Վովան ազատել է «համազգեստավոր վհուկներին», Արփինեն հետ է ընդունել

Վովան ազատել է «համազգեստավոր վհուկներին», Արփինեն հետ է ընդունել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել նախկին անվտանգության աշխատող, Կենտրոնի նախկին ոստիկան, արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը, որը մեկ անգամ արդեն եղել է «Նուբարաշենի» պետ։



Այս նշանակումը հետեւեց բերդում տեղի ունեցած անհասկանալի «խժդժությանը», երբ ՀՔԾ-ն բերդ մտավ խցերից մեկում խուզարկություն կատարելու մտադրությամբ, իսկ բանտարկյալներն աղմուկ բարձրացրին։ Այս միջադեպը նախկին պետից՝ Ռուբիկ Ստեփանյանից ազատվելու եւ Սերոբ Հարությունյանին բերելու լավ առիթ դարձավ։ Ինչո՞ւ առիթ, այլ ոչ բուն պատճառ։ Որովհետեւ, առաջինը՝ նախկին պետի կյանքում նախկինում էլ են բազմաթիվ խնդրահարույց էպիզոդներ եղել, որոնք ցույց են տալիս, որ քրեականներն այնքան էլ չեն վախենում նրանից։



Օրինակ, Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ընկերների սպանությունը բերդի պատերի տակ։ Երկրորդն էլ, Ռուբիկ Ստեփանյանի համար բերդի պետ նշանակվելու ժամանակ միանգամայն ճիշտ մարդ էր բարեխոսել՝ գեներալ Սեյրան Սարոյանը, չնայած Ստեփանյանը փոքր-ինչ ընդդիմադիր պաշտպանության փոխնախարար Գագիկ Մելքոնյանի ազգականն է։ Այնպես որ, նա համակարգի մարդ էր, հարմար եւ հաշտ։ Բայց կար մի բան, որին չէր տիրապետում գեներալի լավ բարեկամը։ Հանցագործ աշխարհում նա խորը կապեր չունի։ Այնինչ «Նուբարաշենի» նորանշանակ պետը՝ Սերոբ Հարությունյանը, լավ թրծվել է այդ խոհանոցում։



Նա աշխատել է ԱԱԾ-ում, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչի) վստահելի անձն էր, իսկ ՔԿՀ-ներում, այդ թվում՝ նաեւ «Նուբարաշենում», աշխատել է որպես ՔԿՀ պետի անվտանգության գծով տեղակալ: 2014 թվականին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Սերոբ Հարությունյանը նշանակվեց ոստիկանության Կոտայքի վարչության պետ: Սակայն երկու տարի էլ չմնաց պաշտոնին։



Այս տարվա մարտին նա Շիրակի եւ Արագածոտնի մարզային վարչությունների եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի հետ միաժամանակ ազատման դիմում գրեց, բայց պարզ էր, որ նրան հանել են։ Պատճառը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, այն էր, որ ոստիկանները քեֆ-ուրախության էին մասնակցել «Ուրարտու» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ծնունդին։ Սեղանի շուրջ ոստիկանների հետ միասին «ուրախացել» էր նաեւ քրեական հեղինակություն Թեւոսիկը (Թեւոս Սաֆարյանը)։ Իհարկե, այս մասին պաշտոնապես չասվեց, բայց ոստիկանապետի հայտնի ճառերից մեկը՝ համազգեստավոր վհուկների մասին, որը նա արտասանեց Կոտայքի վարչությունում՝ նոր պետերի նշանակման ժամանակ, սրա «պաշտոնական» հաստատումն էր։



«Գողեր ու հեղինակություններ սիրող ոստիկանները շատ ավելի վատն են, քան գողն ու հանցագործը, որոնց դեմ մենք պայքար ենք մղում: Նրանք վհուկներ են՝ մտած մեր համազգեստի մեջ: Նոր համազգեստն աղտոտել՝ ճակատագրական կլինի ցանկացածի համար»,- հայտարարեց Վլադիմիր Գասպարյանը, եւ նրան լսողները հասկացան, որ խոսքը 4 ազատվածների մասին է։ Բայց ընդամենը երկու ամիս անց Սերոբ Հարությունյանի ազգականը կրկին «պետք էր գալու»։ Ինչո՞ւ Արփինե Հովհաննիսյանը «համազգեստավոր վհուկին», որին Վլադիմիր Գասպարյանը «հանել» էր, պաշտոնի վերադարձրեց՝ այն էլ ամենաբարդ քրեակատարողական հիմնարկի ղեկավար դարձնելով։ Բարդ, որովհետեւ «Նուբարաշենում» են պահվում ամենամութ հանցագործությունների վկաները, ամենակարեւոր գործերով կալանավորվածները, ցմահ դատապարտվածները։



Ի վերջո, սա մի ահռելի ինֆորմացիոն բանկ է՝ ներկա եւ նախկին պաշտոնյաների վերաբերյալ տեղեկությունների շտեմարան։ Կարելի է ենթադրել, որ Կրակեմ Հրաչի բարեկամն ինչ-որ առաքելությամբ է գալիս, եւ այդ առաքելությունը կատարելու համար քրեական եւ այլ աշխարհներում կապեր ունենալը նույնիսկ օգտակար է։ 



ՀԳ․ Սերոբ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել մեր հարցադրումները կամ ասել, թե ինչ պատճառ է նշել Կոտայքի ոստիկանապետի պաշտոնից ազատման իր դիմումի մեջ, ասելով․ «Դիմեք ոստիկանության լրատվական վարչություն»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ