Ովքեր պայքարում են օկուպացիոն ռեժիմի դեմ հետապնդվում են. Վերաքննիչի բակն այսօր մարդաշատ էր. (տեսանյութ, լուսանկարներ)

Ովքեր պայքարում են օկուպացիոն ռեժիմի դեմ հետապնդվում են. Վերաքննիչի բակն այսօր մարդաշատ էր. (տեսանյութ, լուսանկարներ)

Վերաքննիչ քրեական դատարանի բակն այսօր մարդաշատ էր: Այստեղ այսօր քննվելու էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմենի Մարտիրոսյանի կալանքի որոշումը գրավով փոխելու հարցը: Հավաքվածներում էին նաև Ժառանգության առաջնորդ Րաֆֆիի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:



Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ Արմեն Մարտիրոսյանը շարքային քաղաքացի է, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ով իր սահմանադրական իրավունքները իրականացնելիս բերման ենթարկվեց, այնուհետև բանտարկվեց, իրեն և իր նմաններին սպասվում է 4-10 տարի բանտարկություն և դա ինչի՞ համար, որ մասնակցեց խաղաղ բնույթի սահմանադրական ցույցի․ «Այստեղ դրված է մեր պետության ողջ որակը և այս գործող իշխանությունների իրական երեսը։ Մենք ակնկալում ենք, որ Արմենը, Դավիթը, Հովսեփը և մյուս քաղբանտարկյալները ազատ կարձակվեն, որովհետև այս ճամփով Հայաստանը երբևէ չի դառնալու իրավական երկիր»։



Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ իրենց գործընկերներից երկուսը՝ Դավիթ Սանասարյանը և Արմեն Մարտիրոսյանն ավագանու անդամ են և ավագանու անդամն այսօր ոչինչ փաստորեն չի արել, ընդհակառակը՝ պաշտպանել է ՀՀ քաղաքացիներին ապօրինի ոտնձգություններից և այսօր գտնվում են բանտախցում. «Այս իրավիճակում խոսել ընտրություններին մասնակցության մասին, խոսել ավագանի ունենալու մասին, դառնում է անիմաստ, որովհետև եթե մենք ուզում ենք, որ մեր երկրում տեղի ունենան իրապես ժողովրդավարական գործընթացներ, ապա նման երևույթներ չպետք է լինեն, մինչդեռ կարող ենք ասել, որ 25 տարի շարունակ այս երևույթները մեզ ուղեկցել են, բայց այսօր առավել ևս։ Բոլոր նրանք, ովքեր պայքարում են օկուպացիոն ռեժիմի դեմ, փաստորեն, հետապնդվում են»:



Մոտ 40 րոպե սպասելուց հետո վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը, որի համաձայն Արմեն Մարտիրոսյանը ազատ արձակվեց 1 միլիոն գրավի դիմաց:



Մանրամասները տեսանյութում: