Խեղված ճակատագրերն ու պատերազմի արհավիրքները գրականությունում

Խեղված ճակատագրերն ու պատերազմի արհավիրքները գրականությունում

Հայաստանի գրողների միությունը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2-րդ տարին է արդեն՝ համատեղ մրցանակաբաշխություն են անցկացնում՝ նվիրված Հայոց բանակին եւ նորօրյա հերոսամարտերին, որտեղ մրցանակներ եւ շատ սիմվոլիկ դրամական պարգեւներ (1-ին մրցանակ՝ 80 հազար, 2-րդ մրցանակ՝ 60 հազար, 3-րդ մրցանակ՝ 40 հազար դրամ) են հանձնվում գրականության մի շարք ոլորտներում՝ արձակ, պոեզիա, հրապարակախոսություն։ Մրցանակաբաշխության այս տարվա արդյունքներն արդեն հայտնի են. արձակում 1-ին մրցանակը տրվել է Հրաչ Բեգլարյանին՝ «Լոխ լավ ա…» պատմվածքի համար, 2-րդ մրցանակին արժանացել է Ժաննա Հակոբյանը՝ «Չսպիացող հոգիների ցավը» գրքի համար, Հակոբ Հարությունին՝ «Ծանրոց» պատմվածքի համար, բաժին է հասել 3-րդ մրցանակը:



Պոեզիայում 1-ին մրցանակ չի տրվել ոչ մեկի, փոխարենը 2-րդ եւ 3-րդ մրցանակային տեղերը կիսվել են 6 հոգու միջեւ։ 2-րդ մրցանակ է տրվել Կարինե Աշուղյանին՝ «Արծիվներին», Ղուկաս Սիրունյանին՝ «Պատերազմ», Նորայր Գրիգորյանին՝ «Նամակներ դիտակետից» բանաստեղծական շարքերի համար: 3-րդ մրցանակը տրվել է Սամվել Կոսյանին՝ «Երկրապահները», Սամվել Մարգարյանին՝ «Հաղթակամար», եւ Նոնա Պողոսյանին՝ «Քառօրյա կանչ» բանաստեղծական շարքերի համար:



Հրապարակախոսության ոլորտում մրցանակներ են տրվել Սամվել Բեգլարյանին՝ «Արծիվները լեռներում են ապրում» հոդվածի համար, ինչպես նաեւ Ալիխանե Մամեին՝ «Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է» հոդվածաշարի համար: Գրականագիտության մեջ մրցանակ է տրվել Պետրոս Դեմիրճյանին՝ «Արցախյան ազատամարտը եւ գրականությունը» հոդվածի համար: Խրախուսական մրցանակ է տրվել նաեւ Էդվարդ Հարենցին՝ «Պատերազմ, 1993» բանաստեղծական շարքի համար: Հատուկ մրցանակ է տրվել բանաստեղծ, ազատամարտիկ Վարդան Ավետիսյանին՝ «Լույսի օրհնություն» գրքում Արցախյան ազատամարտին նվիրված բանաստեղծական շարքի համար:



«Նամակներ դիտակետից» բանաստեղծական շարքը Նորայր Գրիգորյանի նոր գրքի շարքերից մեկն է, որը բանաստեղծը չի գրել հատուկ մրցանակաբաշխության համար։ ««Նամակներ դիտակետից» բանաստեղծությունը գրել եմ ապրիլի 4-ի առավոտյան 6-ին, երբ դեռ հասկանալի չէր՝ սա պատերա՞զմ է, թե՞ ոչ, դրանից հետո գրեցի նաեւ Արմենակ Ուրֆանյանին նվիրված բանաստեղծություն։ Բայց ես այդ օրերից առաջ էլ, այդ օրերից հետո էլ այդ թեմայով գրում եմ։ Դա ինչ-որ մի բան է, որ ենթագիտակցորեն զգում ես, որ պետք է լինի, գրում ես-գրում ու հետո տեսնում ես՝ եղավ»,-ասաց Գրիգորյանը։



Արձակագիր Հրաչ Բեգլարյանը զինվորական, պատերազմի թեմայով շատ գործեր ունի՝ պատմվածքներ, հոդվածներ։ Ասում է՝ 1-ին մրցանակին արժանացած իր «Լոխ լավ ա…» պատմվածքի համար նախատիպ է ծառայել իր ընկեր ազատամարտիկներից մեկի պատմած մի փոքր պատմությունը։ «Պատերազմի ժամանակ վարորդին կարգադրում են, որ գնա ու Արցախից մի 20-30 երեխա տեղափոխի՝ Սեւանի ափին հանգստանալու, բայց ճանապարհին ավտոբուսը գնդակոծում են, ու երեխա է զոհվում...»,- իր պատմվածքը համառոտ պատմում է Բեգլարյանն ու նշում, որ ապրիլին այն տպագրվել է արդեն «Գրական թերթում»։



Բեգլարյանը ցանկություն է հայտնում, որ մեր օրերում գրողին մի քիչ լավ նայեն, որպեսզի գրողը ձեռքը մեկնած վիճակում չլինի եւ այլ գործով չզբաղվի. «Գրողի մարտադաշտն իր սեղանն է, եւ այդ մարտադաշտում ես ժամանակ չունեմ գնամ՝ ցուցարարի կողքին կանգնեմ, ես իմ գրքով ու գրով ցուցարարի կողքին եմ, իմ երկրի, իմ բանակի կողքին եմ, իմ խրամատում կռվող տղայի կողքին եմ, բայց որպես զինվոր ես զրո եմ, կրակել չգիտեմ, իմ հրացանն իմ գրիչն է»։ Բեգլարյանն ասում է, որ այս 25 տարիների ընթացքում ինչպես գրվել, այնպես էլ շարունակում են գրվել շատ արժեքավոր գործեր։



Մրցութային հանձնաժողովի նախագահը եղել է բանաստեղծ Շանթ Մկրտչյանը, հանձնաժողովի մեջ է եղել նաեւ գրականագետ Արմեն Ավանեսյանը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթի համար ստացել են շուրջ 40-50 հայտ, որոնց մեջ ներկայացված են եղել թե բանաստեղծական շարքեր, թե առանձին գրքեր, արձակի դեպքում, պատմվածքներից բացի, եղել են նաեւ վեպ ու վիպակ։ «Պոեզիայում առաջին մրցանակ չտրվեց, որովհետեւ այդ փայլուն գործը չկար, բայց փոխարենը 3-ական մրցանակ տրվեց 2 տեղի համար»,-նշեց Ավանեսյանը՝ նկատելով, որ քանի որ մրցույթին ամբողջ գրական դաշտից ընդամենը մի փոքր խումբ էր մասնակցում, ապա դժվար է եւ ճիշտ չէ ըստ դրա խոսել գրական դաշտում ընթացող պրոցեսների եւ գրական գործերի որակի մասին. «Մրցանակաբաշխության իմաստը նաեւ այն էր, որ նոր գրված գործ պետք է լիներ, բայց ասեմ, որ բավականին նորմալ, զորավոր գրականություն ունենք՝ համեմատած թե եվրոպական, թե ռուսական ժամանակակից գրականության հետ։ Ամեն դեպքում՝ չենք զիջում»։



Արմեն Ավանեսյանը նկատում է, որ եթե Հայրենական մեծ պատերազմից հետո սկսեցին գրվել հերոսական վեպեր, դա լինի «Վարդանանքը», թե «Պապ թագավորը», որոնք նաեւ պատվիրված էին պետական մակարդակով, քանի որ հերոսական ոգին բարձրացնելու խնդիր կար, եւ դա ուրիշ քաղաքականություն էր, ապա Արցախյան պատերազմի դեպքում գրականություն բերվեցին խեղված ճակատագրերը, պատերազմի արհավիրքները։ Բացի այդ, ըստ գրականագետի, պետք է նկատի ունենալ նաեւ այն, որ դա անկումային ժամանակաշրջան էր, «մութ ու ցուրտ» տարիներ, բայց, անկախ այդ ամենից, հետաքրքիր դրսեւորումներ եղան, եւ հրաշալի բանաստեղծություններ ու գործեր գրվեցին։



Լուսանկարը՝ «Գրեթերթի»