Ժամանակն է հասկանալու` ԵՄ-ն եւ ԵՏՄ-ն հակամարտող բեւեռներ են

Ժամանակն է հասկանալու` ԵՄ-ն եւ ԵՏՄ-ն հակամարտող բեւեռներ են

Հայաստանի եվրոպականացումը որպես ստերիլ գործընթաց պատկերացնող մեր քաղաքական այրերը կրկին արթնացել ու աջուձախ հարցազրույցներ են տալիս այն մասին, որ Հայաստանն այս անգամ իրավունք չունի ձեռքից բաց թողնելու ԵՄ-ի հետ Շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, իսկ ԵՄ-ն էլ իր հերթին պետք է հաշվի առնի նախընթաց իրադարձությունները եւ, հաշվի չառնելով, որ Հայաստանն այլեւս ԵՏՄ անդամ է, արհեստականորեն չդանդաղեցնի Հայաստանի եվրաասոցացման գործընթացը:



Մեզ հետաքրքիր է, թե այսկերպ մտածողները, օրինակ` ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի եվրաասոցացումը Մոսկվայում նստած Տիգրան Սարգսյանի քավորությամբ եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությամբ: Դեռ մյուս խանգարիչ հանգամանքների մասին էլ չենք խոսում` 102-րդ ռազմաբազա, Ղարաբաղի պատերազմ, ռուսական զենքով կռվող բանակ, ոչնչացված տնտեսություն, ռուսական սեփականություն հանդիսացող գազամուղ, մազից կախված էներգահամակարգ եւ այլն: Եթե մենք ունենայինք ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած Ղրիմ կամ մի ուրիշ բան, կասեինք` թքած, թողնենք Ռուսաստանին, միայն թե Եվրոպա մտնենք Ուկրաինայի կամ Վրաստանի օրինակով: Բայց մենք չունենք ոչինչ, ու մեր ունեցածն էլ վաղուց մեջ-մեջ արված է, եւ ոչ ոք, այդ թվում եւ Եվրոպան, մեզ ոչինչ չեն խոստանում:



Պարոն Քոքոբելյանն սպառնում է Եվրոպային. «ԵՄ պատասխանատու այրերը կարծում եմ, որ լուրջ հետեւություններ են արել այն առումով, որ չպետք է դանդաղեցվի ՀՀ-ի հետ համագործակցության ընթացքը՝ միայն հիմքում ունենալով ԵՏՄ-ն, քանի որ այդկերպ Հայաստանին ավելի շատ կմղեն դեպի ԵՏՄ»: Ի՞նչ է նշանակում` ավելի շատ մղել դեպի ԵՏՄ: Սրանից այն կողմ էլ ո՞ւր մղեն Հայաստանին: Սրանից այն կողմ վերջանում է ԵՏՄ-ն, եւ սկսվում են մոնղոլական անապատները:



Այս մարդկանց, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների կարծիքով, 2015-ի հաջողություններից մեկն էլ այն է, որ Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո հնարավորություն ունեցավ Եվրոպական միության հետ պայմանագիր կնքելու պայմանավորվածություն ձեռք բերել: Դա ի՞նչ է տալու մեզ: Մի՞թե Ռուսաստանը խելոք հետեւելու է, թե ինչպես են ԵՄ պատասխանատու այրերն իր ձեռքից վերցնում Անդրկովկասը, ինչպես է ՆԱՏՕ-ն առաջ տալիս իր հրթիռները, ինչպես են թուրք զինվորները ռուսական ինքնաթիռ խփում արդեն Հայաստանի օդային տարածքում: Մենք գիտեինք, որ մտածողության հարցում «Ազատ դեմոկրատներից» ավելի ազատ մտածողներ չկան, բայց ճի՞շտ է, արդյոք, լինել այնքան ազատ, որ մի գլուխ պնդեն` Հայաստանը Եվրոպա է եւ վերջ: Քոքոբելյանի տրամաբանությամբ եւ տեմպերով` մենք Եվրոպայից ու Փարիզից էլ ավելի Եվրոպա կարող ենք դառնալ, եթե ԵՏՄ-ն շատ համը հանի:



Մյուս կողմից էլ Քոքոբելյանը նկատում է, որ Ռուսաստանն էլ իր հերթին է փորձում սրբագրումներ կատարել ԵՄ եւ ընդհանրապես Արեւմուտքի հետ իր հարաբերություններում: Սա նշանակում է մեկ բան` որ մենք հաջողություններ կունենանք միայն այն դեպքում, երբ կարգավորվեն Ռուսաստան-Արեւմուտք կամ ԵՏՄ-ԵՄ հարաբերությունները, որից հետ ԵՏՄ-ի գոյությունը, որպես ԵՄ օրենքների հետ հակասության մեջ գտնվող կառույց, դառնա ավելորդ: Եթե դա մի հրաշքով տեղի ունենա 2016-ին, եւ Ռուսաստանն ինքը առաջին քայլերն անի եվրոպականացման ճանապարհին, ապա, այո, հնարավոր է, որ այդ ուղղությամբ մեր նախորդ ձեռքբերումները որոշակի դերակատարություն ունենան: Բայց քանի դեռ ջերմություն չի նկատվի ուժային երկու բեւեռների` Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, Հայաստանն ընդամենը կռվախնձոր կլինի, ուրիշ ոչինչ:



Մտածել, որ ՀՀ դիվանագիտության շնորհիվ ԵՄ-ն կրկին հետաքրքրվեց Հայաստանով` մեծագույն մոլորություն է: Բանն այն է, որ Արեւմուտքի առաջխաղացման գործընթացն է հասել Հայաստան, եւ ոչ թե Հայաստանն է գնացել դեպի Արեւմուտք: Ամեն ինչ շատ պարզ է: Արեւմուտքին զանազան համաձայնագրերով չի հաջողվում Սիրիայի հարցում իր կողմը գրավել Իրանին, Ռուսաստանը մտադիր չէ Սիրիայից դուրս բերել օդուժը, Սիրիայի արեւմտամետ ընդդիմությունը թույլ է եւ ոչ մի շանս չունի հաղթելու ընտրություններում: Եվ այս իրավիճակում ԵՄ-ն հանկարծ հետաքրքրություն է հանդես բերում Հայաստանի նկատմամբ եւ Լեհաստանի դեսպանի շուրթերով շշնջում Հայաստանի ականջին, որ եվրոպական ներդրումներին խանգարում է Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը: Իրոք հետաքրքիր է, բայց, միեւնույն ժամանակ, շատ պարզունակ քայլ ԵՄ կողմից:



Փառք Աստծո, որ Քոքոբելյանը ԵՏՄ-ն համարում է քաղաքական խմբավորում: Դա նշանակում է, որ նա հեռու չէ Հայաստանի եվրաասոցացումը քաղաքական գործընթաց, իսկ ԵՄ-ԵՏՄ հակամարտությունը քաղաքական հակամարտություն համարելուց: Ի՞նչ լուծում ունի այդ հակամարտությունը: Մենք ունենք առայժմ միայն Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակները, եւ նույնիսկ այդ երկրների դեպքում լուծումը, կարծես, դեռ չի երեւում: Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել լուծումը Հայաստանում: Ազատդեմոկրատական մտածողությունը հուշում է` կարելի է ավելի բարձր բղավել` Հայաստանը Եվրոպա է, եւ հարցը կլուծվի: Բայց, ցավոք, քաղաքականության մեջ այդպես չի լինում:



Եվրոպա դառնալու հարցում Հայաստանին արտաքին հանգամանքներից զատ քիչ չեն խոչընդոտում նաեւ ներքին խնդիրները: Ներսում մենք լրիվ ասիացի ենք` այդ բառի միայն բացասական իմաստով: Դրա ամենավառ վկայություններից մեկն էլ հայտնի սեպտեմբերի 3-ն է, երբ մենք ապացուցեցինք, որ կարող ենք ոտքով հարվածել եւ շրջել տարիներով հազիվ լցված կաթի դույլը: Դրա վկայությունն են իրավապահ մարմինների կողմից հարուցված հարյուրավոր քրեական գործերը` ընտրակեղծիքների դեպքերով, դրա վկայությունն են ստվերային տնտեսությունը, մենաշնորհները, բյուջեն անողոքաբար մսխելու բազում օրինակները, օլիգարխների այս աննախադեպ առատությունը, ԱԺ-ում եւ կառավարությունում վեր ընկած չորացած ուղեղներին հարություն տալու անպտուղ ջանքերը: Այս մթնոլորտում ի՞նչ եվրոպական ներդրումների մասին է խոսքը: Այս մթնոլորտում նույնիսկ տեղացի միլիարդատերերը ներդրում չեն անում, ուր մնաց եվրոպացիներն անեն, այն էլ անշահախնդիր` միայն մեր սիրուն աչքերի համար:
Եվ, ուրեմն, պետք է մտածել` ինչո՞ւ Եվրոպան հանկարծ հետաքրքրվեց մեզնով` իմանալով հանդերձ, որ մենք վաղուց ԵՏՄ պարկի ամենախորքում ենք գտնվում: