենալ, եթե երկրի ղեկավարությունը Սահմանադրությունը փոխելուց հետո համարի իր գործն ավարտված: Մինչդեռ արվել է մի գործ, որ այսօր արդեն շարունակություն է ենթադրում: Արդեն այսօր պետք է ցրել այս խորհրդարանը: Ինչո՞ւ են պահում: Մի՞թե մտածում են այս խորհրդարանով Ընտրական օրենսգիրք բարեփոխել: Չի ստացվի: Պիտի լղոզված մի բան գրեն եւ 2017-ին մեզ կրկին կանգնեցնեն խաբեության գերժամանակակից մեքենայի առաջ: Եթե չցրեն այս ԱԺ-ն, ապա Ընտրական օրենսգիրք են փոխելու այն նույն մարդիկ, որոնք այսքան տարի բարելավում ու բարելավում են մեր օրենսդրությունը, բայց դրանից երկրում ոչինչ չի բարելավվում, եթե չասենք՝ ավելի է վատանում:



ՀՀԿ-ն ասում է՝ մենք անթերի չենք, բայց մենք աշխատում ենք վերացնել թերությունները: Սուտ է: Եթե այդպես լիներ, Հայաստանում գոնե մի բնագավառ կլիներ, որտեղ թերությունները մինիմումի հասցված կլինեին: Մինչդեռ ամենուր խայտառակ վիճակ է, իսկ ողջ օրենսդրության մեջ չկա մի կետ, որ ասես՝ սա մարդու համար է եւ ոչ թե մարդու դեմ: Միայն այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում ոչ ոք չգիտի, թե տնտեսության մեջ քանի տոկոս է կազմում ստվերը, արդեն բավական է պնդելու համար, որ Հայաստանը կոռուպցիայի մեջ թաղված երկիր է: Այսպես է աշխատում ՀՀԿ-ն:



Այս իրավիճակը կկարողանա շտկել միայն նոր վարչապետը, որ կընտրվի նոր Սահմանադրությանը համահունչ, այսինքն՝ ոչ ձեւական կամ ոչ միատարր քաղաքական մեծամասնության քվոտայով եւ ինչ-որ չափով նաեւ ընդդիմության հավանությամբ: Չմոռանանք, որ կառավարման գործում ընդդիմությունն էլ պետք է ներգրավված լինի, եւ վարչապետը, ուզի թե չուզի, պետք է համագործակցի նաեւ ընդդիմության հետ:



Բնականաբար, ԱԺ նոր ընտությունները պետք է անցկացվեն համամասնական ցուցակներով: Այստեղ մենք մի առաջարկ ունենք: Որպեսզի այդ ցուցակները չկազմվեն կուսակցապետերի քիմքին հաճո մարդկանցով, առաջարկում եմ ստեղծել ավագների խորհուրդ՝ կազմված հանրությանը հայտնի եւ ընդունելի դեմքերից, որոնք կուսակցությունների ցուցակները նախապես կքննարկեն դրանց ղեկավարների հետ: Սա նորություն չէ: Փորձը կա հարեւան Իրանում, որի խորհրդարանում հնարավոր չէ անկապ պատգամավոր գտնել: Սա շատ կարեւոր է մեր ապագա խորհրդարանի համար նաեւ այն առումով, որ այդ խորհրդարանն է ամբողջությամբ ձեւավորելու կառավարությունը, որը հաշվետու է լինելու իրեն: Այդ կառավարությունը պետք է աշխատող լինի, բանիմաց լինի, նորարար լինի, հավակնոտ լինի: Կարծում եմ՝ ավագների խորհուրդն իր ուղղորդումներով միայն ու միայն դրական ազդեցություն կունենա: Համաձայն չե՞ք, որ ինչքան քիչ օլիգարխ, զոռբա, անգրագետ, իդիոտ, սողուն, քամելեոն ընդգրկվի այդ ցուցակներում, այնքան որակյալ խորհրդարան կունենանք թե մեծամասնության եւ թե ընդդիմության առումով: Մեր առաջարկն ամենեւին էլ հակաժողովրդավարական չէ: Ցուցակների հարցում վերջին խոսքը, իհարկե, կուսակցություններին է պատկանում, բայց, ինչպես ասում են, երկու խելքն ավելի լավ է, քան մեկը:



Ցրելով այս խորհրդարանը՝ Սերժ Սարգսյանը մեկընդմիշտ կփակի այն շահարկումների ճանապարհը, որ ինքն ուզում է վարչապետ դառնալ: Միեւնույն ժամանակ, քանի դեռ նա կկատարի նախագահի գործառույթները, կկարողանա սահուն կերպով նորընտիր վարչապետին փոխանցել կառավարման լծակները, իսկ դրան զուգահեռ էլ՝ հստակեցնել ՀՀ հաջորդ նախագահի տեղն ու դիրքն ապագա քաղաքական կառույցում:



Շատ գործ կա անելու նաեւ ընտրական պրոցեսի առողջացման ուղղությամբ: Ոչ մի օլիգարխ չպետք է հույս փայփայի, որ իր փողերով է ձեւավորվելու վաղվա իշխանությունը, հետեւաբար եւ հաշվետու է լինելու իրեն, աչք է փակելու ստվերի վրա: Դատարանները պետք է անկախանան, եւ ոչ մի դատավոր չպետք է մտավախություն ունենա, որ իրեն կազատեն աշխատանքից, եթե ոչ իշխանահաճո որոշում կայացնի:



Կարճ՝ փոխել ենք, ու հիմա հերթը մերն է փոխվելու: Կշարունակե՞նք գործը, լավ, չե՞նք շարունակի… Կլասիկն ասում է՝ դեկտեմբերի 6-ին այդքան աղմուկ հանեցինք, ընդդիմությանը վրաներս խոսել տվեցինք, Մուկուչյանին լրացուցիչ անգամ անհարմար դրության մեջ դրեցինք, որ ի՞նչ անենք: