Ուրախ եմ, որ ժողովուրդն անտարբեր չէ հաց բերողի ճակատագրի նկատմամբ

Ուրախ եմ, որ ժողովուրդն անտարբեր չէ հաց բերողի ճակատագրի նկատմամբ

«Հաց բերող» անունն ստացած Արթուր Սարգսյանը հուլիսի 31-ից կալանքի տակ է։ Վերաքննիչ դատարանը երեկ մերժեց Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը, ինչը դժգոհության ալիք բարձրացրեց։ Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը չի կարող ասել՝ սա ինչքանո՞վ է քաղաքական որոշում, թե ոչ, բայց որ Արթուր Սարգսյանը որեւիցե հանցանք չի գործել, ընդհակառակը՝ բարի գործ է արել, եւ այդտեղ բարոյական բան կա, դա փաստ է։ «Նա ուղղակի հաց է տարել մարդկանց, ովքեր հացի կարիք ունեին, ինչը պետք է նույնիսկ աներ Կարմիր խաչը։ Ես անձամբ չեմ ճանաչում իրեն, բայց տեղեկացրին, որ ինքն առողջական լուրջ խնդիրներ ունի, հետո՝ որեւէ հանցանք չի արել, մոտը ոչ զենք է ունեցել, ոչ էլ այլ բան, ուղղակի հաց է տարել։ Դա միայն մեր ժողովրդի բարոյական կերպարի մասին է խոսում, թեեւ իր կյանքն էլ վտանգված էր, կարող էին եւ իր վրա կրակել, բայց այդ մարդն իր կյանքը վտանգելու գնով մարդկանց հաց է հասցրել։ Ես դրա մեջ որեւիցե դատապարտելի բան չեմ տեսնում»,-նշեց Շահումյանն ու նկատեց, որ այդ դեպքերը մտածելու շատ բան տվեցին թե իշխանություններին, թե ժողովրդին. «Դա բոլորին զգաստացման, մի քիչ երկրի մասին մտահոգվելու թեմա է տվել»։



Այն, որ Հաց բերողի կերպարը մեծ ժողովրդականություն է վայելում, նրա ձեռքի գործերն օրերի ընթացքում վաճառվեցին Վերնիսաժում, առաջիկայում էլ, ի աջակցություն նրա, համերգ է կազմակերպվելու Օպերայի հրապարակում, կստիպի՞ արդյոք իշխանություններին վերանայել նրա հանդեպ կալանքի որոշումը։ «Ես չգիտեմ դատարանն ինչ կանի, բայց ես ուրախ եմ, որ ժողովուրդն անտարբեր չէ, ինձ ուրախացնում է ժողովրդի ուշադրությունը, մեր ժողովուրդը գնահատել գիտի, որ եթե մարդը հանցանք չի գործել եւ բարի գործ է արել, ժողովուրդը դա անմիջապես գնահատում է։ Իսկ ժողովրդի անտարբերությունն ամենավատ զենքն է երկրի համար։ Ես չգիտեմ միջոցներից որն է լավը, որը՝ վատ, բայց որ ժողովուրդն անտարբեր չէ մեր իրականության հանդեպ, դա ինձ ուրախացնում է»։



Հաղթանակ Շահումյանը կողմ չէ ավելորդ հերոսացումներին, նա կարծում է, որ Արթուր Սարգսյանի քայլը ոչ այնքան հերոսական, որքան մարդկային պահվածք է եղել. «Ես դա ավելի շատ մարդկային արարք եմ դիտում, քան հերոսացում։ Հաց տանողի այդ պահվածքը մեր ժողովրդի էությունից եկող բան է, մի դրական բան, դա միշտ էլ եղել է մեր խղճմտանքը, մեր ժողովրդի կարեկցանքն օտար մեկի նկատմամբ, ուր մնաց մեր հայ մարդկանց նկատմամբ չլիներ, ովքեր կռված, նշանավոր մարդիկ են եղել։ Ես դրա մեջ շատ լավ բան եմ տեսնում եւ կարծում եմ՝ ժողովուրդը հենց այդ լավ որակի համար է, որ մտահոգ է եւ ուզում է, որ նրան ազատ արձակեն, հատկապես հիվանդ անձնավորությանը կալանքի տակ պահելը... եթե խնդիր կա եւ պետք է քննարկվի դատարանում, պարտադիր չէ, որ այդ մարդը կալանքի տակ լինի»։



Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանին «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանն առաջադրելուն, ինչի հետ կապված՝ շատերը կողմ արտահայտվեցին, ապա գեղանկարիչը կարծում է, որ ամեն ինչ կախված է մրցանակաբաշխության կանոնադրությունից, եթե այն թույլ է տալիս, հնարավոր է եւ առաջադրեն, եթե, իհարկե, քաղաքական նկատառումներով առաջ չշարժվեն։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ