Հոգեւորական-լուսանկարչի «Այֆոնագրաֆիան» Հայ Երուսաղեմի մասին

Հոգեւորական-լուսանկարչի «Այֆոնագրաֆիան» Հայ Երուսաղեմի մասին

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում երեկ Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի վանահայր հայր Ղեւոնդ վարդապետ Հովհաննիսյանի «Հայ ԵրուսաղԷմ» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացումը: Երուսաղեմի հայկական թեմի վանահայրը, որը նաեւ ակտիվ բլոգեր է, որպես կանոն, լուսանկարում է ոչ թե ֆոտոխցիկով, այլ՝ հեռախոսով: Ցուցահանդեսում ներկայացված էր հոգեւորական- լուսանկարչի 68 աշխատանք, որոնք բոլորն արված էին «Այֆոն» հեռախոսով։ Վիրտուալ աշխարհում մեծ ճանաչում ունեցող հոգեւորականը հեռախոսով սկսել է լուսանկարել իր համար «Այֆոն» ձեռք բերելուց հետո։ Դրանից հետո ամեն օր նա մի լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ բարի լույսի մաղթանքով, ու այդպես արդեն 4 տարի։ Այս տարի հայր Ղեւոնդը հրատարակել է «Այֆոնագրաֆիա» «Հայ ԵրուսաղԷմ» խորագրով գիրքը, որտեղ զետեղել է այդ 4 տարիների ընթացքում արած իր լավագույն լուսանկարները։



«Երուսաղեմն ինձ համար պարզ քարեր չեն կամ ուղղակի մարդիկ, Երուսաղեմն ինձ համար հայ ժողովրդի հոգեւոր պատմությունն է, նրա ներկայությունը՝ Աբգար թագավորից սկսած։ Այդ քարերի մեջ մեր ուխտավորի աղոթքն է, հոգին, ես դա եմ ուզեցել ներկայացնել։ Շատ ուխտավորներ գալիս են ու, չտեսնելով շատ բաներ, գնում են, ինձ ասացին՝ ինչո՞ւ նկարներիդ տակ չես թողել ոչ մի գրություն, իմ կարծիքով՝ Երուսաղեմը միշտ ունի բազմակետեր եւ ստորակետեր, եւ այդ ստորակետից հետո դուք պիտի գաք եւ լրացնեք»,-ասում է Հայր Ղեւոնդն ու պատմում, որ Երուսաղեմն ունի նաեւ հայ հոգեւորական-լուսանկարչի նախատիպեր, որոնցից մեկը Եսայի պատրիարքն է, որը 1800թ.-ին Երուսաղեմ է բերել լուսանկարչությունը եւ ազատ ժամերին սիրում էր լուսանկարել։ Այդ լուսանկարներից շատերը մինչ օրս պահպանվում են։



Հայր Ղեւոնդի համար լուսանկարչությունն արարչագործության մի ձեւ է, իսկ իր հերոսն էլ այն է, ինչ այդ պահին զգում է։ Ասում է՝ քանի որ իր լուսանկարները Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրում է «Բարի լույս, Աստված Ձեզ պահապան» գրությամբ, ապա ձգտում է, որ դրանք ինչքան հնարավոր է մոտ լինեն հոգեւոր թեմաներին, բայց նկարում է ամեն ինչ, բացի կերակուրներից։ «Հետո, գիտեք՝ դժվար էլ է այսպես փարաջայով, հեռախոսը ձեռքդ՝ ընկնես փողոցներով, «Այֆոնի» լավն այն է, որ դու կարաս նկարես ու սոցիալական ցանցում տեղադրես, բայց լինում են շատ պահեր, որ պետք է մոտենաս, շատ գեղեցիկ պատկեր է, բայց չես կարողանում մոտենաս»,- ասում է ու նշում, որ զգույշ է նկարում, եթե նկատում է, որ մարդուն դուր չի գալիս, չի նկարում. «Մի ժամանակ երեխաներ շատ էի նկարում, հետո իմացա, որ օրենքով պետք է ծնողի թույլտվությունը՝ այն համացանցում հրապարակելու համար, դրա համար այլեւս չեմ նկարում»։



Հայր Ղեւոնդը նաեւ «Այֆոնագրաֆիա» թեմայով վարպետության դաս անցկացրեց: Այֆոնագրաֆիան, առաջ գալով «Այֆոնի» ստեղծման պահից, հիմա արդեն շատ տարածված ոճ է ամբողջ աշխարհում։ Այֆոնագրաֆիան ենթադրում է ոչ միայն «Այֆոնով» արված լուսանկար, այլ նաեւ լուսանկարի հետագա մշակումն «Այֆոնի» ծրագրերով. «Շատ հայտնի լուսանկարիչներ «Այֆոնով» լուսանկարելու ջատագովներ են դարձել։ «Այֆոնը» միայն ֆոտո չէ, այլ նաեւ վիդեո է, այսօր շատ տեսահոլովակներ են նկարահանվում նաեւ «Այֆոնով», երգեր են ձայնագրում, հետաքրքիր փորձարկումներ են անում։ Հիմա մինչեւ անգամ կան միջազգային ցուցահանդեսներ, մրցույթներ՝ «Այֆոնով» արված լուսանկարների համար»։



Հոգեւորական-լուսանկարչից հետաքրքրվեցինք, թե ժամանակակից տեխնոլոգիաներն ինչքանով վնասեցին լուսանկարչությանը, հատկապես՝ որ վերջին տարիներին արդեն լուրջ ամսագրերի շապիկներին հայտնվում են «Այֆոնով» արված լուսանկարներ։ Հայր Ղեւոնդը, սակայն, համոզված է, որ հեռախոսներով նկարելը նախ թեթեւ է, պարզ ու հարմար. «Այդ կամերաները՝ այդքան ծանր ու մեծ, չես կարող ամեն տեղ վերցնել, իսկ հեռախոսը միշտ հետդ է։ Հետո, երբ նայում ես, տեսնում ես, թե ժամանակի ընթացքում ինչպես է զարգացել լուսանկարչությունը, եւ այսօր մարդիկ գնում են ավելի դյուրին եւ արագ ճանապարհով։ Դրա համար հեռախոսների մեջ մրցակցություն է գնում որակը բարձրացնելու համար։ Իսկ մեծ լուսանկարչական ապարատները շարունակում են մնալ լուրջ գործերի համար, առօրյա կյանքում գերիշխող են դառնում հեռախոսները»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ