Հայաստանի երրորդ հանրապետության բնապահպանության նախարարները

Հայաստանի երրորդ հանրապետության բնապահպանության նախարարները

Հայաստանի բնապահպանության նախարարությունը մինչեւ նախարարության ձեւավորումը նախ գործել է որպես բնության պահպանության պետական կոմիտե, ապա որպես բնապահպանության եւ շրջակա միջավայրի նախարարություն, հետո՝ բնապահպանության եւ ընդերքի նախարարություն։ Միայն 1996-97թ.թ. սկսած այն գործել է որպես բնապահպանության նախարարություն։



1990-91թ.թ. Բնության պահպանության պետական կոմիտեի նախագահ Վռամ Թեւոսյանի մասին համացանցային տեղեկատվությունը բավականին ժլատ գտնվեց։ Միայն կարողացանք հայտնաբերել, որ նա եղել է «ԵՀԳԳ արեւելյան երկրներում օդի որակի կառավարում» ծրագրի փորձագետ։ Թե ուրիշ էլ ինչով է նա զբաղվել պաշտոնաթողությունից հետո՝ հայտնի չէ։





Փոխարենն ունեցել ենք ՀՀ բնապահպանության նախարարներ, որոնց կենսագրությունն ու գործունեությունը հագեցած են ուշագրավ եւ աղմկահարույց պատմություններով։
Չնայած նորանկախ Հայաստանում գենդերային քաղաքականության, կանանց՝ պետական կառավարման համակարգում ներգրավվածության մասին դեռ չկային հստակ ձեւակերպված հանրային պահանջներ, բայց 1991թ. ՀՀ բնապահպանության եւ շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Կարինե Դանիելյանը, որը պաշտոնավարել է մինչեւ 1994թ.։ Իր բնույթով ակտիվ, գիտական եւ հասարակական գործունեության մեջ ներգրավված Կարինե Դանիելյանը Հայաստանի հայտնի բնապահպաններից է։ Նա ԵՊՀ դոցենտ է, կենսաբանական գիտությունների թեկնածու եւ աշխարհագրական գիտությունների դոկտոր։ Նա նաեւ միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ է, Երեւանի պատվավոր քաղաքացի։ 1996 թվականից առ այսօր Կարինե Դանիելյանը ղեկավարում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիան։ Երբ ձեւավորվեց Հանրային խորհուրդը, Կարինե Դանիելյանը դարձավ նաեւ Հանրային խորհրդի անդամ։ Նույն՝ 2009 թվականին նա նշանակվում է նաեւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ եւ, ինչպես Հանրային խորհրդում, այնպես էլ՝ նշված հանձնաժողովում պաշտոնավարում է մինչ օրս։ Կարինե Դանիելյանը կարողանում է միաժամանակ եւ՛ բարձրաձայնել բնապահպանական խնդիրների մասին, եւ՛ չխզել իր հարաբերությունները իշխանությունների հետ։ Այլ հարց է, թե որքանով են իշխանությունները լսում եւ հաշվի առնում նրա մասնագիտական կարծիքները։ Փոխարենը Կարինե Դանիելյանը կարողանում է փոխընդունելի լինել ինչպես իշխանությունների, այնպես էլ՝ բնապահպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից մի զգալի հատվածի համար։



1994-95թ.թ., որպես Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության նախարար, 1995-96թ.թ. որպես բնապահպանության եւ ընդերքի նախարար, իսկ 1996-97թ.թ. որպես բնապահպանության նախարար պաշտոնավարած Սուրեն Ավետիսյանի մասին նույնպես համացանցային որոնումներն արդյունք չտվեցին, եւ հայտնի չէ, թե ինչով է նա զբաղվում պաշտոնաթողությունից հետո։ Նույն կերպ լռություն է տիրում 1997-98թ.թ. ՀՀ բնապահպանության նախարար աշխատած Սարգիս Շահազիզյանի, 1998-2000թ.թ. Բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի շուրջ։ Մինչդեռ շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչով են այսօր զբաղվում նախկին պաշտոնյաները, որոնց փորձագիտական կարծիքներն ու խորհուրդները կարող էին օգտակար լինել հանրությանը։ 





2000-2001թ.թ. ՀՀ բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը, որպես ՀՀԿ-ական, աչքի է ընկել ակտիվ գործունեությամբ։ Նա ՀՀ ԱԺ 2-րդ եւ 5-րդ գումարման պատգամավոր է։ Երբ Մուրադ Մուրադյանը ՀՀ բնապահպանության նախարար էր, ոչ մի խոսք չէր ասել իր ղեկավարած համակարգում տիրող վիճակի մասին։ Սակայն երբ նա ազատվեց պաշտոնից, 2001թ. հայտարարեց, որ իր ղեկավարած համակարգում գոյություն ունի մաֆիա։ Նա հարցազրույց էր տվել մամուլին եւ խոստացել, որ կհրապարակի իր ձեռքի տակ եղած փաստերը, «այն 20-25 մարդու ցուցակը, որոնցից եթե էս երկիրը չազատվի, երկիր չի դառնա»։ Սակայն իր խոստումը կատարելու փոխարեն Մուրադ Մուրադյանը լքեց Հայաստանը։ Իսկ ահա 2012թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից Մուրադ Մուրադյանն առաջադրվում է Մասիսի թիվ 16 ընտրատարածքում, որպես թեկնածու։ Ըստ ԶԼՄ-ների՝ նրա վրա է դրված եղել ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու պարտականությունը։ Նույն ընտրություններում Մուրադ Մուրադյանին հաջողվում է ձայների մեծ տարբերությամբ հաղթել ԲՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Ստեփանյանին։





2001-07թ.թ. ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ոչ մի օր առիթ չի տալիս իրեն մոռանալու։ Թեեւ նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես բանվոր աշխատելով, սակայն հետագայում կարիերայի նշանակալից առաջընթաց է ունեցել։ 1996-99թ.թ. Վարդան Այվազյանը եղել է Չարենցավանի քաղաքապետ։ Մինչ այդ, 1995թ. նա ընտրվել էր ԱԺ պատգամավոր, քանի որ իշխող ՀՀՇ կուսակցության անդամ էր։ Նա եղել է նաեւ «Հանրապետություն» խմբակցության եւ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։ Իսկ ահա 1999թ., ընտրվելով ԱԺ պատգամավոր, նա նախընտրում է լինել անկուսակցական, փոխարենը ղեկավարում է «Կայունություն» պատգամավորական խումբը։ 2007թ. Վարդան Այվազյանը «կողմնորոշվում» է եւ ԱԺ պատգամավոր դառնում՝ արդեն որպես ՀՀԿ խմբակցության անդամ։ Իշխող կուսակցությունը նրան է վստահում նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Նոււյն կերպ, որպես ՀՀԿ խմբակցության անդամ, նա 2012թ. կրկին դառնում է ԱԺ պատգամավոր եւ վերընտրվում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Վարդան Այվազյանի անվան հետ են կապվում սկանդալային պատմություններ, որոնք պարբերաբար հրապարակվել են մամուլում։ Դեռեւս 10 տարի առաջ, 2006թ., ըստ Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայության նյութերի՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պայմանների Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին։ Վարդան Այվազյանի պատճառով ընկերությունը կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։ Նախկին բնապահպանության նախարարի ոդիսականը սրանով չէր ավարտվել, եւ 2008թ. հունիսի 25-ին Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը կայացրել էր որոշում՝ Այվազյանից պահանջելով որպես պատասխանող կողմ ներկայանալ Միջազգային առեւտրի պալատի արբիտրաժ։ Իսկ 2012թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը դիմել է դաշնային դատարան՝ պահանջելով որոշում կայացնել Այվազյանի նկատմամբ։
Ւսկ, ըստ մամուլի հրապարակումների, Այվազյանի գործողությունների պատճառով կրած վնասների ապացույցների հիման վրա «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ի օգտին Դաշնային դատարանը կայացրել է 37, 537.978.02 ԱՄՆ դոլարի վերջնական որոշում։ Ինքը՝ Վարդան Այվազյանը, այս պատմության հետ կապված այդպես էլ հայկական ԶԼՄ-ներին որեւէ համոզիչ բացատրություն չտվեց ժամանակին։



2015թ. էլ Վարդան Այվազյանը հայտնվում է մեկ այլ սկանդալային պատմության կիզակետում։ Նրան դատի են տալիս իր համագյուղացիները՝ Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչները։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել եւ դադարեցնել Տավածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» ընկերության արտոնագիրը եւ իրենց տրամադրել Տաբածղուր լճում ձուկ որսալու առաջնային իրավունքը։ Պարզվել էր, որ ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանել է Վարդան Այվազյանին, իսկ 2012թ. նա վերաձեւակերպել է իր զարմիկի՝ Արմեն Այվազյանի անվամբ, որը «Լճեր» ՍՊԸ-ի տնօրենն է։





2007-2014թ.թ. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը (մականունը՝ Բուլկի Արամ) իր նախորդի պես ժամանակին եղել է բանվոր, հետո՝ «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։ 90-ականներին նա ՌԴ-ում զբաղվել է առետրային գործունեությամբ, իսկ 1999-2003թ.թ. եղել է ԱԺ պատգամավոր։ Կոմունիստական բոցաշունչ անցյալ ունեցող Արամ Հարությունյանը 1999-2006թ.թ. եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, իսկ 2006թ. քաղաքական նախասիրությունները նրան մղել են դեպի ՀՀԿ։ Արամ Հարությունյանի պաշտոնավարման շրջանը համընկնում է բնապահպանների ծավալած ակտիվ պայքարի հետ։ 2007թվականի նոյեմբերից բնապահպանները սկսեցին պայքարել Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ գտնվող պղնձամոլիբդենային հանքերի շահագործումը դադարեցնելու համար։ Նրանք հայտարարում էին, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը մի շարք խախտումներ է արել եւ շեղվել հաստատված նախագծից։ Բնապահպանության նախարարությունը համաձայնեց ստուգումներ սկսել ընկերությունում այն բանից հետո, երբ բնապահպանները դիմեցին դատարան։



Արամ Հարությունյանը նաեւ Եղվարդի ճանապարհաշինարարական ԲԲԸ-ի գլխավոր բաժնետերն է, իսկ այդ ընկերությունը միշտ հաղթող է ճանաչվել մրցույթներում։ Նախարար աշխատած տարիներին էլ, ըստ հայտարարագրերի, աճել են Արամ Հարությունյանի եկամուտները։ 2010թ. նա հայտարարագրել է 103 մլն 250 հազար 403 դրամ, իսկ 2011թ՝ 120 մլն դրամ հանձնված կամ ստացված փոխառություն։ Իսկ ՀՀ Վերահսկիչ պալատը նրա պաշտոնավարման օրոք մոտ 226 մլն դրամի խախտումներ եւ չարաշահումներ էր հայտնաբերել Բնապահպանության նախարարությունում։ Խախտումներ էին հայտնաբերվել 2006-08թ.թ. «Սեւան» ազգային պարլի հողերի օգտագործման, վարձավճարների գանձման նկատմամբ վերահսկողության հետ կապված։
2004-2007թ.թ. Արամ Հարությունյանը զբաղեցրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը, 2014թ. եղել է Կոտայքի մարզպետ։ 2015թ. նա ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ իր տեղը զիջելով հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանին։ Սակայն Կատայքի մարզպետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո էլ նա նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։





Ւսկ ներկայիս նախարար Արամայիս Գրիգորյանը 2002-2003թ.թ. եղել է Ավշարի գինու գործարանի գլխավոր տնօրենը, 2002-2003թ.թ.՝ ԱԺ պատգամավոր, 2006թ.՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2007թ. Արամայիս Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով։ 2008թ. նա նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, իսկ 2009թ. ՝ ՀՅԴ-ի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու պատճառով ազատվել է գյուղնախարարի պաշտոնից։ 2013թ. Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Արարատի մարզպետ, իսկ մեկ տարի անց՝ ազատվել մարզպետի պաշտոնից։ Արամայիս Գրիգորյանին ոչ մի օր աչքաթող չեն արել եւ չեն մոռացել ներկայիս իշխանությունները։ 2014թ. նա նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար եւ պաշտոնավարում է մինչ օրս։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Արամայիս Գրիգորյանն իրեն չի զրկել ճոխություններից։ Նա հայտարարագրել է միանգամից 4 ավտոմեքենա, 1 առանձնատուն, 2 բնակարան, նաեւ՝ այլ անշարժ գույք։



Թագուհի Հակոբյան