Նույնիսկ եթե վերադառնամ, ոչ այս իշխանությունների օրոք. Արտակ Խաչատրյան

Նույնիսկ եթե վերադառնամ, ոչ այս իշխանությունների օրոք. Արտակ Խաչատրյան

ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, ով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություների դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից էր, արդեն երկար ժամանակ է, ինչ հեռացել է Հայաստանից: Մինչ Հայաստանից հեռանալը, 2015 թվականի հունվարի 7-ին երիտասարդ ակտիվիստին դիմակավորված անձինք առևանգել էին և դաժան ծեծի ենթարկել, առ այսօր այդ իրադարձությունները շարունակում են մութ քողի տակ մնալ, քանի որ գործը կարճվեց եւ ծեծողները չբացահայտվեցին: Մեզ հաղորդել էին, որ Արտակ Խաչատրյանը արտագաղթել է Իտալիա, սակայն Արտակ Խաչատրյանի ՖԲ էջից կարելի է կռահել, որ վերջինս Գերմանիա է մեկնել: Hraparak.am-ը զրուցել է Արտակ Խաչատրյանի հետ:



Պարոն Խաչատրյան, նախ մարդիկ հետաքրքրված են, թե որտե՞ղ եք այժմ Դուք բնակվում, ինչո՞վ եք զբաղվում:



-Բնակվում եմ Հայաստանից շատ ավելի ապահով և իրավական երկրում: Սովորում եմ ուսումնական հաստատությունում և ուսումնասիրում եմ ներկա քաղաքական զարգացումները: Զբաղվում եմ հասարակական-քաղաքական գործունեությամբ:



Ի վերջո ինչո՞ւ հեռացաք Հայաստանից, խոսվում է, որ իշխանություններից նեղացած եք հեռացել: Ի դեպ, վերադառնալու՞ եք հայրենիք, թե՞ մշտական բնակություն եք հաստատելու այնտեղ:



-Հայաստանից հեռացա, քանի որ այլևս վտանգավոր էր ինձ համար, Հայաստանում ուղղակի կարողանում են մարդուն կորցնել, կամ սպանել, իսկ իշխանություններն ամբողջությամբ մեղավոր են և պատասխանատու թե ինձ հետ կատարվածի, թե երկրում տիրող իրավիճակի համար: Նույնիսկ եթե վերադառնամ, ուրեմն ոչ այս իշխանությունների օրոք:



Հետևո՞ւմ եք Հայաստանի ներքաղաքական կյանքին:



-Այո հետևում եմ ու միանգամից ասեմ, որ խորապես ցավում եմ: Հայաստանը վագրի ոստյուններով գլորվում է անդունդը:



Դուք դեռևս շարունակո՞ւմ եք լինել ԲՀԿ կուսակցության անդամ, թե՞ հեռացել եք, ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի ներսում տեղի ունեցող իրադարձությունները, շատերի գնահատմամբ ԲՀԿ-ն կազմաքանդվում է: Շփում ունե՞ք ԲՀԿ անդամների հետ:



-Այո, դեռ շարունակում եմ մնալ ԲՀԿ անդամ: Ներսում բնականաբար պրոցեսներ են, ոչ մի աննորմալ բան չեմ տեսնում, իսկ մյուս անդամների հետ շփվում եմ այնքանով, որքանով որ շփվում եմ: Ինչ վերաբերում է կազմաքանդմանը, ապա ամբողջ երկիրն է կազմաքանդվում վերևից վար, երկրի կազմում էլ բոլոր կառույցները:



Մի հարց էլ կապված Ձեզ հետ տեղի ունեցած միջադեպի մասով: Լուրերն այն մասին, որ Ձեզ առևանգելու և բռնություն կիրառելու գործում իր «ներդրումն» ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, իրականությանը համապատասխանո՞ւմ են:



-Իմ հետ կատարված միջադեպի հետ կապված մի բան կարող եմ ասել, որ իրենց «ներդրումն» ունեցած մարդիկ անշուշտ առիթ պետք է փնտրեն ներվելու, հակառակ դեպքում ընտրություններից առաջ ստիպված են լինելու փրկել, առանց այն էլ սևացած համբավը ու զբաղվելու են իրավապահ մարմիններին, հայ հասարակությանը և միջազգային հանրությանը բացատրություններ տալով:



 Սիրան Հունանյան