Պատվիրակության կազմում պետք է լինեն փոփոխություններ. Հովհաննես Իգիթյան

Պատվիրակության կազմում պետք է լինեն փոփոխություններ. Հովհաննես Իգիթյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքի իր էջում տարածել է ԵԼՔ լրատվական-վերլուծական կայքի հայտարարությունը՝ հետեւյալ վերտառությամբ. «Միացեք ստորագրահավաքին` ընդդեմ ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցների»։



Հայտարարությամբ կոչ է արվում Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում բնակվող մեր հայրենակիցներին անցնել նյութում առկա հղումով եւ միանալ ստորագրահավաքին՝ ընդդեմ հակահայկական զեկույցի։ Անհրաժեշտ է լրացնել անուն, ազգանուն, էլ. հասցե, երկիր, քաղաք բաժինները եւ հաստատել։
«ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ընդառաջ, որի օրակարգում երկու հակահայկական զեկույց կա, կազմակերպվել է ստորագրահավաք: Յուրաքանչյուր անձ կարող է միանալ ստորագրահավաքին և այդպիսով իր աջակցությունը ցուցաբերել ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը: Հետևյալ հղումով անցնելիս կարելի է ոչ միայն ստորագրել, այլև ծանոթանալ զեկույցների անօրինականությանն ու կողմնակալությանը»,- նշված է հայտարարության մեջ։



ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը մեր զրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ նման քայլերը կարեւոր են, բայց՝ ոչ առաջնային։
«Բնական է, որ ոչ մի հայ կողմ չի լինի հակահայ զեկույցներին եւ կարող է մասնակցել ստորագրահավաքին»,- ասաց մեր զրուցակիցը։



Հովհաննես Իգիթյանը, սակայն, էական է համարում ԵԽԽՎ-ում կազմակերպվող աշխատանքը, գործընկերների համար հասկանալի լինելը։



«Պետք է հասկանալի լինես քո գործընկերների համար՝ որպես անձ, որպես քաղաքական գործիչ, որը ծրագիր ունի, այդ ամենը պետք է կարողանաս ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն եւ եվրոպական չափանիշներով»,- ասում է ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավարը։ Նա առաջարկում է, որ ԵԽԽՎ այն պատվիրակները, որոնք չեն կարող իրենց գործընկերների հետ ԵԽԽՎ-ում արդյունավետ աշխատել, հրաժարվեն եւ մեղքը չգցեն խավիարային դիվանագիտության վրա։



«Այսօրվա ԱԺ 131 պատգամավորների մեջ էլ կգտնվեն դիվանագիտական փորձ ունեցող եւ անգլերենին սահուն տիրապետող պատգամավորներ։ Թող Հանրապետական կուսակցությունը չվախենա եւ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար ընտրի ամենեւին էլ ոչ իշխող մեծամասնությունից։ Կարեւորը դիվանագիտական փորձ ունենալն է, իսկ այդպիսի պատգամավորներ կան ԱԺ-ում»,-ասում է Հովհաննես Իգիթյանը։ Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ ՀՀԿ-ն վերջին շրջանում ավելի շատ զբաղված էր սահմանադրական հանրաքվեով, քան՝ հակահայ բանաձեւերով։ Նա կարծում է, որ պետք չէ հուսահատվել, եւ նույնիսկ հակահայ բանաձեւերի՝ օրակարգ մտնելուց հետո էլ պետք է աշխատանք իրականացնել։