Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը. ՀՀ վարչապետ

Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը. ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:



Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը: Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»:



Այնուհետև վարչապետն, անդրադառնալով փետրվարի 2-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում ներկայացվել են Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքներում հայտնաբերված խախտումները, ընդգծել է, որ իր համար անընդունելի են դրանց վերաբերյալ հնչեցրած անհիմն արդարացումները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ այդ հարցերը քննարկել մարզպետների հետ, և խախտում թույլ տված պաշտոնյաներին ազատել իրենց զբաղեցրած պաշտոններից: Հովիկ Աբրահամյանն ընդունելի է համարել Վերահսկիչ պալատի խորհրդի՝ մարզպետարանների բոլոր սոցիալական ծառայություններում ստուգումներ իրականացնելու որոշումը: Վարչապետ Աբրահամյանը շեշտել է նաև, որ ինչպես բոլոր, այդպես էլ այս ոլորտում անհրաժեշտ է ապահովել անաչառություն և արդարություն:



Նիսում առանձին քննարկման առարկա են դարձել դիզվառելիքի և բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները, Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ ԵՏՄ շրջանակում փոխըմբռնման հուշագիրը, տնտեսվարող մի շարք ընկերությունների աջակցություն ցուցաբերելու ընթացակարգը, հողօգտագործողներին սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների մատակարարումը, անօթևան մարդկանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները, մի շարք այլ հարցեր:



Կառավարությունը նախկինում ընդունած մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ՝ ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության լիարժեք իրացումը ապահովելու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով: Նախ, առաջարկվող փոփոխությունները նախատեսում են գործադրել մեխանիզմը, որով ձերբակալված և կալանավորված անձինք կկարողանան տեսակցել ոչ միայն իր պաշտպանի, այլև պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ: Ընդ որում՝ թե՛ պաշտպանի, թե՛ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ տեսակցությունները կարող են տեղի ունենալ նաև ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին: Հաջորդ կարևոր քայլը վերաբերում է պաշտպանի կամ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի՝ քրեակատարողական հիմնարկ առանց քննիչի ուղեկցության մուտք գործելուն, քանի որ այսուհետ վերջիններս քրեակատարողական հիմնարկ մուտք գործել կկարողանան քննիչի՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ուղղված հավաստագրի հիման վրա:



Ընդունվել են նաև մի շարք նոր որոշումներ: Մասնավորապես, Կառավարության որոշմամբ առաջարկվում է ընդունել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մարգարա խճուղի թիվ 12 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 5.5601 հա մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը՝ ֆուտբոլի ակադեմիա կառուցելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ֆեդերացիան պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 մլն դրամի ներդրում: