Արա Աբրահամյանի բախտը հո ամեն անգամ չի՞ բերում՝ գնա նախագահական (ֆոտո)

Արա Աբրահամյանի բախտը հո ամեն անգամ չի՞ բերում՝ գնա նախագահական (ֆոտո)

«Մենք մեր ծրագիրն իրականացնում ենք։ Ես ասացի՝ մենք ստեղծեցինք շարժում, շարժումն անելու է 1,2,3,4 քայլերը։ Ստեղծեց ինֆորմացիոն կենտրոն, ստեղծեց ծրագիր, տեսեք՝ այսօր մեր հավաքն էր, մենք ստեղծել ենք մի հարթակ, որն ամեն տարի անցկացնելու է Եվրասիական տնտեսական ֆորում։ Տնտեսական ֆորումին շատ քիչ է մնացել, մի քիչ համբերություն ունեցեք, այ կտեսնեք՝ ինչ դեր ու նշանակություն է ունենալու, ոնց ենք մենք դա անցկացնում»,- այսօր «Ազգային միասնություն» շարժման հավաքից հետո լրագրողներին ասաց շարժման ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։



Հարցին, թե քաղաքականությամբ զբաղվելու՞ է, ընտրություններին մասնակցլու՞ է, Աբրահամյանն ասաց. «Էս հարցին ես մի քիչ ուշ կպատասխանեմ»։



Hraparak.am-ը նկատեց, որ նա մտադիր էր քաղաքական կուսակցություն ստեղծել, հիմա կարծես թե այլ ճանապարհով է գնում։ Ուստի ի՞նչ է պետք, որ նա մուտք գործի քաղաքականություն։ Աբրահամյանն ասաց, որ ինքը քաղաքականությունից դուրս չի եկել։



Ի դեպ, մի քանի ժամ տևած հանդիպումից հետո Արա Աբրահամյանը քիչ շփվեց լրագրողների հետ և շտապով դուրս եկավ։ Լրագրողներից մեկին հարցին, թե ու՞ր է շտապում, կարո՞ղ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման է գնում, Աբրահամյանը զարմացավ, թե «որ ուշանում եմ, անպայման պետք է նախագահի՞ հետ հանդիպեմ»։



Երբ նկատեցինք, թե նախորդ անգամ իր ասուլիսից հետո նա շտապեց նախագահական, Աբրահամյանն ասաց. «Չէ, դե գիտե՞ք ինչ, ամեն անգամ հո իմ բախտը չի՞ բերում՝ գնամ նախագահական»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ