ԴԱՀԿ-ն ոչ մեկի մոտ հաճելի զգացողություններ չի առաջացնում

ԴԱՀԿ-ն ոչ մեկի մոտ հաճելի զգացողություններ չի առաջացնում

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հրաժարվում է մեկնաբանել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հրաժարականը։ «Պետք է հնարավորություն ընձեռել, որ իրավասու պետական մարմինները քննությունը կատարեն» - ասում է նա։ Հրաժարականի պատճառաբանությունը՝ «չեմ ուզում, որ իմ անունը լինի Ալիևի կողքին», նախարարին տարօրինակ չի թվում․ «Յուրաքանչյուր մարդ իրավասու է իր հրաժարականը ձևակերպել այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում»։ Բոլորը գիտեին, որ Միհրան Պողոսյանի հետ հեշտ չէր աշխատել։ Նա բոլոր նախարարների, այդ թվում Արփինեի օրոք ընդգծված անկախ կեցվածք ուներ և պահպանում էր «ավտոնոմ» դիրքը։ Հրապարակավ նախարարները սա չէին խոստովանում, և Արփինե Հովհաննիսյանն էլ վստահեցնում է, որ որևէ լարվածություն իր և Միհրան Պողոսյանի միջև չի եղել, և լրագրողական սովորություն է՝ տեսնել այն, ինչ պաշտոնյաները չեն ասում․ «Հարաբերությունները եղել են շատ նորմալ։ Ցանկացած աշխատանքային խնդիր, որը ծագել է, հարթել ենք` պահպանելով նորմալ փոխհարաբերություններ»։



Այնուամենայնիվ, Արփինեն դժվարացավ մի լավ բան ասել Միհրանի մասին։ Դուք որպես նախարար գո՞հ եք ԴԱՀԿ պետի աշխատանքից, մի կողմ դնենք օֆշորի հետ կապված պատմությունը, նա լա՞վ ԴԱՀԿ պետ էր։ «Հրապարակի» հարցին պատասխանելով, նախարարը ասաց, չի ուզի գնահատել Միհրան Պողոսյանին որպես անձ, բայց ծառայությունը գործել է օրենքի շրջանակում․ «Ես համարում եմ, որ ցանկացած աշխատանքում կարող են լինել թերություններ, և այդ թերությունների հետ կապված ես իմ իրավասությունների շրջանակում համապատասխան գործողություններ ձեռնարկել եմ կոնկրետ երևույթների հետ կապված, երբ որ ստացել եմ քաղաքացիներից դժգոհությունները…:Բայց օրինականության հետ կապված ԴԱՀԿ-ն ծառայություն է, որը գործել է հիմնականում իր լիազորությունների շրջանակում, ես չեմ ուզում անձը գնահատել»։ Արփինեն չասաց, թե արդյոք ցավ ապրում է` «կորցնելով» Միհրանին․ «Ես այդ հարցերին կոռեկտ չեմ համարում հիմա պատասխանելը»։



- Իսկ ի՞նչը կփոխեք ԴԱՀԿ աշխատանքում։
- Կան խնդիրներ, և անկախ նրանից, թե պարոն Պողոսյանը կշարունակի պաշտոնավարել, թե նոր ղեկավարը, մենք այդ խնդիրներին անդրադարձ կատարելու ենք։



- Օրինա՞կ։
- Եւ արգելանքների կիրառման հետ կապված, նպաստերի, որոնք եկամուտի միակ աղբյուրն են, հարակից այլ ծառայությունների հետ կապված խնդիրներ։



Հենց այսօր Արփինե Հովհաննիսյանը կառավարություն էր բերել օրինագիծ, որով սահմանափակումներ են դրվում գույքի իրացման վրա։ Այն դեպքում, երբ պարտապանի միակ բնակարանի կամ տան ու դրան կից տնամերձի արժեքի 75 տոկոսը հավասար է, կամ ցածր է կառավարության կողմից նախատեսված նվազագույն գումարից, կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվելու է պարտապանին: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում ևս առաջարկվում է փոփոխություն մտցնել․ «Եթե հարկադիր աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում, և կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային արժեքի իջեցման արդյունքում բնակարանի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: 



Սյուզան Սիմոնյան