Ինչ ցանես, այն կհնձես

Ինչ ցանես, այն կհնձես

Ջղաձիգ ու նյարդային եղավ 2016-ի սկիզբը։ Անհանդուրժողականություն, սուր ու ծայրահեղ հասարակական արձագանքներ, ծաղր ու քննադատություն, ատելություն եւ չարություն։ Մի նախարարի ոտք կոտրելու փաստը մերժելի խնդության ու բուռն հրճվանքի առիթ դարձավ, մի պատգամավորի անտակտ գրառումը՝ կնոջը հայհոյելու եւ անարգանքի սյունին գամելու։ Երկրի նախագահի ամանորյա ելույթի ոչ թե բովանդակության, այլ նրա ֆիզիկական տեսքի վրա սեւեռվեցին։ Ռուսական եկեղեցու առաջնորդի անզգույշ արտահայտությունից վրդովվեցին ու զայրացան։ Բայց հասարակությանը պետք չէ մեղադրել․ այդ անհանդուրժողականության, ատելության ու մերժումի մթնոլորտը ձեւավորողն իշխանությունն է։



Երբ ոտքը կոտրող նախարարը ժամանակին էկրանից ծաղրում ու վիրավորում էր հասարակությանը, երբ նրա հարազատ կուսակցությունը հայտարարում էր, որ դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյանով, հավանաբար, չէր էլ կարծում, որ դա բումերանգ է, որը մի օր վերադառնալու է իրեն։



Երբ ոստիկանները մարդկանց արգելում էին Ազատության հրապարակում տոնածառ դնել, իսկ տեղադրողին կալանավորում էին, պետք է հասկանային, որ վաղը մարդիկ փողոցում ոստիկան տեսնելիս հիշելու են բռնության այդ անհասկանալի դեպքը։ Եվ ոչ միայն այդ, այլ նաեւ այն, որ շարքային մարդկանց շահերը պաշտպանելիս, գողերին, հանցագործներին բռնելիս-կանխելիս ոստիկանները նման ջերմեռանդություն չեն դրսեւորում, որքան ակտիվիստների դեմ պայքարում։ Եվ ոստիկաններ-հասարակություն հակամարտությունը հենց այս դեպքերի պատճառով է սրվում։ Ինչպես սրվում են պատգամավորներ-հասարակություն, կառավարություն-հասարակություն հարաբերությունները։ Ինչպես մեծանում է խզումը հասարակ քաղաքացու եւ իշխանության մեջ գտնվողի միջեւ։