Ես զգում եմ, որ աշխարհը դաժան է, մարդկային չէ

Ես զգում եմ, որ աշխարհը դաժան է, մարդկային չէ

Հայաստանի նկարիչների միությունում երեկ բացվեց «Գույն, ձեւ, ճարտարապետություն» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրի 90-ամյակին: Վան Խաչատուրը ժամանակակից մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրն է։ Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ, գիտնական, արվեստագիտության թեկնածու Վան Խաչատուրը հեղինակն է Մատենադարանի պատերի խճանկարի եւ որմնանկարների։ Նրա ստեղծագործություններից են «Վարդանանքը» (1956-60թթ.), «Մեսրոպ Մաշտոցը» եւ «Մովսես Խորենացին» (1956-57թթ.), 1915թ. Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանները (1964թ., Նոր Խարբերդ, 1964-67թթ., Երեւանի Ծիծեռնակաբերդ), Հովսեփ Օրբելու հուշարձանը (1970թ., ՀՀ ԳԱԱ շենքի առջեւ), Մեսրոպ Մաշտոցի պղնձե բարձրաքանդակը Լոս Անջելեսում, Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ճակատի մոնումենտալ պատ-նկարը (1970-71թթ.) եւ շատ ուրիշ գործեր:



1991թ. իր ստեղծագործական ժառանգությունից մոտ 2 հազար 600 աշխատանք` կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր, նվիրաբերել է Հայաստանին: 2005թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից առաջադրվել է որպես «Տարվա մարդ-2005» կոչման թեկնածու: 2011թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի:



Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում ներկայացված էին վարպետի տարբեր տարիների մի քանի տասնյակ գործեր՝ մեծածավալ գեղանկարներից մինչեւ քանդակներ, գծանկարներ։ Բացման խոսքում միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ մենք գործ ունենք մի մեծ նկարչի հետ, որն ապրում եւ ստեղծագործում է ազգի համար եւ իր եռանդը հաղորդում է նաեւ մնացյալին։



Ինքը՝ վարպետը, մեզ հետ զրույցում նշեց, որ առանձնահատուկ ոչ մի զգացում չունի ցուցահանդեսի բացման հետ կապված, որովհետեւ այն, ինչ արել է, թողել է իր ազգին։ Վան Խաչատուրն ասում է, որ հնարավոր չէ ձեւակերպումներ տալ արվեստում։ «Նկարիչ ծնվում է մարդը եւ չնկարել չի կարող, դա նույնն է, որ կինը հղի է եւ չծննդաբերի, երեխա չբերի։ Նույնն էլ նկարիչն է, որ անընդհատ հղի է ինչ-որ մտքերով, ինչ-որ զգացմունքներով, դարդերով։ Պիտի նկարես, չես կարող չնկարել, նկարիչն ստեղծում է իր աշխարհը, այդ աշխարհը կարող է դաժան լինի, եւ ես զգում եմ, որ աշխարհը դաժան է, մարդկային չէ, եւ դրա համար էլ արտահայտել եմ այն, ինչ զգացել եմ՝ այդ ճնշումն իմ վրա՝ մարդկության կողմից, պետության կողմից եւ ընդհանրապես։ Այս բոլորը, իմ կարծիքով, ճիչ է հոգու ազատության համար։ Մարդը չպիտի ճնշված լինի այդպիսի ուժերով»,-իր նկարների առաջ խորհում է վարպետը։



Ցուցահանդեսին ներկա մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ վարպետը բազմիցս է ցանկություն հայտնել, որ իր ջանքերով բացված տուն-թանգարան-արվեստանոցն ստանա նաեւ պետական կարգավիճակ, նախարարությունն այդ հարցի առնչությամբ ի՞նչ է մտածում։ «Երբեք այդպիսի հարց չի դրվել, որ վարպետն ունենա տուն-թանգարան, վարպետն ունի արվեստանոց, որտեղ ինքն աշխատում է, եւ մենք մեր հնարավորությունների շրջանակում բազմիցս փորձել ենք աջակցել վարպետին՝ ստեղծելու համապատասխան պայմաններ։ Տուն-թանգարանի հարց կենդանության օրոք երբեք ոչ մեկ չի դնում, կոռեկտ չէ նման հարց դնելը, եւ եկեք ժամանակից շուտ չխոսենք դրա մասին։ Իր աշխատանքների մի մասը վարպետը խոստացել է նվիրել մեր ֆոնդերին, պատկերասրահին, եւ մենք այնտեղ կպահպանենք դրանք ու սերունդներին ցույց կտանք։ Ինքն ուզում է, որ իր ֆոնդերը չմնան արվեստանոցում, այլ ցուցադրվեն հանրությանը»,-նշեց Արթուր Պողոսյանը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ