«Նոր Հայաստանը» հունվարի 22-ից վերսկսում է քննարկումները

«Նոր Հայաստանը» հունվարի 22-ից վերսկսում է քննարկումները

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես և խոստացել էր, մեկնել է արտասահման և հանդիպումներ է ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ և ներկայացնում Հայաստանում տիրող իրավիճակը: Այժմ «Ժառանգության» ղեկավարը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այդ մասին hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլ պատասխանատու Վարուժան Ավետիսյանը. «Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա արտասահմանում է, այնտեղ հանդիպումներ ունենում է և դեռ ունենալու է համայնքի ներկայացուցիչների և այլոց, արտաքին գործընկերների հետ: Անդամագրվելու խնդիր մենք չենք լուծում, մենք կուսակցություն չենք և անդամագրում չունենք»:



Ինչ մնում է «Նոր Հայաստանի» գործունեությանը, ապա տեղեկանում ենք, որ հունվարի 22-ից փրկության ճակատն իր համակիրների հետ միասին սկսելու է հանդիպում-քննարկումները Ազատության հրապարակում. «Մեր հանդիպումներն ամեն օր էինք անում, հետո այս Ամանորի տոների հետ կապված ճեպազրույց-ասուլիսներին դադար տվեցինք, հունվարի 22-ից հանդիպումները և հրապարակային քննարկումները շարունակվելու են»:



Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո չի հեռանում Ազատության հրապարակից: Ամանորին էլ բախումներ էր տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև: Պատճառն էլ եղել է տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստը: Գևորգ Սաֆարյանի դեմ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով, ըստ պաշտոնական տեղեկատվության Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստներն էլ իրենց հերթին պնդում են, որ ոստիկաններն են բռնություն կիրառել: