Րաֆֆի Հովհաննիսյան՝ անկանխատեսելի և ոչ ադեկվատ

Րաֆֆի Հովհաննիսյան՝ անկանխատեսելի և ոչ ադեկվատ

Այսօր, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական բրիֆինգի օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը քաղաքական գործընթացների ընկալման լուրջ դժվարություններ ունի:



Զարմանալ կարելի է, թե ինչպես է նա կարողանում մի կողմից մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը «համազգային և հակազգային» հարվածների օր հայտարարել, իսկ մյուս կողմից սպառնալ, որ եթե շատ մարդ հավաքվի՝ իրենք կգնան անհնազանդության գործողությունների:



Իսկ ի՞նչ անեն այն ուժերը, որոնք մարտի 1-ը և հոկտեմբերի 27-ը համարում են «համազգային և հակազգային» հարված, բայց չեն ուզում այդ հարվածներից մեկի, դիցուք՝ մարտի 1-ի զոհերի հիշատակը շահարկել և, օգտվելով մարդկանց ներկայությունից, անհնազանդության գործողություններ հրահրել:



Իսկ հիմա, ենթադրենք, Րաֆֆի Հովհաննիսյանն անցնում է մի սուպերմարկետի մոտով, որտեղ նարնջի ակցիա է, և շատ մարդ է հավաքվել: Ինչ պետք է անի՝ անհնազանդության գործողություննե՞ր հրահրի:



Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից մենք նաև հասկացանք, թե ինչու մյուս ուժերը դժվարություն ունեն մարտի 1-ին գալու Ազատության հրապարակ: Այնտեղ է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանը, ահա թե ինչու: Մեկ էլ տեսար, հավաքված մարդկանց կոչ արեց՝ գնալ և մարտի 1-ին ծաղիկ դնել ոչ թե Մյասնիկյանի արձանի մոտ, այլ ՀՀԿ գրասենյակի: Ո՞վ իմանա, թե ինչ կանի Րաֆֆին: