Հակաճգնաժամային խմբի կողմից նորից հարթակ վերադառնալը այլընտրանք չունի․ Խաչատուր Խաչատրյան

Հակաճգնաժամային խմբի կողմից նորից հարթակ վերադառնալը այլընտրանք չունի․ Խաչատուր Խաչատրյան

Հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը «Սասնա Ծռեր» խմբ գրավելուց հետո, բազմաթիվ հանրահավաքներ և երթեր իրականացան։ Կազմակերպչական հարցերը լուծելու համար ստեղծվեց համակարգող խումբ, որի անդմաների մեծ մասը այս պահին կալանավորված է։



Տեղի ունեցող հանրահավաքների, հակաճգնաժամային խորհրդի վերակազմավորման և այլնի մասին զրուցեցինք դեռ Խորենացի փողոցում հարթակից ելույթ ունեցող, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանի հետ։



- Խորենացի փողոցում Ձեզ հաճախ էինք տեսնում, անգամ ելույթով հանդես եկաք, պատճառը ո՞րն է Ձեր այսօրվա բռնած պասիվ դիրքորոշմանը:



- Ես այս գիշեր եմ վերադարձել Ռուսաստանի Վորոնեժ քաղաքից, ուր և ամսի 3-ից հարկադրված մեկնել էի այնտեղի հարազատներիս հետ պատահած դեպքով պայմանավորված:



- Բազմաթիվ մարդկանց, այդ թվում համակարգող խմբի անդամներին բերման ենթարկեցին և ոչ միայն, անգամ կալանավորելու որոշում եղավ։ Ձեզ բերման ենթարկեցի՞ն այդ օրերին:



- Ինձ երևի զուտ պատահականությամբ պայմանավորված , բերման չեն ենթարկել, և որևէ սպառնալիք ռեժիմի կողմից չեմ ստացել: Ինքս դեռ 1994 թվականից վերապրելով պատերազմը և տեսնելով հերթագայող ռեժիմների ազգադավությունները հանուն իշխանության ու սեփական որկորի, մտահոգ լինելով ազգիս ու երկրիս ճակատագրով , համարյա միշտ եմ եղել այդ կործանարարությունը փոխելու պայքարի կիզակետում:



- Երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ հակաճգնաժամային խումբը վերակազմակերպվում է, նոր պայքար է սկսվում, կմիանա՞ք պայքարին:



- Հակաճգնաժամային խմբի կողմից նորից հարթակ վերադառնալը այլընտրանք չունի, զի այդ հարգարժան մարդկանց, ի տարբերություն տարանուն կուսակցական տարրերի, միավորում է երկիրը կործանումից փրկելու գաղափարը: Եթե այսօր ոմանք հարթակից փորձում են ինքնահաստատվելով լուծել ինչ -ինչ կուսակցական-թայֆայական հարցեր, փոխարենը ազգի արդեն իսկ առկա հատվածականության միավորման, իսկապես նողկալի ու զարհուրելի է: Հարթակը պետք է խոսի Սասնա Ծռերի լեզվով, գաղափարակրությամբ ու միայն:



- Առաջնորդ հարկավո՞ր է այս պայքարը առաջ տանելու և ո՞ւմ եք տեսնում առաջնորդի դերում:



- Առաջնորդությունը արդեն ունենք, այդ հայրենապաշտ նվիրակների հայրենափրկիչ գաղափարի տեսքով: Սրանից ու դուրս, ամենը ռեժիմադեմ սատանայիցն է, ինչպես նաև օրվա հանրահավաքային, կամ զինված հեղափոխական պայքարը, նույնպես նրա չարագոյությամբ պայմանավորվածը, որպես իրավիճակից վերջին ելք: Կարծում եմ՝ օրըստօրե ավելացող գաղափարակիր արթնացածների քանակական որակը շուտով հիմնովին ու խնամքով կմաքրի այս քառորդդարյա ապականություններով աղտեղված օտարահպատակների ավգյան ախոռները: Սա է հրատապ լուծում պահանջող համազգային այն գերխնդիրը, որից կախված է յուրաքանչյուրիս ու հայրենիքի ճակատագիրը, ու բոլորս ենք պարտ մեզանից կախվածը անելու այս խնդրի լուծման գործում: