Պետական չինովնիկները ՀԷԿ-եր են կառուցում

Պետական չինովնիկները ՀԷԿ-եր են կառուցում

Բիզնեսի հետ սերտաճած աստիճանավոր պետական չինովնիկների դեմ, որոնք միլիոններ են կուտակել, գործարար մարդիկ հազվադեպ են բողոքում, որքան էլ տուժեն նրանց հանցավոր գործելաոճից։ Պատճառն այն է, որ գործարար մարդիկ պրագմատիկ են, զգուշավոր եւ իրենց հարցերը նախընտրում են լուծել անաղմուկ, առանց հարվածի տակ դնելու սեփական բիզնեսի հեռանկարը։ Հենց այդպես էլ վարվեց մեր պատմության հերոսը՝ շինարար Գուրգեն Թադեւոսյանը։ Նա մի քանի տարի առաջ եկել էր հայտնելու, թե ինչպես են իրեն «քցել» «ՌԱԵԼ ԳԷՍ» ընկերության բաժնետերերը՝ ՊՆ աշխատակից, գնդապետ Վաղարշակ Ավետիսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանի խնամին՝ ԿԲ վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, եւ «Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը։ Բայց փոշմանեց եւ խնդրեց չանդրադառնալ այս թեմային՝ հույս ունենալով, որ հարցը կլուծվի համաձայնության միջոցով։ Գործարարը վերադարձավ մի քանի տարուց, երբ վիճակն ավելի բարդացավ, եւ մեզ ներկայացրեց փաստերը։



Ֆինանսավորումը կեսից կտրեցին



Գուրգեն Թադեւոսյանը շինարարական կազմակերպություն ունի՝ «Արվալ» ՍՊԸ-ն, որը հիդրոէլեկտրակայաններ է կառուցում։ 2011 թվականին «ՌԱԵԼ ԳԷՍ» ընկերությունը նրան պատվիրել է Եղեգիս գետակի վրա փոքր ՀԷԿ կառուցել։ Թադեւոսյանի հետ, իր պնդումով, մշտապես բանակցում էր ոչ թե «ՌԱԵԼ ԳԷՍ»ի տնօրենը, այլ գլխավոր բաժնետեր, «Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը։ «Բոլոր բանավոր, գրավոր պայմանավորվածությունները, թվերը, գումարները՝ ամեն ինչ Մաչանյան Գեւորգի հետ էինք կազմակերպում»։ Շինարարության կեսից լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն է առաջանում, նոր ծախսեր են արվում, լրացուցիչ պայմանագրեր են կնքվում, ապա պատվիրատուն դադարում է վճարել աշխատանքների համար։ Գուրգեն Թադեւոսյանն ստիպված է լինում իր միջոցներից կատարել ծախսերը, իսկ երբ դրանք վերջանում են, գրավադրում է Կիեւյան փողոցում գտնվող իր բնակարանը, որպեսզի շինարարությունը չկանգնի։ Այս գումարից, որը 23 մլն. դրամ էր, նա վճարել է արդեն կատարված աշխատանքների դիմաց։



Թադեւոսյանը պատվիրատուներին մեղադրում է փողերի լվացման մեջ



«Մայիսի վերջն էր արդեն, իմ ժողովուրդն արդեն հացադուլ էր անում։ Մտածեցի. ունեմ-չունեմ՝ մի բնակարան ունեմ, Կիեւյանի վրա։ Մաչանյանին ասեցի՝ գրավադրեմ հենց քո բանկում, ինձ գումար տուր, ժողովրդիս բերանը փակեմ, աշխատեն։ Վառելիքի համար պարտք եմ, տեխնիկայի վարձակալության, պահեստամասեր գնելու եւ այլն։ Տունս գրավադրեցի 23 մլն. դրամով, վճարումները կատարեցի, աշխատանքներն իրենց հունով գնում էին։ Գումարս էսօր-վաղը պետք է փոխանցեին։ Մաչանյանն ասաց՝ մի 20 օրից մի ամսում քո գումարները կգան։ Այդ ընթացքում տոկոս էի վճարում բանկին, բայց ասացի՝ ոչինչ, մի քիչ կտուժեմ, զատո ավելի շուտ կվերջացնեմ, ժողովրդիս կհանեմ տարածքից։ Ամիսը դարձավ երկու, երկուսը՝ երեք։ Ուզում եմ մտնեմ մոտը, տեսնեմ՝ ինձ չի ընդունում։ «Մենք այսօրվանից եւեթ վարկատու-վարկառու ենք, ոչ թե պատվիրատու-կապալառու։ Տնօրենի հետ՝ էդ հարցերով»։ Ասում եմ՝ տղա ջան, մինչեւ էսօր դու էիր, հիմա ո՞նց եղավ տնօրենի հետ։ Այդ օրվանից իրենք դադարեցին ինձ հետ շփվել։ Հետո իմացա, որ իմ տարած նյութերով, գործիքներով արդեն ուրիշ կազմակերպություն է աշխատում»։ Նոր կապալառուն «Դավարշին» ՍՊԸ-ն էր։



Ըստ Թադեւոսյանի, իր հետ կնքված կատարողականի արժեքը եղել է մոտ 90 մլն. դրամ, որը, սակայն, պատվիրատուն հրաժարվել է ստորագրել, առաջարկելով կրճատել լրացուցիչ աշխատանքների վրա ծախսված գումարները։ Ինքն էլ չի համաձայնել։ Այլ կերպ ասած՝ պատվիրատուն եւ կապալառուն համաձայնության չեն եկել ֆինանսական հարցերում։ Գուրգեն Թադեւոսյանի ձեռքն է ընկել նոր կապալառուի կատարողականը, եւ նա հայտնաբերել է, որ այնտեղ աշխատանքների ավելի բարձր արժեք է ֆիքսված՝ 130 մլն. դրամ, որի մեջ են «մտցրել» նաեւ իր կազմակերպության կատարած աշխատանքների գումարները։ «Կատարողականներով՝ 90 մլն. էր իմ պայմանագիրը։ Իսկ «Դավարշինին» գործը համարյա ավարտված վիճակում են տվել, 10 տոկոսն էր մնացել։ Իրենք ավարտական ակտով 130 մլն. դրամ փող են ստացել եւ իմ արած գործի 50 տոկոսն էլ գրել են մեջը»,- ասում է Գուրգեն Թադեւոսյանը՝ վստահեցնելով, որ փողերի լվացում է կատարվել։



Բանկի տնօրեն․ «Դրանք հեքիաթներ են»



Արդյոք նոր կապալառուի կատարողականում ներառվա՞ծ են նաեւ Թադեւոսյանի ՍՊԸ-ի կատարած աշխատանքները։ Այս հարցը տվեցինք «Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանին։ «Դրանք հեքիաթներ են։ ՀԷԿ-ը մեկ մլն. դոլարից ավելի արժե, իսկ Թադեւոսյանին աշխատանքների միայն մի մասն է պատվիրվել։ Ինչ է, կարո՞ղ է տուրբիններն էլ իրեն պատվիրեինք։ Ճիշտ չի ասում նա։ Մարդը փորձում է իրեն արդարացնել»,- ասում է բանկի տնօրենը։ Նա հրաժարվեց մանրամասներ ներկայացնելուց, պատճառաբանելով, որ գործը դատարանում է, եւ Գեւորգ Թադեւոսյանը կարող է իր մեղադրանքները դատարանում ներկայացնել, դատարանն էլ կորոշի։ Մաչանյանը ժխտեց, որ ինքն է զբաղվել ֆինանսական հարցերով։ «Դրա համար հիմնարկի տնօրեն կա, նրա հետ կարող եք խոսել, նա Ձեզ ամեն ինչ կներկայացնի»։ Իսկ «ՌԱԵԼ ԳԷՍ»-ի տնօրեն Արտակ Ավետիսյանն ասաց, որ իրենք մաքուր են աշխատել, եւ որ ինքը կներկայացնի մեզ հետաքրքրող բոլոր փաստաթղթերը։ «Մենք ոչ մի խախտում չենք արել»։



ՀԳ․ Այս գործով արդեն զբաղվում են դատարանը եւ ոստիկանության կազմակերպված հանցավորություն դեմ պայքարի բաժինը, որին օրերս դիմել է Գուրգեն Թադեւոսյանը։ Մեր հիմնական հետաքրքրությունն այս պատմության մեջ այն է, թե ինչ գումարների տեր են դառնում պետական չինովնիկները, ինչպես են նրանք կարողանում ՀԷԿ-երի շինարարությամբ զբաղվել, խոշոր ընկերություններում մեծ բաժնեմասեր ձեռք բերել եւ ինչ ճանապարհներով են բազմապատկում կապիտալը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ