Նշանդրեք է անում՝ բաց են թողնում, ալերգիա ունի՝ բաց են թողնում, ո՞վ է տեսել նման պատանդ

Նշանդրեք է անում՝ բաց են թողնում, ալերգիա ունի՝ բաց են թողնում, ո՞վ է տեսել նման պատանդ

Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ «Սասնա Ծռերին» այս քայլին է դրդել երկրում տիրող անելանելի իրավիճակը։ Այս շարժառիթը կարո՞ղ է իրավական տեսանկյունից մեղմել նրանց արարքը։ Հարցին պատասխանելով`  «Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն ասաց․ «Իհարկե, ոչ միայն շարժառիթները, այլ ընդհանրապես, իրենց դրսևորած վարքը, իրենց գործողություններն այս ընթացքում։ Արդյո՞ք ենթադրյալ պատանդները «դասական» պատանդներ են։ Այդ ինչ պատանդներ են, որ, ասենք, մեկը վատ է զգում, ճնշում ունի, բաց են թողնում, մյուսը ալերգիա է ունենում, բաց են թողնում, մեկի նշանդրեքն է, բաց են թողնում։ Ո՞վ է տեսել նման բան։ Պատանդներին վերցնում են, պայմաններն առաջ են քաշում, եթե չեն կատարում՝ գիտեք, ինչ է լինում։ Օսիպյանը ազատ ման է գալիս, ու դեռ Վարուժան Ավետիսյանի վրա մատ է թափ տալիս, ասում է՝ դուք կիրթ մարդ եք, ձեզանից չէին սպասում։ Ակնհայտ է, որ վարքագիծն այլ է»։



Լուսինե Հակոբյանը նախորդ օրը հեռուստատեսությամբ տեսել էր գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորության կադրերը և եկել է եզրակացության, որ դրանք ցուցադրվել են վրեժխնդրություն առաջացնելու նպատակով։ «Երեկ հուղարկավորությունը ցույց էին տալիս։ Այդքան սահմանին երեխեք էին մահանում, ինքնասպանությունների գործերը փակում են, դնում մի կողմ։ Այդ ո՞ր մեկի հուղարկավորությունը եղավ, կամ մահվան հանգամանքը շեշտեցին։ Անգամ ադրբեջանցիների գնդակից զոհվողների շուրջ այդպիսի շոու չեն սարքում, ինչպես ոստիկանի մահից։ Ակնհայտ է, որ դա վրեժխնդրություն առաջացնելու նպատակով է արվում։ Հենց դրանով էլ պայմանավորված է ոստիկանության այս երեք օրվա վարքագիծը հասարակ մարդկանց նկատմամբ։