Պուտինի կոլապսի դեպքում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի օլիգարխներին կդարձնի ամենաարեւմտամետ ուժը. Աղասի Ենոքյան

Պուտինի կոլապսի դեպքում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի օլիգարխներին կդարձնի ամենաարեւմտամետ ուժը. Աղասի Ենոքյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:



-Ի՞նչ հնարավոր քաղաքական զարգացումներ են սպասվում ԱԺ ապագա ընտրություններին ընդառաջ:



-ԱԺ ընտրություններին ընդառաջ ամենահետաքրքիր քաղաքական զարգացումները Հայաստանում կապված կլինեն ընդդիմության ձեւավորման հետ: Այժմ մենք ունենք մի քանի քաղաքական ուժեր, որոնք հավակնում են ընդդիմություն կոչվելու: Առաջին հերթին դա ՀԱԿ-ն է, որը ընդդիմություն էր համարվում նախորդ ընտրությունների ժամանակ եւ կփորձի պաշտպանել իր դիրքը:



Ընդդիմություն կոչվելու լուրջ հավակնություններ ունեն նաեւ Ազատության հրապարակի այսօրվա տերերը՝ «Նոր Հայաստանը», «Ժառանգությունը» եւ նրանց հետ հանրահավաք անցկացնող քաղաքական ուժերը: ՀԱԿ-ի պասիվության պարագայում նրանք շատ հարմար տեղավորվել են հրապարակում, եւ չնայած պնդումներին, թե իրենք չեն ընդունում ընտրական եւ այլ պրոցեսները, կարծում եմ, երբ գա ժամանակը, հրապարակի ընդդիմությունը հարմար ձեւ կգտնի մտնելու պայքարի մեջ:
Ընդդիմության մյուս հավակնորդներն են այսօր խորհրդարանում գործող ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն, ում Սերժ Սարգսյանը չի ցանկանում մտցնել իշխանական կոալիցիա: Թե իշխանության հետ բանակցություններում նրանցից ում կհաջողվի նվաճել ընդդիմություն կոչվելու իրավունքը՝ ցույց կտա ժամանակը:



Իհարկե, չպետք է հաշվից դուրս գցել նոր ձեւավորված քաղաքական ուժերին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ալյանս» եւ այլն, որոնք նույնպես հայտ են ներկայացրել ընդդիմություն կոչվելու:



Վերջերս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նույնպես հայտարարեց ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին: Կարծում եմ, այս կուսակցությունների եւ խմբերի աշխատանքից, իրար հետ եւ իշխանությունների բանակցությունների միջոցով կձեւավորվի խորհրդարանում ընդդիմությունը:



Իհարկե, այս ներքաղաքական զարգացումները կարող են էապես ազդվել Ռուսաստանի քաղաքական պրոցեսներից, որտեղ այդ ժամանակահատվածի համար հնարավոր է ամեն ինչ՝ ներկա իրավիճակի սառեցումից մինչեւ կատարյալ կոլապս:



-Ո՞ր քաղաքական ուժերը կարող են տեղ գտնել ապագա ԱԺ-ում:



-Ընդդիմության մասին արդեն խոսեցի, իսկ իշխանական ուժերը սկզբնական շրջանում ներկայացված կլիենե ՀՀԿ-ով եւ ՀՅԴ-ով: Իհարկե, ՀՀԿ-ն մենակ կունենա որակյալ մեծամասնությունը, որպեսզի անհրաժեշտ պահին ազատվի ՀՅԴ-ի բեռից:



-Արդյոք Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ ձերբազատվել օլիգարխներից;



-Սերժ Սարգսյանը չի էլ փորձի ձերբազատվել օլիգարխներից: Հաջորդ խորհրդարանը կլինի ավելի օլիգարխիկ՝ այդպես եւ ավելի էժան կլինի ՀՀԿ համար ընտրություններ անցկացնելը, եւ ավելի դյուրին կլինի տնտեսության վրա ազդեցություն ունենալը եւ բյուջեից անթաքույց օգտվելը:



-ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ տեսակարար կշիռ կունենան արեւմտամետ ուժերը ապագա ԱԺ-ում:



-Չի բացառվում, որ խորհրդարանում ներկայացված լինեն որոշ ուժեր, որոնք այժմ արեւմտամետ կեցվածք ունեն, օրինակ՝ «Ազատ դեմոկրատները», կամ «Հանրապետությունը»: Սակայն չեմ բացառում նաեւ այն տարբերակը, որ Սերժ Սարգսյանը այդպիսի ուժեր չներառի, որպեսզի Պուտինի կոլապսի դեպքում ՀՀԿ-ի օլիգարխներին մի գիշերում դարձնի ամենաարեւմտամետ ուժը:



Թագուհի Հակոբյան