Պաշտպանության նախարարը ամեն օր պատրաստվում է պատերազմի

Պաշտպանության նախարարը ամեն օր պատրաստվում է պատերազմի

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր գնացել էր Գիտությունների Ազգային ակադեմիա, գիտնականների հետ «փոխհամագործակցության» հարցեր քննարկելու։ Հանդիպումը կազմակերպել էր ակադեմիան՝ հրավիրելով նաև լրագրողների։ Բայց ՊՆ պաշտոնյաները գալուն պես հայտարարեցին, որ հանդիպման միայն առաջին մասն է բաց լինելու։ Երկրորդ մասը, որի ընթացքում գիտնականները հարցեր էին տալիս նախարարին, գաղտնի էր, քանի  որ, ինչպես արտահայտվեց Օհանյանի մամուլի խոսնակը, «կարող է ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ պարունակել»։ Այլ կերպ ասած, միայն փոխադարձ ռեվերանսներն էին լուսաբանման ենթակա, մեկ էլ Սեյրան Օհանյանի ձանձրալի դասախոսությունը այն մասին, թե ինչ լավն է մեր բանակը և ինչքան շատ գործ է այս տարիների ընթացքում արվել։ Ելույթն այնքան ձանձրալի Փի-ԱՌ ակցիա էր, որ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մի պահ նիրհեց։ Նիրհը նրա պախարակելի չէր, ինչպես ԱԺ պատգամավորների քունը խորհրդարանում, որը լրագրողները երբեմն ֆիքսում են։ Ռադիկ Մարտիրոսյանի նիրհը միանգամայն օբյեկտիվ էր և ընկալելի։ «Գաղտնի» մասից հասցրեցինք ֆիքսել երկու հարց։ Ի պատասխան ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի հարցին, թե ինչ կանխատեսում ունի պատերազմի վերսկսման հետ կապված, նախարարն ասաց․ «Պաշտպանության նախարարությունը ամեն օր է պատրաստվում պատերազմի, և ես այդ պատրաստվածությունը գլխավոր շտաբի պետի և նրա ենթակա բոլոր կառույցների կողմից տարվող աշխատանքն եմ տեսնում, բայց ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային և միջազգային զարգացումներն այսօր չեն խոսում նրա մասին, որ կարող են  լայնամաշտաբ մարտական գործողություններ ծավալվել և պատերազմ սկսվել, որովհետև մենք ամեն ինչ անում ենք ազգային և միջազգային երաշքիների ձրավորմամբ զսպելու այդ բոլոր ընկրկումները, այդ բոլոր նպատակները։ Բայց եթե լինեն մարտական գործողություններ, ինչ արած, անկասկած պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»։ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը հարցրեց, թե ինչ կանխատեսումներ ունի նախարարը, հնարավոր է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարումը բերի ռազմական գործողությունների, որոնք ծավալվեն մեր տարածքում։  Ըստ Սեյրան Օհանյանի, այսօր ՌԴ-ի հետ համակարգված գործողությունների արդյունքում մեր տարածաշրջանի անվտանգությունը պահպանվում է, սակայն, «եթե այդպես լինի, ապա մենք համապատասխան պլանավորումներ ունենք, որոնցում համապատասխան ճշտումներն իրականացնում ենք։ Դա կատարվում է ոչ միայն այսօրվա առօրյա ուժերով, այլև համապատասխան ծավալով, համապատասխան ռեզերվների ստեղծման ուղղությամբ, համակարգային գործունեության արդյունքում։ Այդ աշխատանքի մեծ մասը միտված է, որպեսզի մենք զերծ պահենք մեր տարածաշրջանը վտանգներից»։ 



Սյուզան Սիմոնյան