Բանտարկյալների ուրախությունը, դրամաշորթ լրագրողները, 2 զինծառայողի մահը, Իվետայի բաց հագուստը, Ջուսի ամուսնությունը. Մայիսի 4-ը՝ ֆեյսբուքում

Բանտարկյալների ուրախությունը, դրամաշորթ լրագրողները, 2 զինծառայողի մահը, Իվետայի բաց հագուստը, Ջուսի ամուսնությունը. Մայիսի 4-ը՝ ֆեյսբուքում

Օրը սկսվեց միանգամից մի քանի խառնաշփոթ լուրերով ու հրապարակումներով, որոնք, սերիալի նման շարունակվեցին ողջ օրվա ընթացքում, ունենալով նաև երկրորդ, երրորդ սերիաներ:



Նախ՝ ամենօրյա դարձած հրապարակումները սահմանային իրավիճակի մասին, որոնք բոլոր լրատվական կայքերի, ֆեյսբուքյան օգտատերերի ու համացանցային խմբերի առավոտյան պաշարն են ապահովում, այս անգամ սփոփիչ էին: Սահմանին հնչած կրակոցները ոչ մի զինծառայողի մահվան պատճառ չէին դարձել:



Սահմանին տիրող իրավիճակի մասին նորություններից հետո, առաջին լուրը, որ սկսեց պտտվել համացանցում, Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի լիազորությունների դադարեցման մասին էր: Երեկ երեկոյան տեղադրվել էին հրապարակումներ այն մասին, որ ուժային կառույցների ներկայացուցիչներն անսպասելի ստուգումներ են սկսել ՔԿՀ-ում: Այսօր արդեն պարզաբանում էր ստացվել դատախազությունից՝ հետևյալ բովանդակությամբ. «Քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և  ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերևույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին»: Արդյունքում՝ դադարեցվել էին ՔԿՀ պետի լիազորությունները՝ դառնալով բանտարկյալների ուրախության պատճառ:



Հաջորդ նորությունը, որն ամբողջ օրվա ընթացքում իսկական համացանցային հիթ դարձավ ու գրավեց նաև ողջ լրատվական դաշտը, Analitik.am կայքի խմբագրի, նրա օգնականի ու իրենց մամուլի ակումբի ղեկավարի ձերբակալություններն էին: Նրանք մեղադրվում էին դրամաշորթության մեջ: Իրավապահ մարմիններին հաղորդում էր տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ նշելով, որ շանտաժի միջոցով իրենից ամսական 300 հազար դրամ են պահանջել՝ իր անձը վարկաբեկող հոդվածներ չգրելու նպատակով: Օրվա ընթացքում, տասնյակ հրապարակումներ եղան կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի անձի ու գործունեության մութ կողմերի մասին:



Երեկոյան կողմ հայտնի դարձավ, որ ԼՂՀ-ում հայտնաբերվել են 2 զինծառայողների մարմիններ՝ առանց հրազենային վիրավորումների ու բռնության հետքերի: Առաջինն այս մասին բարձրաձայնեց Հրապարակը, այնուհետ այս նորությունը լցրեց լրատվական կայքերն ու համացանցը՝ դառնալով նոր քննարկումների ու մեկնաբանությունների թեմա:



Օրվա աստղային նորությունների շարքում առաջիններից մեկը Եվրատեսիլ երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի բեմական հագուստն էր՝ ընտրված մրցույթի օրվա համար: Երբ մեկ օր առաջ տեղադրվեցին լուսանկարներ՝ Եվրատեսիլյան առաջին փորձերից, որտեղ ելույթ էր ունեցել նաև Իվետան, լուսանկարների հրապարակումից ժամեր չանցած, ու այսօր ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ օգտատերեր իրենց պարտքն էին համարում քննարկել, քննադատել ու մեկնաբանել երգչուհու հագուստը՝ նշելով, որ այն հարիր չէ հայ կնոջ կերպարին, իսկ «Կույս կանանց միավորում» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջը անմասն չէր մնացել ու հանդես էր եկել կոչով, միաժամանակ խորհուրդ էր տվել Իվետային՝ կրել հայկական տարազ, այլ ոչ թե բաց հագուստ: Մի քանի օգտատերեր, սակայն, շտապել էին հակադարձել, նշելով, որ նախ՝ Իվետան անթերի  կազմվածք ունի, հետո՝ հագուստը վուլգար ոչ մի տարր չուներ, մարմնի բաց մասեր չկային, և հետո՝ սազում էր իրեն ու համապատասխանում մրցույթին էլ, Եվրոպական պահանջներին էլ:





Իսկ երգչուհի Ջուսը ֆեյսբուքում փոխել էր իր կարգավիճակը՝ նշելով, որ հարաբերությունների մեջ է Վահագն անունով տղամարդու հետ: Բացի կարգավիճակի փոփոխությունից, Ջուսը պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում այդ տղամարդու հետ, իսկ այսօր արդեն հայտնել էր, որ պատրաստվում է ամուսնանալ: Կայքերից մեկին տված հարցազրույցում, սկանդալային երգչուհին փակագծեր է բացել ու պատմել, որ Վահագնը փաստաբան է, ծանոթացել են ֆեյսբուքի միջոցով, շփվել մոտ 10 ամիս, իսկ վերջին մեկ ամսում հանդիպում են և հասկացել են, որ անսահման սիրում են միմյանց: Հիշյալ փաստաբան Վահագնը մեկ տարի առաջ է ամուսնալուծվել, ունի դուստր:





Նշենք նաև, որ ֆեյսբուքում այսօր հրապարակված մի քանի նոր աստղային լուսանկարներից առանձնացրեցինք մեկը՝ երգիչ Հայկոյինը: Վերջինս անմասն չի մնացել աստղերի՝ Արցախ կատարվող այցելություններից ու լուսանկարներից: Արցախում արված լուսանկարը Հայկոն մակագրել է. «Մեր արծիվ տղերքի հետ»:





Շուշաննա Գրիգորյան