Եկել եմ մի բան պարզեմ, իմ թիկունքը ապահով է թե ոչ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Եկել եմ մի բան պարզեմ, իմ թիկունքը ապահով է թե ոչ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Հրազդանում, չնայած անձրևին, քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական հանրահավաքը բազմամարդ էր:



Հանրահավաքը վարում էր Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այսօր մի քանի ժամով Արցախից վերադարձել էր Սասուն Միքայելյանը, ուր մեկնել էր մի քանի օր առաջ. նա հարթակին կանգնած էր զինվորական համազգեստով:



Ելույթ ունեցավ Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւ այլոք: Հիշեցնենք, որ «Հանրապետությունը» կուսակցությունը հայտարարել էր, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում սատարում է Սասուն Միքայելյանին:



Հրազդանի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքաելյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Ես եկել եմ մի բան պարզեմ, ես ում դեմ պիտի կռվեմ, իմ թիկունքը ապահո՞վ է, թե ոչ: Երբ հայ զինվորի մայրը, ծնողը զոհվածների մեջ իր բալին է փնտրում, իսկ այստեղ էդ զինվորի մորը ուզում են գնել, խաղում են նրա ինքնասիրության հետ: Ո՞վ է իրավունք տվել քաղաքապետարանի աշխատողներին, որ սպանեն հավատը: Հատկապես այսօր, որ որոշվում է հայ ազգի բախտն ու ճակատագիրը: Շնորհակալ եմ, ձեզանից, շիրմայի ետեւում դուք եք, ձեր ապագան, ձեր աստվածը, ձեր զինվորը ու ձեր խիղճը, գնացեք խաղաղությամբ», - ելույթը եզրափակեց Սասուն Միքայելյանը:



Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին կկայանա Հրազդանի քաղաքապետի ընտրությունը, իսկ թեկնածուները երեքն են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական վերածննդից» Արթուր Միսակյանը:



Նելլի Կարապետյան