Այսօր Մեռելոց է, բայց՝ աշխատանքային

Այսօր Մեռելոց է, բայց՝ աշխատանքային

Այսօր Հայաստանում մեռելոց է, օրը՝ աշխատանքային: Երեկ Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն էր՝ Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը (Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ`ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29)):



2008-ին ՀՀ կառավարությունը Հայ առաքելական եկեղեցու առաջարկով ընդունեց որոշում, համաձայն որի՝ Մեռելոցների օրերը ոչ աշխատանքային են՝ հաջորդ շաբաթ օրը տեղափոխվելու հաշվին։ Տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային դարձնելու եւ դրանք մեկ այլ՝ ոչ աշխատանքային օրով փոխարինելու հանգամանքը շատերի դժգոհությունն էր առաջացնում:  Ներկայիս վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, որոշեց սրբագրել իր նախորդին՝ Տիգրան Սարգսյանին, և ոչ աշխատանքային դարձած մեռելոցները հանել, բայց այս նախաձեռնությունը հանդիպում է կաթողիկոսի դիմադրությանը: Ամեն դեպքում, վարչապետին հաջողվեց ամբողջ տարվա համար մեռելոցները ոչ աշխատանքային դարձնելու որոշում չկայացնել, եւ հիմա ամեն տաղավար տոնից առաջ Կառավարության նիստում քննարկում են այդ հարցը՝ մեռելոցի երկուշաբթիին աշխատել, թե ոչ: Այս անգամ մեռելոցը ոչ աշխատանքային դարձնելու հարցը չէր ընդգրկվել նիստի օրակարգում, հետեւաբար՝ այսօր աշխատանքային օր է:



Ի դեպ, վաղը՝ հուլիսի 5-ին, սահմանադրության օրն է, ոչ աշխատանքային: