Հոգու հանգստության համար են արել

Հոգու հանգստության համար են արել

ՀԺԱՄ կուսակցությունն անցյալ տարի, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, մեծ համագումար արեց եւ հայտարարեց, որ իրենք կողմ են նոր Սահմանադրությանը եւ դրա անցկացման հարցում աջակցելու են իշխանություններին։ Միաժամանակ հայտարարեցին, որ դա նշանակություն չունի՝ իրենք ընդդիմադիր կուսակցություն են, թե իշխանության կազմում։ Դե ֆակտո նրանց գործունեությունը, սակայն, մի քիչ այլ բան է հուշում։ Երեկ ՀԺԱՄ վարչության նախկին ղեկավար, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ անդամ եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բայց հոգով-սրտով ՀԺԱՄ-ի հետ կապված Վահրամ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչով նպաստեց ՀԺԱՄ-ը նոր Սահմանադրության անցկացմանը, ինչով նրանք աջակցեցին իշխանություններին հանրաքվեին կամ, այսպես ասած, ի՞նչ ծառայություն մատուցեցին ՀՀԿ-ին։



Վահրամ Մկրտչյանը թեպետ «ծառայություն մատուցել» արտահայտության մեջ մի փոքր խայթոց տեսավ, բայց չնեղացավ մեզանից։ «Ասեմ հետեւյալը․ 1995 թվականից մենք, ՀԺԱՄ-ի մեր թիմակիցներով, երբ դեռ ԱԺՄ-ում էինք, ունեցել ենք պառլամենտարիզմի մասին յուրօրինակ մոտեցում»,-ասաց նա՝ հիշեցնելով իրենց վերլուծության մասին, ըստ որի՝ աշխարհի 100 նորանկախ երկրներից նրանք, որոնք պառլամենտարիզմի ուղով են ընթացել, կարողացել են հասնել դեմոկրատիա կառուցելուն։ Ու քանի որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը նախաձեռնել էր նման բան, ՀԺԱՄ-ը, ըստ նախկին ՀԺԱՄ-ականի, չէր կարող ձեռնպահ մնալ այդ գործընթացից։ «Այստեղ ծառայության հարց չկա, ՀՀԿ-ին աջակցելու հարց չկա։ Իսկ ո՞նց ենք մենք աջակցել հենց Սահմանադրության փոփոխության գործընթացին։ ՀԺԱՄ-ում գոնե մեկ հազարին հասնող ակտիվ մարդ կա, եւ նրանք տարբեր շրջաններում իրենց ընտանիքներով գնացել եւ «այո» են քվեարկել»,-ասաց նա։



- Դա ի՞նչ գնահատանքի է արժանացել իշխանությունների կողմից։



- Իշխանություններն էստեղ կապ չունեն, էդ մեր հոգու հանգստության համար է եղել։



- Պարոն Մկրտչյան, ճիշտ է, Ձեր նախկին հարազատ կուսակցությունն այս պահին խորհրդարանական ուժ չէ, այսինքն՝ կոալիցիա չէիք կարող կազմել, բայց ասում են՝ ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի կոալիցիան հենց սահմանադրական փոփոխություններին աջակցելու գինն էր։ ՀԺԱՄ-ը որեւէ ակնկալիք ունի՞ այս առումով գոնե հաջորդ խորհրդարանական ընտրությունների հարցում։



- Որքան ես գիտեմ, ՀԺԱՄ-ը հիմա ակտիվ վերակազմավորման, նոր կառույցներ ձեւավորելու, իր տեսակետները, քաղաքական դիրքորոշումները հստակեցնելու փուլ է ապրում, եւ իրենք ցանկություն ունեն 2017 թվականի ընտրություններին մասնակցել։ Ինչ ձեւաչափով՝ դեռ չեմ կարող, որովհետեւ դա բառացիորեն իրենց գործն է, ես, ուղղակի, որպես իրենց հետ կապ ունեցող բանիմաց մարդ, ասում եմ, որ մոտեցումը հետեւյալն է՝ իրենք կմասնակցեն ընտրություններին, հիմա որոշակի դաշինքներով, թե մենակ, դա կախված կլինի այդ պահի դրությամբ իրենց հնարավորություններից։



- Տեսեք, խոսվում է, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը երկարաժամկետ բնույթ է կրելու, այսինքն՝ դա կշարունակվի նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո։ Հնարավո՞ր է դա խոչընդոտ հանդիսանա ՀԺԱՄ-ի եւ նմանատիպ այլ ուժերի համար, որ ՀՀԿ-ի հետ դաշինքի տեղն արդեն զբաղեցված լինի, եւ ՀՀԿ-ն սահմանափակվի միայն Դաշնակցության հետ դաշինքով։



- Դե, այնպես չէ, որ կոալիցիաները կստեղծվեն միայն Հանրապետականի եւ Դաշնակցության միջեւ կամ դրանց շուրջ։ Տասնյակ կուսակցություններ կան, որոնք որոշակի քաշ ունեն քաղաքական դաշտում, եւ կարող է ՀԺԱՄ-ի ճակատագիրն էլ այնպես լինի, որ ինքն այլ տիրույթներում կարողանա կոալիցիա ձեւավորել։



- Տրամաբանորեն, եթե ՀԺԱՄ-ն այլ տիրույթում կոալիցիա ձեւավորի եւ անցնի խորհրդարան, իսկ ՀՀԿ-ՀՅԴ ալյանսը նորից իշխանություն լինի, ՀԺԱՄ-ը կհայտնվի ընդդիմադիր դաշտում, մինչդեռ ՀԺԱՄ-ը հայտնի է պրոիշխանական հայացքներով։



- ՀԺԱՄ-ն այսօր էլ հայտարարել է, որ ինքն ընդդիմություն է, եւ վերջին համաժողովի ժամանակ իրենք հայտարարեցին, որ գործում են ընդդիմության տիրույթում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ