Պատերազմում հաղթել ենք, եւ հաղթանակը պետք է վավերացնել

Պատերազմում հաղթել ենք, եւ հաղթանակը պետք է վավերացնել

Գրականագետ Դավիթ Գասպարյանի գնահատմամբ, Արցախի 25-ամյա անկախությունն արդեն իսկ պատմական փաստ է, իսկ այն, որ իրենց անկախությունը նվաճած երկրների շուրջ մշտապես դիվանագիտական բանակցություններ ու խճողումներ կան, դա էլ է իրողություն։ «Բայց մենք վաղուց արդեն մեր ժողովրդին պետք է կերակրենք ոչ թե նրանով, թե ով ինչ ասաց եւ դիվանագիտական ինչ դիրքորոշում գրավեց, այլ հստակ խոսենք անկախ Արցախի պետականության կայացման մասին։ Կա պետություն, կա ժողովուրդ, եւ մենք էլ պետք է նպաստենք նրա կենսագործմանը՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, բնակչություն։ Այն օրը լսեցի, որ մոտավորապես 2 հազար աշակերտ պետք է գնա Արցախի դպրոցներ, որը շատ քիչ է, բնակչությունը նվազում է, իսկ մենք ի՞նչ ենք անում դրա համար։ Մենք մեր երկիրը պետք է կառուցենք, մեր ուշադրությունը սրա վրա պետք է հրավիրենք եւ ժողովրդի մեջ պարտվողի հոգեբանություն չձեւավորենք»,- ասում է գրականագետը։



Թե երկու հանրապետություններն ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, ինչպես պետք է խրախուսեն բնակչությանը, որ վիճակը քիչ թե շատ բարելավվի, եւ մարդիկ չթողնեն հեռանան իրենց երկրից, ապա նախ պետք է երկու հանրապետությունում էլ վերացնել «ես եմ, որ կամ-ությունը», մի քիչ կարգուկանոն հաստատել եւ ժողովրդի մասին մտածել. «Ոչ թե մեր թիմը, մեր կուսակցությունը, ու այդպես քանդել երկիրը մինչեւ հատակ։ 25 տարի անցավ, ի՞նչ գործարան կառուցեցինք, ի՞նչ ֆաբրիկա հիմնեցինք, քանի՞ մարդու աշխատանքով ապահովեցինք։ Մենք պետք է ստեղծենք, բայց չենք անում։ Հետո մի բան էլ կա, այն, որ մեր ղեկավարի հետ հանդիպմանը Պուտինն ասում է, որ 10 մլն.-անոց տնտեսական առաջընթաց ունեցող Ադրբեջանն ումից ասես զենք կգնի, դրանով կարծես ասում է, թե էս ի՞նչ է ձեր վիճակը, ոչ բնակչություն ունեք, ոչ էլ տնտեսական աճ ունեք, եւ դրա համար Ժիրինովսկու նման ծաղրածուները կարող են այսօր էլ բռնել թուրքական գիծը եւ ասել՝ թքած Հայաստանի վրա, որովհետեւ այն մարդը, որը Հայաստանն անվանեց քոսոտ երկիր, մենք նրան ոչ թե պատժեցինք, այլ հերթական անգամ վերընտրեցինք իր պաշտոնում։ Մենք ստեղծումով պետք է գնանք դեպի անկախության հոբելյանը»։



Դավիթ Գասպարյանը կարծում է, որ մեկընդմիշտ պետք է վերջ տալ պարտվողականությանը, իսկ խեղճությունը պետք է բացառել. «Այդ ամենի համար կյանք է տրվել, եւ մենք 25 տարի որ այսքան վատ ենք ապրում, նաեւ դա է եղել պատճառը, որ դիմացել ենք։ Ոչ մի զիջում, զիջումը պարտվողականություն է, չնչին զիջումը բերելու է հաջորդական զիջումների շարքը, եւ դա տանելու է վերջնական պարտության։ Ուրեմն՝ ոչ մի զիջում։ Ամուր դիրքերից պետք է խոսել՝ պատերազմ է եղել, այդ պատերազմում հաղթել ենք, եւ հաղթանակը պետք է վավերացնել»։



Ըստ Գասպարյանի, շատ նուրբ հարց է՝ ունենալ 25-ամյա անկախ հանրապետություն, որը, սակայն, բանակցային սեղանի շուրջ չի նստում. «Չճանաչված պետություններն ունեն իրենց երաշխավորները, որոնք իրենց անունից խոսում են, չճանաչված պետությունների դեպքում կա այդ նուրբ պահը, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ Ղարաբաղի ձայնը լսվի, եւ Ղարաբաղն էլ իր ձայնը պետք է լսելի դարձնի։ Հետո լսել եմ, որ ասում ենք՝ պարտադիր չէ, որ դա քաղաքական ատյաններում լինի։ Ղարաբաղը մի լավ երգիչ է հանում ասպարեզ, մի լավ բանաստեղծ, մի լավ բան է արտադրում կամ ինչ-որ մի բան է անում, որը կարող է ուշադրություն հրավիրել, որ այս պետությունը կարող է լավ բան անել։ Դա էլ է ճանապարհ, թե չէ ամեն ինչ միայն քաղաքական ճանապարհով չի արվում»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ