Սերժ Սարգսյանը Ռուսաստան է գնացել մեր նորացված դիրքորոշումը հայտնելու

Սերժ Սարգսյանը Ռուսաստան է գնացել մեր նորացված դիրքորոշումը հայտնելու

Բաքվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրը Հայաստանում անհանգստության մթնոլորտ է առաջացրել։ Խնդիրն այն է, որ տնտեսական համագործակցության այս փաստաթղթում կողմերն ընդգծել են նաեւ, որ «չկարգավորված հակամարտությունները տարածաշրջանում լուրջ խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար», եւ նշել՝ «դրանց կարգավորման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա»: Այդ պատճառով է, որ ոմանք համագործակցության եռակողմ ձեւաչափն ընդդեմ Հայաստանի եւ հատկապես ԼՂ կարգավորման հարցի դեմ են ընդունել։



Տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսները, քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, փոխում են իրավիճակը. «Հայաստանի համար, իհարկե, այդ ամենից դժվար է լավ բան կանխատեսել, եթե առանց Հայաստանի են պայմանավորվում ու անուղղակիորեն շանտաժի ենթարկում, ինչպես, օրինակ, Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, որ ԼՂ խնդիրը պետք է քննարկել եռակողմ ձեւաչափում՝ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան, հասկանալի է, որ Հայաստանի հաշվին պետք է լուծումներ գտնեն»։ Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները պետք է հետեւություններ անեն ու վերանայեն դիրքորոշումները. «Փաստորեն, բոլորն ինչ-որ առումներով Հայաստանի հաշվին են հարցեր ուզում լուծել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ինչ-որ դիրքերում ավելի ուժեղ ու արժեքավոր է, քան նրանք։ Եթե այսպես մտածեն իշխանությունները, կարծում եմ՝ կորուստներ չենք ունենա։ Հիմա պետք է բոլոր պրետենզիաները հետ ուղարկել, պետք չէ հին մեթոդներով շարունակել, ինչ-որ իրավունքներ տալով կաշի փրկել, հիմա իրենք պայմանավորվել են, մենք էլ պիտի մեր մոտեցումները ցույց տանք, բայց մենք այն օրի ենք հասել, որ պաշտպանության նախարարը խոսում է միակողմանի զիջումների անթույլատրելիության մասին։ Եթե չվերանայենք մոտեցումները, անընդհատ ինչ-որ բաներ են հորինելու ու ասելու են՝ զիջեք»։



Սարգսյան-Պուտին երեկվա հանդիպման ակնկալիքները, թե փոխզիջումային փաստաթուղթ է ստորագրվելու, քաղաքագետն արդարացված չի համարում, նրա համոզմամբ՝ Ադրբեջանը երբեք փոխզիջումային փաստաթուղթ չի ստորագրի. «Ո՞նց կարող է Ադրբեջանը փոխզիջման գնա, եթե սեղանի վրա դրված է բանաձեւը՝ Ղարաբաղը պետք է լինի իր կազմի մեջ, Ադրբեջանից 25 տարի լսե՞լ եք «փոխզիջում» բառը, փոխզիջումն իր համար այն է, որ ասում է՝ հայերին չեմ կոտորի, թող իրենց համար մնան՝ այստեղ ապրեն»։



Նախագահների երեկվա հանդիպման մասին տարածված ինֆորմացիայից, ի դեպ, տեղեկացանք՝ Սերժ Սարգսյանը կարեւորել է, որ կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: «Մենք պատրաստ ենք դրան»,- մասնավորապես, ըստ РИА գործակալության, ասել է Սարգսյանը Կրեմլում՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Մինչդեռ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի կարծում, թե Բաքվում հավաքված երեք երկրների ղեկավարները լրջորեն քննարկել են ԼՂ հակամարտության հարցը. «Իհարկե, դա Ադրբեջանի գերխնդիրն է, եւ նրանք փորձում են ցանկացած ֆորմատում այդ հարցը բարձրացնել ու դիվիդենտներ ստանալ, բայց նաեւ տեսանք, որ թե իրանական, թե ռուսական կողմից հայտարարությունները խիստ զգուշավոր էին, եւ երկուստեք ընդամենը խոսում էին փոխադարձ շահավետ համաձայնություններ ձեռք բերելու մասին, սրանք դեկլարատիվ հայտարարություններ էին, ոչ թե գործողություններ ենթադրող մոտեցումներ։ Իրականում Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում իրենց շահերն ունեն, եւ չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան բարձր պոտենցիալ ունի՝ քաղաքական ու տնտեսական, որ կարողանա ազդել երկու պետությունների քաղաքականությանը տարածաշրջանում»։



Խոսելով Պուտին-Սարգսյան հանդիպման մասին՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ ՀՀ նախագահը Ռուսաստան է գնացել մեր նորացված դիրքորոշման մասին տեղեկություններ տալու. «Բավական լուրջ քննարկումներ են եղել զիջումների կամ, այսպես ասած՝ փոխզիջումային տարբերակների հետ կապված հարց լուծելու հնարավորությունների վրա, հանդիպումներից մեկի մասին դեռեւս ոստիկանության ՊՊԾ գնդում տված ասուլիսի ընթացքում Վիտալի Բալասանյանն ասաց ու վերջերս էլ կրկնեց, որ Արցախում Սերժ Սարգսյանը հանդիպել է թե ղեկավարության հետ, թե առաջին պատերազմի գեներալների հետ, եւ նշվում էր, որ տարածքներ զիջելու մասին այլեւս խոսք չի գնում։ Ես կարծում եմ, որ խոսքը սրա մասին է, եթե նախկինում հայկական կողմը հանդես էր գալիս փոխզիջման տարբերակով հարցերը լուծելու օգտին, ապա հիմա եթե չի հրաժարվի այդ տարբերակից, ապա այդ զիջումների չափը հաստատ փոխված կլինի։ Եթե նայում ենք Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, այնտեղ էլ շեշտը դրվում է ոչ այնքան փոխզիջումային տարբերակով հարցը լուծելու հարցին, այլ այն փաստին, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»։



Իսկ ընդհանրապես եռակողմ հռչակագիրը, ըստ քաղաքագետի, Հայաստանի վրա մեծ հաշվով ազդեցություն չի գործի. «Այդ ֆորմատն ավելի շատ ցանկություն է, քան իրականություն։ Իհարկե, հանդիպել են խոսելու, որոշակի խնդիրներ քննարկելու, որոնք հիմնականում վերաբերում են տնտեսական խնդիրներին, առավելապես՝ տրանսպորտային եւ կոմունիկացիոն հնարավորությունների զարգացմանը, բայց իրականությունն այն է, որ ստեղծվում է ֆորմատ, որտեղ մասնակիցներից առնվազն երկուսը մրցակիցներ են։ Խոսքս Իրանի եւ Ռուսաստանի մասին է, որոնք ուզում են հնարավորինս ազդեցություն ունենալ Ադրբեջանի կոմունիկացիոն հնարավորությունների վրա։ Ռուսաստանը հասկանում է, որ Իրանը լուրջ մրցակից է դառնալու տարածաշրջանում, եւ Ռուսաստանը շրջանցող կոմունիկացիաներ կառուցելու տեսակետից եւ նաեւ էներգակիրներն արեւմտյան շուկա հասցնելու տեսակետից փորձում է հիմա արդեն իսկ ինչ-որ ձեւ կանխել դա։ Առաջին փորձը՝ Ադրբեջանը ներքաշել ԵՏՄ եւ այդպիսով մաքսային պատնեշ դնել Իրանի առջեւ, կարծես թե տապալվեց Արցախի ապրիլյան պատերազմի վերսկսման անհաջող փորձով, պարտությամբ»։ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ Հարավային Կովկասի կոմունիկացիաները հետաքրքիր են մեծ տերությունների համար, եւ, օրինակ, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ուշացումը վերջին հաշվով բերեց նրան, որ իրանական կողմն ընտրեց ադրբեջանական ճանապարհը. «Սա հուսահատեցնող է Հայաստանի համար, ու պետք է շարունակել աշխատել, քանի որ մեր տարածաշրջանի կոմունիկացիոն հնարավորությունները մեծ են, ու եթե կառուցվի Իրան-Հայաստան երկաթգիծը, շատ ծանրաբեռնված կաշխատի, հայկական կողմը պետք է շատ լուրջ մտածի այդ մասին»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ