Նուբարաշեն ՔԿՀ-ում այսօր ծննդյան օր էր. նշում էին «հաց հասցնող» Արթուրի տարեդարձը (ֆոտո,վիդեո)

Նուբարաշեն ՔԿՀ-ում այսօր ծննդյան օր էր. նշում էին «հաց հասցնող» Արթուրի տարեդարձը (ֆոտո,վիդեո)

Այսօր ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բակը մարդաշատ էր, առիթն էլ ՊՊԾ գունդ հաց հասցնող Արթուր Սարգսյանի տարեդարձն էր: Ընկերները, մտերիմ մարդիկ, Արթուրի եղբայրը այս ձևով ուզում էին շնորհավորել նրա տարեդարձը, ևս մեկ անգամ հիշեցնել, որ նրանք իր կողքին են: «Հաց հասցնող» անունը ձեռք բերած Արթուրը այսօր դարձավ 48 տարեկան:



50 հոգու համար նախատեսված «Հաց բերող Արթուրին, ծննդյան առթիվ» մակագրությամբ տորթը պատվիրել էր ամերիկաբնակ մեր հայրենակիցներից մեկը, ով չէր ցանկացել ներկայանալ, մյուս տորթն էլ արդեն ընկերների կողմից էր:
Արթուր Սարգսյանի ընկերները կապ չեն կարողանում հաստատել նրա հետ, միայն տեղեկություններ են ստանում փաստաբանի միջոցով: Արթուրի ընկերներից Արմեն Խաչատրյանն ասաց, որ ցանկացել են «Ավրորա» մրցանակաբաշխությանը որպես հերոս առաջարկել Արթուր Սարգսյանի թեկնածությունը, սակայն տեղեկացել են, որ թեկնածու առաջարկելու կարգը ստորագրահավաքով չի իրականացվում: «Ուղղակի առաջադրում են՝ ում որ ուզում են, հետո անկախ ժյուրին ընտրում է: Շատ մանրամասներ է պետք Արթուրի մասին գրել, քանի որ կարգն է այդպես: Ուզում ենք միասին եղբոր հետ գրենք: Արթուրը գուցե դեմ լինի նախաձեռնությանը, սակայն նրա կարծիքը չենք հարցնի»:



Ընկերները ընդգծում են, որ Արթուրը ունի առողջական խնդիրներ և բացի դրանից նա լավ արարք է կատարել, նրա հետ այդպես չի կարելի վարվել. «Բացի այն, որ ինքը լավ արարք է կատարել, բացի այն, որ ունի հիվանդություններ, որ, ախր, չի կարելի այդպես վարվել, պատերազմի մասնակից է, հաշմանդամության կարգ ունի: Ո՞նց կարելի է այդ մարդուն նման արարքի համար դատել»:



Մանրամասները՝ տեսանյութում