Եթե ԵԽԽՎ բանաձևով առաջնորդվենք, մենք այսօր մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունենք

Եթե ԵԽԽՎ բանաձևով առաջնորդվենք, մենք այսօր մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունենք

Կարո՞ղ եք ասել՝ Հայաստանում անկախությունից ի վեր քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ՝ ներառյալ ՀՀՇ-ի իշխանության շրջանը, Ռոբերտ Քոչարյանի և այսօրվա իշխանությունների օրոք։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հարցն ուղղեցինք ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին։



«Նախ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ առհասարակ քաղբանտարկյալ հասկացության մեջ մոտեցումներ կան, և եթե մենք հիմնարար ազատություններով ու այն կոնվենցիաներով առաջնորդվենք, որ ամրագրված են ԵԽԽՎ-ում, ապա պետք է փաստենք, որ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ ՀՀ-ում կան, որովհետև յուրաքանչյուր անհամաձայնություն, անհանդուժողականություն և մոտեցումների տարաձայնություն այդ նույն բնաձևերում ներկայացվում է և գնահատական է տրվում որպես քաղաքական բանտարկյալներ։ Էս պահի դրությամբ ես՝ ինքս, զերծ կմնամ նման գնահատականներ տալուց, որովհետև մոտեցումները կարող են լինել տարբեր՝ տարբեր իրավական փաստաթղթերի առումով»,-Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Վահե Էնֆիաջյանը։



Անդրադառնալով Վարդգես Գասպարիի դեպքին՝ ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ իրենց գործընկեր Էլինար Վարդանյանը նախաձեռնել է ստորագրահավաք, որտեղ մասնավորապես ներկայացված է միջնորդություն, որպեսզի խափանման միջոցը փոխվեր․ «Մենք համակարծիք ենք և գտնում ենք, որ խափանման միջոցը իրոք որ պետք է փոխվի։ Անձամբ ես և մեր խմբակցության գործընկերները, կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս միացել են այդ ստորագրահավաքին»։



-Ես ճի՞շտ հասկացա, որ թեկուզ իրավական փաստաթղթերով գուցե չկան այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ, բայց Ձեր պատկերացմամբ՝ հնարավոր է լինեն քաղբանտարկյալներ, այսինքն՝ մարդիկ, ովքեր հավակնում են այդ կարգավիճակին։ Ասացեք նաև, 90-ականներին դաշնակցականները նու՞յնպես քաղբանտարկյալ են եղել, երբ ճաղերի հետևում էին։



-Էդ Ձեր նույն ասած տրամաբանությամբ կարելի է ավելի հետ գնալ, խորհրդային տարիներ հասնել ու ասել՝ այդ տարիներին Հայաստանում կամ առհասարակ, Խորհրդային միությունում եղե՞կ են քաղաքական բանտարկյալներ․․․ ես Ձեզ էլի եմ ասում, ներկա ժամանակահատվածում, եթե հղում ենք անում իրավական փաստաթղթերին, այ հենց էսօրվա դրությամբ մենք մեր հանրապետությունում, եթե ԵԽԽՎ բանաձևով առաջնորդվենք, մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունենք։ Իսկ եթե մենք այլ բանաձևերով կամ այլ իրավական հարթության մեջ ենք նայում, կարող ենք ասել, որ նույն կերպ՝ չունենք։ Ինքս ձեռնպահ կմնամ այս ձևակերպումներից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ