2015թ հայ բարձրաստիճան պաշտոնյաների մտքի «թռիչքները»

2015թ հայ բարձրաստիճան պաշտոնյաների մտքի «թռիչքները»

2015թ հայ քաղաքական միտքը համալրվեց նոր «գոհարներով», որոնք դարձել են թեւավոր խոսք ու դեռ երկար կհիշվեն հայ հասարակության մեջ: Եվ այսպես՝ «Իյա՜, իրոք»: Նախագահը Սերժ Սարգսյանը ծիծաղելով հեռացավ, երբ Հայոց Բանակի կազմավորման 23-ամյակի առթիվ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն ու նրան հիշեցրին, որ ինքը բանակի Գերագույն հրամանատարն է ու հարցրին՝ ինչո՞վ եք պայմանավորում վերջին շրջանում Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ կեցվածքը եւ դիվերսիոն գործողությունների հաճախականությունը: Սերժ Սարգսյանը անակնկալի բերեց լրագրողներին՝ «Իյա՜, իրոք» ու ասաց, թե այդ հարցերը պետք է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարին:



«Մեկ երկու անգամ ասենք՝ հետո մի հատ էլ բամփենք»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ելույթով գերազանցեց անգամ Սերժ Սարգսյանին. «Այն մարդիկ ովքեր մեկ, երկու, երեք, անգամ ասելով չեն ընկալում, ուրեմն մի քանի անգամ կասենք, մի հատ էլ կբամփենք»: Ի դեպ, այդպես էլ վարչապետի բամփելու գործընթացը չիրականացավ եւ մի քանի անգամ ասելուց հետո, ձեռքն այդպես էլ օդում մնաց:



«Ցմահ կլինի մահապատիժը». Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին հաղթել չի լինի այս հարցում, նրա ցանկացած խոսք կլոր տարի քննարկման առարկա է դառնում: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի հոգեհանգստին Գալուստ Սահակյանն էր միայն ներկա՝ ԱԺ աշխատակազմի ուղեկցությամբ ու հենց այստեղ էլ նա կարդաց ռուս ոճրագործ Պերմյակովի դատավճիռը. «Բացահայտված դեպք է, ես կարծում եմ ցմահ կլինի մահապատիժը»:



«Առավոտյան 20.00-ին մինչեւ 13:000»: Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին կիսաքուն-կիսարթուն ասուլիս տվեց, ամեն ինչ իրար խառնեց. նույնիսկ տարրական բաներ, օրինակ այս մեկը.«Առավոտյան 20:00-ից փակ կլինեն մի քանի փողոցներ…Մուտքը հուշահամալիր կսկսվի 13:000-ից….»: Փոխոստիկանապետ չբավարարվեց մեկ «թեւավոր խոսքով», հաջորդ «բոցը» բողոքող տաքսիստներին արած առաջարկն է՝ թանկացնել ուղևորավարձը՝ 600-ից դարձնել 1500 դրամ:



Սամվել Ալեքսանյանի 500 եվրոն ու բնամթերքը: Լրագրողների ձեռքը կրակն ընկած ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի օր որոշեց իր գլխի ճարը տեսնել ու ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը հարցազրույց է տալու միայն 500 եվրոյի դիմաց: Մարդը որոշել էր թանկ վաճառել իր մտքի գոհարները, բայց տեսնելով՝ գնորդ չկա համաձայնեց նաեւ բնամթերոքով:



ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) հերթական գլուխգործոցը դեռ երկար կհիշվի, նա խոստացել էր «գլխատել ու բռնաբարել» բոլորին, ովքեր կհամարձակվեն բացասաբար արտահայտվել Սեյրան Օհանյանի մասին: «Իրենք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետքա անպայման ճարվի եւ գլխատվի: Կոչ եմ անում վերընգնեն իրանց տեղը, որ բռնեցի հաստատ իրանք բռնաբարվելու են»:



Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանի «Սթափվեք» կոչով կարծես բոլորը սթափվեցին եւ դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացավ արդար թափանցիկ հանրաքե, որի արդյունքում քննչական կոմիտեն 56 քրեական գործ հարուցեց:



Գեներալ Մանվելը Արփինե Հովհաննիսյանի մասին. «Ինչքան լավա, որ երիտասարդ աղջիկը նախարարա: Իրոք դա շատ լավա մեր երկրի համար, մեր կանանց, մեր քույրերի,մեր բոլորի հըմար: Տեսեք, որ դուք էլ կարող եք լինել: Որ էս երկիրը ձերնա: Իրա պապերը, քեռիները չեն բրդել- բերել: Ինքն իրանով էդ աղջիկն իրոք դարձելա…»:



Երբ հոսանքի թանկացման գործընթաց էր սկսվել ու ակտիվիստները առաջարկել էին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին «տոկի տալ», գեներալ պատգամավոր Սեդրակ Սարոյանը չդիմացավ. «Ինչի Երվանդ նորվա տոկի տվածն ա՞: Էտի միամիտ խփված ձուկ ա: Ի՞նչ ասես»: Չմոռանանք մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանին, ով չունգա-չանգա ոճի մեջ էր: Հիշարժան էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի պատկերացումները կարտոֆիլի մասին «Կարտոֆիլն էլ աղջկա պես է, առաջին ուզողին տվեք»:



Նելլի Կարապետյան