Բեմի վրա պետք չեն ավտոմատով կրակող, զոհվող ֆիգուրներ

Բեմի վրա պետք չեն ավտոմատով կրակող, զոհվող ֆիգուրներ

Բեմադրիչ Դավիթ Հարությունյանի նոր՝ «Արծվաբույն 1991» ներկայացումը, որն անդրադառնում է Արցախյան պատերազմի թեմային, վերանորոգված եւ տեխնիկապես վերազինված Սունդուկյան թատրոնի բեմ կբարձրանա հոկտեմբեր ամսին։ Պիեսի հեղինակն արձակագիր Հրաչ Բեգլարյանն է։



Բեմադրիչ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ պետք չէ սպասել հատուկ հոբելյանների կամ առիթների, որպեսզի արցախյան թեմայով ֆիլմեր կամ ներկայացումներ արվեն։ Ասում է՝ երկար ժամանակ ցանկանում էր անդրադառնալ այդ թեմային, որովհետեւ դա իր համար ոչ թե «շահեկան», այլ շատ ազնիվ, զգույշ, պարտավորեցնող թեմա է, որտեղ չի կարելի սեթեւեթել։ «Այդ թեման ինձ հուզում էր երկար ժամանակ։ Ես ուզում եմ «թաթախվեմ» դրա մեջ, որովհետեւ ուզում եմ այդ տղաների, այդ կանանց մասին ինչ-որ բան պատմել։ Սա մեր պատմությունն է, եւ դա է ինձ առաջ մղել։ Ես կարող էի դա անել 5 տարի առաջ, բայց հիմա արեցի, որովհետեւ հիմա հասունացավ։ Մենք աշխատանքներն ու փորձերն սկսեցինք հոկտեմբերին եւ արդեն ապրիլին ունեցանք այս իրավիճակը։ Դա մի պահ մեզ ավելի լարեց, ու սկսեցինք ավելի զգուշավոր մոտենալ, պատասխանատվությունն առնվազն 3 անգամ մեծացավ»,-պատմում է Հարությունյանն ու նկատում, որ թե թատրոնը եւ թե անձամբ Արմեն Էլբակյանը մեծ ոգեւորությամբ են ընդունել իր առաջարկը, որովհետեւ. «Մենք մասնավորապես թատրոններում ունենք այդ թեմայի շուրջ մեծ բաց։ Ինչ-որ փորձեր արվել են, եւ սկսեցին շատ հրատապ բաներ անել նաեւ այն ժամանակ, երբ եղան ապրիլյան դեպքերը»։



Բեմադրիչի կարծիքով, սա բավականին ծանր թեմա է, եւ ներկայացումն էլ ծանր է լինելու թե հուզականության, թե մարդկային փոխհարաբերությունների առումով։ Այս ընթացքում պիեսը մոտ 4 անգամ խմբագրվել է, արդյունքում ստացել են 2 գործողությամբ հետաքրքիր մի պատմություն. «Կոչվում է «Արծվաբույն 1991», որտեղ Հրաչ Բեգլարյանը մի քանի իրական դրվագներ է մտցրել, այսինքն՝ սա ոչ թե փաստավավերագրություն է, այլ գեղարվեստական նյութ է դարձել իր սյուժետային գծով, որի մեջ տեղադրված են իրական դեպքեր, հումորով տեսարաններ շատ կան, որից անմիջապես հետո փշաքաղվում ես ու հուզվում։ Դեպքերը տեղի են ունենում 91-92թթ.-ին, Քարակապ գյուղում։ Այդպիսի գյուղ իրականում էլ կա, բայց՝ Նախիջեւանում, որը հիմա անվանափոխվել է, եւ Քարակապը հենց ճակատամերձ այդ ավերված գյուղերն են, որի բնակիչները ռմբակոծվելուց հետո փախստականներ են դարձել։ Եվ այդ լեռներում, քարանձավներում կան ջոկատներ, որոնք մեր աչքի առաջ են։ Բավականին հետաքրքիր սյուժետային գիծ է, եւ բավականին երկար աշխատանք ենք տարել։ Ես շատ եմ զրուցել ազատամարտիկների հետ՝ կոնսուլտացիայի կարգով, եւ տղաները դեմ էին, որ պատերազմական կռվի տեսարաններ լինեն, դա ոչ թե վախենալու է, այլ շատ դժվար բան, նույնիսկ ֆիլմերում չեն կարողանում այն ճշմարտացի ներկայացնել, բայց բեմանկարչի հետ գտանք այն արտահայտչամիջոցը, որ կարելի է դա ցույց տալ, որովհետեւ սա թատրոն է, եւ բեմի վրա պետք չեն ավտոմատով կրակող, զոհվող ֆիգուրներ»։



Դերասանական խմբում, ըստ ռեժիսորի, հետաքրքիր եւ բազմերանգ անհատականություններ են ներգրավված, որոնց մեջ են Ջուլիետա Ստեփանյանը, Մարիամ Դավթյանը, Անդրանիկ Զաքարյանը, Արթուր Հարությունյանը, Ծովինար Մարտիրոսյանը։ «Շատ գոհ եմ ստեղծագործական խմբից, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը նաեւ որպես քաղաքացի էր իր սերն ու զգացմունքներն արտահայտում այս գործին։ Կերպարները, վստահ կարող եմ ասել, շատ ռեալ, շոշափելի, ինչքան հնարավոր է՝ անսուտ են։ Ես, որպես ռեժիսոր, ինչպես եւ մյուս ռեժիսորները, հակում ունեմ թատերական լեզվով ու այլ միջոցներով պատմել, բայց ահագին բաներից հենց ինքս եմ հրաժարվել, որովհետեւ սա այն դեպքը չէ, սա մեր նորագույն պատմությունն է, մեր ազատագրական պայքարը, որտեղ ուզեցի շատ ուշադիր լինել եւ հարգել մարդկանց էմոցիաները, հիշողությունները։ Որպես ռեժիսոր, սկզբում այլ ֆորմատ էի մտածել, հետո աշխատեցի փայլուն բեմանկարիչ Սեդրակ Վելիկոդնիի հետ եւ ընտրեցի ավելի ռեալիզմին հարող բեմադրակարգ։



Զգուշավորություն կար նաեւ՝ շատ չափերը չանցնել ողբերգականության տեսարանների եւ էմոցիաների մեջ, դրանք, անշուշտ, կան, բայց ավելին դրանց մատուցման ձեւի մեջ այդ էտապում պետք չէր։ Շատ հետաքրքիր եւ ճաշակով է եղել նաեւ երաժշտությունը, առանց ավելորդ լարումների եւ ճնշումների, որի հեղինակն Արման Էլբերտն է»,-նշում է ռեժիսորն ու ընդգծում, որ ներկայացումը լինելու է առանց ավելորդ պաթոսի եւ պլակատային կոչերի։
Եթե վերջին տարիներին կինոյում Արցախյան պատերազմի թեմային որոշ անդրադարձներ արվեցին ու շարունակում են արվել, ապա թատրոնում պատկերն այլ է։ Թե որն է պատճառը, որ արցախյան թեմային քիչ է անդրադարձ արվում, Դավիթ Հարությունյանը դժվարանում է ասել. «Օրինակ, ես լսել էի, որ Մոնթեի մասին Գյումրիի թատրոնն ուզում էր ներկայացում անել, հետո երեւի խնդիրներ եղան, ու դա ժամանակավորապես ծալել-դրել են մի կողմ։ Դրանից բացի, մեր մեջ ինչ-որ վախ կա։ Կոմիտասի մասին ֆիլմ են նկարում, բայց վախենում են Կոմիտասին ցույց տալ կամ խույս են տալիս, բայց չէ՞ որ մենք տեսնում ենք, որ Հիսուսի մասին արդեն բազմաթիվ սերիալներ կան։ Ինչո՞ւ են ռուսներն իրենց հերոսների մասին արդեն բազմաթիվ ֆիլմեր նկարել՝ Դոստոեւսկուց սկսած մինչեւ Վիսոցկի, ինչո՞ւ նույնը մենք չենք անում նաեւ թատրոնում։ Ինչո՞ւ չենք կարողանում դա անել, հատկապես, որ այդպիսի պատմություններ են եղել այդ տարիներին»։



Բեմադրիչը կարծում է՝ ամեն գործ չէ, որ դառնում է բեմի «ապրանք», ամենակարեւորը դրամատուրգիան է եւ իրադարձությունները. «Ամեն գործ չէ, որ կարողանում է տեղավորվել այդ քառակուսու մեջ, գեղեցիկ գրականություն կա, որ ոչ էկրանավորել է լինում, ոչ էլ բեմ հանել, ընդամենը կարող ես ազդվել եւ հուզական ապրումներ ունենալ։ Ես այդպիսի գրականություն շատ թերթեցի, մինչեւ գտա այն, ինչ ուզում էի»։



(Լուսանկարներն արված են փորձասենյակում)