«Վայնասունի» արդյունքում «Ռոսգոսստրախը» հանեց պաստառը

«Վայնասունի» արդյունքում «Ռոսգոսստրախը» հանեց պաստառը

Ազգային պատկերասրահի կամարների տակ հարմար տեղակայված սուրճի եւ պաղպաղակի բացօթյա տաղավարը եւ դրան կից պատի ողջ երկայնքով փակցված «Ռոսգոսստրախ» ընկերության պաստառն այս օրերին բուռն քննարկման առիթ դարձան։ Դա տեղի ունեցավ հատկապես այն բանից հետո, երբ միանգամից տարբեր օգտատերեր, որոնց մեջ էր նաեւ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, պատկերասրահին կից այդ տաղավարի ու պաստառի լուսանկարը հրապարակեցին Ֆեյսբուքում։



Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչպես է այդ տաղավարը հայտնվել Ազգային պատկերասրահի տարածքում, ինչին Ծատուրյանը պատասխանեց, որ դա ոչ թե պատկերասրահի, այլ Հայաստանի պատմության թանգարանի տարածքն է, իսկ առհասարակ իր կարծիքը սա է. «Ես մեկ-մեկ զարմանում եմ, որ մեր հասարակությունն ավելի լուրջ բաների ուշադրություն չի դարձնում եւ ինչ-որ ալիքային բան է բարձրացնում Ֆեյսբուքում։ Ես շատ երկրներում եմ եղել, շատ թանգարաններում, սկսենք Ռոդենի թանգարանից, որտեղ ներսը սրճարան է, կողքը պաղպաղակ են վաճառում։ Դա նորմալ բան է, իհարկե, եթե դա գեղեցիկ, կոկիկ է արված։ Մենք, մոնոէթնիկ ազգ լինելով, շատ ենք վայ-վույ անում, բայց մեր երկիրը նաեւ տուրիստական երկիր է, ինձ թվում է՝ դա մեր քաղաքացիների համար չէ, այլ՝ տուրիստների, եւ ես այս կոնտեքստում՝ ամառային շրջանում նորմալ եմ համարում, կարծում եմ՝ ձմռանը դա արդեն չի լինի»։



Ինչ վերաբերում է «Ռոսգոսստրախ» ընկերության պաստառին, ապա դա նորից Պատմության թանգարանի պաստառն է։ Ծատուրյանը նշեց, որ «Ռոսգոսստրախը» մեծ գումարներով օգնում է Հայաստանի պատմության թանգարանին եւ, որպես հովանավոր, իրավունք ունի նման բանի. «Հիմա եթե մարդ մի բան անում է, մի բանի իրավունք էլ ունի։ Օրինակ՝ պատկերասրահի պաստառների վրա չկա, հետո՝ ամբողջ աշխարհում դա ընդունված է»։ Մեր այն դիտարկմանը, թե այս դեպքում շենքի վրա փակցված «Ռոսգոսստրախի» պաստառն ավելի մեծ է, դոմինանտող, քան Հայաստանի պատմության թանգարանի մասին վկայող գրությունը, ինչը ոչ միայն դիսոնանս է առաջացնում, այլեւ մարդկանց զայրույթը, նա արձագանքեց. «Պատմության թանգարանի ցուցանակի վերեւի մասն է դա, աչքին զարնում է գունային գամմայի պատճառով, որովհետեւ կարմիր եւ սպիտակ է, միգուցե դա քննարկելու խնդիր է, եւ իրենք պետք է քննարկեն, որ դա հեգեմոն չլինի, այսինքն՝ ընդհանուրի 25 տոկոսը լինի կամ 10 տոկոսը։ Միգուցե Դուք եւ մարդիկ ճիշտ եք, որ դա հեգեմոն է, եւ գուցե արժեր մի անկյունում լիներ։ Վերջերս Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսի բացմանն էի, եւ այնտեղ ՎՏԲ բանկն էր մեծ պաստառներ դրել, նույնիսկ բանկային քարտ էին գրանցում տեղում՝ Այվազովսկու նկարով, եւ ոչ ոք վայնասուն չէր բարձրացնում»։ Նկատեցինք, որ այստեղ կա նաեւ մատուցման, կազմակերպման ձեւի կուլտուրայի տարբերություն։ «Ուրեմն եկեք տարանջատենք՝ այո, մենք ընդունում ենք, որ նմանատիպ բան կարող է լինել, բայց կա ձեւավորման, բովանդակության խնդիր, որը մենք չենք ընդունում, եւ դա կարելի է քննարկել։ Բայց ասել, որ դա սխալ է կամ ճիշտ, վիճելի հարց է»,- ասաց Ծատուրյանը։



Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սուրճի եւ պաղպաղակի տաղավարը ժամանակավոր է տեղադրված՝ պայմանավորված ամառային սեզոնով։ «Դա սեզոնային է, սեզոնն անցավ՝ դեմոնտաժվելու է, պայմանագիրն իրենց հետ կնքված է մի տարով»,-նշեց Գրիգորյանը, իսկ թե ինչու են սննդի տաղավարը շենքին այդքան մոտ՝ անմիջապես կամարների տակ տեղակայել, ապա դա իր համար նորմալ է եւ բնական՝ հաշվի առնելով թե տուրիստական եւ թե այցելուների հոսքերը, քանի որ ներսում սրճարան չունի թե պատկերասրահը, թե գրականության թանգարանը. «Զովացուցիչ ըմպելիքների ինչ-որ մի կետ է դրված եւ վերջ»։



Երեկ, օրվա ընթացքում, փոխվել է նաեւ «Ռոսգոսստրախ» ընկերության պաստառը, ո՞րն է պատճառը։ «Դե, իրենք էլ տեսան, որ իսկականից շատ մեծ է գրված, եւ փոխեցինք, այդտեղ խնդիր չկա։ «Ռոսգոսստրախը» մեր հովանավորն է, եւ շատ ծրագրեր մենք համատեղ ենք իրականացնում եւ ունենք գործընկերային լավ հարաբերություններ, եթե ինչ-որ խնդիր է առաջանում, բնականաբար, քննարկում ենք, եւ եթե կան լուծումներ, տալիս ենք այդ լուծումները»։ Մեր այն դիտարկմանը, թե առաջացած աղմո՞ւկն է եղել պատճառը, որ ընկերությունը գնացել է այդ քայլին, Գրիգորյանը նշեց, որ ինքը չի հետեւում այդ աղմուկներին եւ դրա մասին իմացել է քաղաքապետարանից, որից հետո երկուստեք խնդրին լուծում է տրվել։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ