Ոստիկանների արածը թող չթունավորի մեզ, մի օր նրանք զենքը շուռ կտան ռեժիմի դեմ. Ալբերտ Բաղդասարյան

Ոստիկանների արածը թող չթունավորի մեզ, մի օր նրանք զենքը շուռ կտան ռեժիմի դեմ. Ալբերտ Բաղդասարյան

«Նրանց արածը թող չթունավորի մեզ իրար դեմ, դա վերևից ծրագիր է՝ հայերին հանել միմյանց դեմ, թշնամացնել, ոչնչացնել, Հայաստանն ու հայերին».- անդրադառնալով երեկ ոստիկանների բիրտ ուժ կիրառելու և ցուցարարների վրա հարձակվելու փաստին՝ կարծիք հայտնեց Ալբերտ Բաղդասարյանը:



Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանին երեկ ուշ երեկոյան են ոստիկանները բաց թողել, վերջինս մասնակցություն չի ունեցել հանրահավաքին և երթին: 



«Կարող եմ ասել, որ եթե լուրջ վերաբերմունք ունենանք ազգովի, շատերս գիտակցենք՝ չնայած ոստիկանությունը հրամանի տակ է և կկատարի ամեն ինչ, ինչ-որ վերևից հրաման տան, բայց այնուամենայնիվ համբերատար աշխատանքից հետո՝ մի օր, վստահ եմ, ոստիկանները զենքը շուռ կտան ռեժիմի դեմ: Երբ որ վերևից ազգին բաժանում են, թշնամացնում են, զգացմունքներն ամբողջովին պարզում են մարդու, այսինքն՝ ատելությունը, դա վերափոխում են միմյանց դեմ: Երեկվա ռեժիմի ծառաները, որոնք կանանց, երեխաներին, ծերերին, նույնիսկ տներում ապրողների նկատմամբ թուրք ասկյարին վայել բռնություններ էին կիրառում, նրանց նկատմամբ խիղճ շատ քիչ կա, հիմնականում նրանք հանցագործ տարրեր են , իսկ մնացածը... պետք է մի քիչ էլ համբերատարությամբ զինվենք, և վստահ եմ, որ այդ թշնամությունը մեզ կուլ չտա, այդ մի քանի տասնյակ ենիչերներ, որոնք կարող են թիկնապահներ լինեն, որոնք կարող են մարտի 1-ի իրականացման մասնակից լինել, ոստիկանության մեջ էլ կան նման ենիչերներ: Նրանց արածը թող չթունավոր մեզ իրար դեմ, դա վերևից ծրագիր է, հայերին հանել միմյանց դեմ, թշնամացնել, ոչնչացնել Հայաստանն ու հայերին: Մենք պետք է այդ ենիչերների մակարդակը չունենանք: Մենք գիտակցական մակարդակը, մեր ուղեղը պետք է առաջնորդի, դա ոչ թե քրիստոնեական եղբայրության քարոզն է, այլ իրականության բացահայտումը: Բոլորը չէ, որ կույր են ու խուլ»:



Ալբերտ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, արդյոք նախաձեռնող խորհրդի անդամների հետ այսօր հանդիպում, քննարկում ունենալո՞ւ են, Ազատության հրապարակում հավաք տեղի կունենա՞, թե՞ ոչ. «Ես և Սարո Սարոյանն ենք գտնվում դրսում, մնացածի մասին գաղափար չունեմ: Ես գիտեմ, որ խորհրդի մեծ մասին ձերբակալել են, կամ նրանց գտնվելու վայրը հայտնի չէ: Ազատության հրապարակում բոլորս պետք է գնանք, և կարծում եմ` անկախ ամեն ինչից այդ հնարավորությունն անպայման պետք է օգտագործել, որ այս բարդ պրոցեսը, այդ անկառավարելի իշխանությունների ջանքով վտանգավոր ուղի դրված ապստամբությունը կփորձենք կարգավորել: Ոչ մի արտաքին ուժի ծրագրով հակահայկական թշնամի խմբերի, թշնամի մասերի բաժանող այդ ծրագիր իրականացնող սերժասարգսյանական հարթակում, թույլ չենք տա, որ կարողանան հասնել իրենց ուզածին»:



Պարոն Բաղդասարյան ձեր նկատմամբ երեկ ճնշումներ, բռնություններ եղե՞լ են. «Ոչ, ուղղակի ես համարում եմ արժանապատվության ոտնահարում, երբ ձեռնաշղթաներ են հագցնում: Առաջին ամենամեծ արժանապատվության ոտնահարումն էր, որ ռուսական համարանիշներով մեքենայով են առևանգում ինձ, ձեռնաշղթաներ են հագցնում»: