Բդեշխների դեմ դժվար է լինելու պայքարել, բայց պետք է փորձել

Բդեշխների դեմ դժվար է լինելու պայքարել, բայց պետք է փորձել

Արարատն այն մարզն է, որտեղ տարածքի համար մշտապես «պատերազմներ» են մղվել տարբեր տրամաչափի պաշտոնյաների միջեւ՝ գյուղապետ-մարզպետներից սկսած, մինչեւ ոստիկանապետ ու ՀՀ վարչապետ։ Բարձրաստիճան պաշտոնյաներով հայտնի մարզում յուրաքանչյուրը ցանկացել է իր գերիշխանությունը հաստատել՝ համայնքների ղեկավար պաշտոնները տալով յուրայիններին։ Կարճ ասած, Արարատը հայտնի է հեղինակություններով՝ Աբրահամյանների, Գրիգորյանների, Սարգսյանների դինաստիայով, հաջորդ մրցապայքարն էլ նախեւառաջ լինելու է դիրքերի ամրապնդման, ուժի ցուցադրության հնարավորություն, համամասնականի ռեյտինգային քվեարկությունն էլ՝ «լյուստրացիա», որը կբացահայտի բոլորի «իրական կշիռը», թե ում ռեյտինգն է ամենաբարձրը, ով ինչքան ձայն կբերի կուսակցությանը։ 



Հետեւաբար, համաձայն տեղեկությունների, ընդդիմադիրներն առանձնապես ակտիվություն չեն դրսեւորելու այս ընտրատարածքում։ 2012-ին Արարատի 3 ընտրատարածքում այսպիսի պատկեր է գրանցվել։ Թիվ 16 ընտրատարածքը համեմատաբար չեզոքն է, այն ընդգրկում է Մասիս քաղաքն ու հարակից գյուղերը, որոնք չեն համարվում ոչ Աբրահամյանների, ոչ Գրիգորյանների տերիտորիա։ ՀՀԿ-ի կողմից այստեղ առաջադրվել էր Մուրադ Մուրադյանը՝ բնապահպանության նախկին նախարարը, որը 29 հազար 508 ձայն հավաքեց, ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը` 18 հազար 268, ՀԱԿ թեկնածու Գեւորգ Գեւորգյանը` 1 275 ձայն: Արտաշատն ու հարակից համայնքներն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքից մանդատ ստացավ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռնուհի Կարինե Պողոսյանը՝ 27 հազար 868 ձայնով։ Անհայտ ուսուցչուհին, շնորհիվ հզոր հովանավորյալի, «ջախջախիչ» առավելության հասավ մրցակիցների նկատմամբ, այն պարագայում, երբ նրանց թվում էր այդ ժամանակների բարեգործության սիմվոլ՝ Ժողովրդական կուսակցության թեկնածու Տիգրան Կարապետյանը, որին վստահության քվե տվեց ընդամենը 7 հազար 175 ձայն։ ՀՅԴ-ն այստեղ նույնպես ներկայացված էր՝ ի դեմս Մանվել Հայրապետյանի, որը 4 հազար 500 ձայն ստացավ, ՀԱԿ-ից Գագիկ Ներսիսյանը` 2 հազար 374։ Պատկերը գրեթե նույնն է Արարատի շրջանն ամփոփող թիվ 18-ում, 32 հազար 140 ձայն ստացել է անկուսակցական Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի գինու, օղիների գործարանի սեփականատերը, որը Սերժ Սարգսյանի մտերիմն է, եւ ենթադրվում է, որ հաջորդ ընտրություններին եւս կհանգրվանի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում։ Նրա հետ իրենց ուժերն էին փորձում ՀԱԿ-ից Ռազմիկ Թեւանյանը՝ Երասխի գինու, կոնյակի գործարանի սեփականատերը, որը գրեթե երեք անգամ պակաս ձայն հավաքեց՝ 13 հազար 125, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանի օգտին էլ 3 հազար 887 հոգի քվեարկեց։



Ծնունդով Արարատից են նաեւ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ստեփանյանը, Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, նախկին պատգամավորներ Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, Մանվել Ղազարյանը՝ «Վեդի Ալկոյի» սեփականատերը, ինչպես նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որը, ըստ լուրերի, «Ազատ դեմոկրատների» եւ մյուս լիբերալների հետ դաշինքով կմասնակցի 2017-ի ընտրություններին։ Իսկ «Վեդի Ալկոյի» Մանվել Ղազարյանը, որոշ տեղեկություններով, այլեւս մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն․ նա այդ մասին անկեղծացել է մտերիմների շրջանում։ Մինչդեռ չի բացառվում, որ Գրիգոր Գրիգորյանը կմտնի ԲՀԿ ցուցակ․ նա վերջերս ԲՀԿ-ի խնջույքի պատվավոր հյուրերի շարքում է եղել։ Հիշեցնենք, որ 2014-ին նա մանդատից հրաժարվեց «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ, մինչդեռ լուրեր կային, որ նրան ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանն է պարտադրել նման քայլի գնալ, քանի որ պարզվել է, որ Շերիֆը մարզում մատը մատին չի խփում, կուսակցական աշխատանք չի տանում, ինչի վկայությունն էլ 2013-ի նոյեմբերին Արարատի տապալված ընտրություններն էին։



Փետրվարյան դեպքերից հետո ԲՀԿ-ից դուրս եկած Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, երեկ մեզ հետ զրույցում իր քաղաքական պլանների ու գալիք ընտրություններին մասնակցության վերաբերյալ ասաց, որ ապագայում պարզ կդառնա։ «Ժամանակը կգա՝ կիմանաք»։ Սակայն վստահաբար պնդեց, որ ԲՀԿ-ի հետ այլեւս երբեք ճանապարհ չի անցնի։ «Եթե ես իմանամ, որ ԲՀԿ-ից 200 տոկոսով պատգամավոր կդառնամ, հաստատ չեմ մտնի այդ ցուցակ»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ինչու։



Տեղեկություններ կան, որ Ռազմիկ Թեւանյանը հիմա հետաքրքրված է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ եւ ներկա է գտնվել Վեդիում կուսակցության կազմակերպած հավաքին։ Խոսվում է նաեւ, որ Խաչատուր Քոքոբելյանն էլ է մտադիր Թեւանյանին կուսակցության ռեյտինգային ցուցակում ներգրավել։ Թեւանյանն անձամբ հրաժարվեց նման հարցերի պատասխանել։ «Ես կհրաժարվեմ պայքարել, երբ իշխանությունը կորոշի ճիշտ մտածել, իրենց խոսքն ու գործը համակցված եղավ, այն ժամանակ ես չեմ խառնվի ընտրական գործընթացներին, բայց եթե ոնց կա հիմա, ու նորից շարունակեն, հաստատ նորից խառնվելու եմ, եթե ուզենան, մեկ օրում էլ բան կփոխեն»,- ասաց Ռազմիկ Թեւանյանը, կրկին չգաղտնազերծելով՝ ՀԱԿ-ի՞, թե՞ այլ կուսակցության ցուցակում է իրեն պատկերացնում։ «Ես կարող եմ հայտնվել ցանկացած ուժի ցուցակում, ով դեմ է այս իշխանություններին»,- ասաց նա ու խնդրեց ավարտել զրույցը՝ հիվանդանոցում լինելու պատճառաբանությամբ։



Տիգրան Կարապետյանին էլ հարցրինք առաջիկա պլանների, մասնավորապես, Արարատում ուժերը նորից փորձելու հավանականության մասին։ Կարապետիչն ասաց, որ դեռ մտածում է ընտրական գործընթացներին մասնակցել-չմասնակցելու մասին, նա գիտակցում է, որ իր ղեկավարած ԺԿ-ն միայնակ մասնակցելու շանս չունի։



«Համենայնդեպս, երեւի մասնակցենք Ժիրայր Սեֆիլյանի հետ»,- ասաց նա, պարզաբանելով, որ այդ հարցով ինքն անձամբ որեւէ ուժի, քաղաքական գործչի հետ դեռեւս հանդիպում-քննարկում չի ունեցել։ Սակայն «Նոր Հայաստան» շարժման նախաձեռնողներից Սեֆիլյանը բազմիցս է հայտարարել, որ մերժում են ընտրությունները։ Կարապետյանն արձագանքեց. «Համենայնդեպս, դաշինքներ կլինեն, հիմա դեռ քննարկում են։ «Ժառանգության» հետ դաշինք ես երբեք չեմ կազմի, բայց տեսնենք, թե ոնց կդասավորվեն ուժերը»։ Կարապետյանը չբացառեց, որ հնարավոր է ինքը մեկ անգամ էլ որեւէ դաշինքում ռեյտինգային ցուցակով ուժերը փորձի Արարատում. «Այնտեղ շատ կուսակիցներ ունենք, բայց դե՝ բդեշխների հետ, իհարկե, դժվար է լինելու, ինչպես նախորդ անգամ»։