Սպիտակի երկրաշարժի մասին ռուսական ֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդների ցանկում

Սպիտակի երկրաշարժի մասին ռուսական ֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդների ցանկում

Covert Media անկախ կինոընկերության Lexica Films միջազգային վաճառքների ապրանքանիշը ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի՝ Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմը Տորոնտոյում եւ Հյուսիսային Ամերիկայում ներկայացնելու իրավունք է ձեռք բերել: Lexica Films-ը մտադիր է նաեւ իրավունք ձեռք բերել ֆիլմի անգլալեզու ռիմեյքի ստեղծման համար: Ի դեպ, կինոընկերության ղեկավարությունը Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ֆիլմը տեսնում է որպես «Օսկար» կինոմրցանակի դափնեկրի թեկնածու` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: «Երկրաշարժ» ֆիլմն այս տարի ներկայացված է Հայաստանից «Օսկարի» մրցանակաբաշխությանը, բայց վերջնական ընտրությունը կատարելու է Ազգային կինոակադեմիան։



Այն կինովարձույթում կհայտնվի 2016-ի դեկտեմբերից, իսկ հայաստանյան պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 17-ին: Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տեւել են շուրջ 2 տարի, բուն նկարահանումները՝ 41 օր, որոնք կատարվել են թե Ռուսաստանում, թե Հայաստանում: Հետաքրքիր է, որ աղետի տեսարանները նկարահանվել են Մոսկվայում, խաղաղ կյանքի պատկերները՝ Գյումրիում: Ռեժիսորն այդ որոշումը բացատրել է նրանով, որ յուրաքանչյուր գյումրեցու համար այդ հիշողությունները ցավոտ են, բոլորը հիշում են այդ ողբերգությունը, բոլորն էլ հարազատ են կորցրել: Գյումրիում նկարահանվող մասսայական տեսարաններին մասնակցել են հենց գյումրեցիները: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժն ընդգրկեց ՀՀ տարածքի մոտ 40%-ը: Տուժեցին 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ, այդ թվում՝ Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները: Անօթեւան մնաց կես միլիոնից ավելի մարդ: Զոհերի թիվը հասավ 25 հազարի, 19 հազար մարդ հաշմանդամ դարձավ:



1988-ի սարսափելի երկրաշարժի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերը մարմնավորել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն տղամարդկային դեր» մրցանակի դափնեկիր Կոնստանտին Լավրոնենկոն: Նկարահանվել են նաեւ Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Հրանտ Թոխատյանը, Իրինա Բեզռուկովան, Միքայել Պողոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Ջանիբեկյանը, Արմեն Մարգարյանը, Արսեն Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը եւ այլ հայտնի դերասաններ:



Ֆիլմի պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, Ղեւոնդ Անդրեասյանը։ Սցենարի հեղինակները՝ Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը, Հրանտ Բարսեղյանը։ Սաունդթրեքը կատարում է «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը, որը նաեւ երաժշտության հեղինակն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։ «Երկրաշարժ» ֆիլմում աղետի իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոսի պատմություն: Ճակատագրի հեգնանքով հանդիպում են 45-ամյա Կոնստանտին Բերեժնին եւ 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանը, բայց ոչ առաջին անգամ: Շատ տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով կյանքից հեռացել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին որդեգրել են բարեկամները: Հանգամանքների բերումով Բերեժնին վերադառնում է տուն հենց երկրաշարժի օրը, նրան սպասում են կինը, դուստրը, որդին եւ Ռոբերտը, որը Կոնստանտինին այդպես էլ չէր ներել ծնողների մահվան համար: Ճակատագրի բերումով հերոսները հայտնվում են միեւնույն փրկարարական թիմում, սակայն միմյանց միանգամից չեն ճանաչում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ