Ազատամարտիկների, ծառահատումների, մենաշնորհների թեման՝ «Լրագրողները» սերիալում

Ազատամարտիկների, ծառահատումների, մենաշնորհների թեման՝ «Լրագրողները» սերիալում

Կրիմինալ աշխարհի հանցագործների եւ գյուղաբնակ մոխրոտների մասին հայկական արտադրության սերիալների կողքին շուտով եթեր կհեռարձակվի լրագրողների մասին պատմող նոր հեռուստասերիալ, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Լրագրողները»։ Այն կցուցադրվի «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում՝ սեպտեմբերի կեսերից։
Սերիալի մտահղացման հեղինակը հենց «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն է, գլխավոր ռեժիսորը՝ Կարեն Քոչարյանը։ Թե ինչու եւ ինչպես որոշեցին լրագրողների մասին հեռուստասերիալ նկարահանել, հեռուստաֆիլմի 2-րդ ռեժիսոր Արթուր Պապյանի կարծիքով, այսօր մեր իրականության մասին շատ քիչ է բարձրաձայնվում, իսկ լրագրողներն այն մարդիկ են, որոնց միջոցով բարձրաձայնվում է երկրում տիրող անարդարությունների մասին։



«Ինքը «Նյուզ ռում» է, ունի գլխավոր խմբագիր, որն արդարության համար կռվող, մարտնչող մարդ է։ Նրան մարմնավորում է դերասան Արթուր Կարապետյանը, եւ այդ «Նյուզ ռումում» կան 4 լրագրողներ, որոնք էլ մեր գլխավոր հերոսներն են»,-ասում է Արթուրն ու պատմում, որ սերիալում 4 սյուժետային գիծ է զարգանում․ առաջին մասում բարձրաձայնվում է ծառահատումների հարցը, երբ պուրակները ծառահատում են եւ տեղը բազմահարկ շենքեր կառուցում։ 2-րդ սյուժետային գծում անդրադարձ է արվում ազատամարտիկների թեմային, որոնք այսօր անտեսված են կառավարության, պետության եւ մյուս օղակների կողմից. «3-րդ գիծը դա Արշակի գիծն է, որը լուսաբանում է քանդված գործարանները, եւ պետությունն այսօր ոչինչ չի անում, որ գոնե նվազագույնի սահմաններում աշխատեցնի այդ գործարանները, եւ արդյունաբերությունը զարգանա։ 4-րդ ամենակարեւոր գիծն Արեւի գիծն է, որը մենաշնորհների հարցն է լուսաբանում Հայաստանում, երբ իրականում կան լիքը խնդիրներ, բայց պաշտոնական աղբյուրները հայտարարում են, որ Հայաստանում մենաշնորհ չկա»։



Յուրաքանչյուր սյուժետային գիծ զարգանում է 12 սերիայի մեջ։ Ինչ վերաբերում է դերասաններին, ապա, բացի Արթուր Կարապետյանից, ֆիլմում խաղում են նաեւ Վիկտորիա Հարությունյանը, Ռուզաննա Հարությունյանը, Սամվել Գեւորգյանը, Իշխան Զաքարյանը, Սեւակ Սանթրոսյանը, Ինգրիդ Կոկչյանը, Ռոբերտ Գեւորգյանը։
Ֆիլմի 2-րդ ռեժիսորը վստահեցնում է, որ սա տարբերվելու է մյուս սերիալներից, որոնք այսօրվա եթերում կան. «Նախ նրանով, որ բոլոր կադրերը շնչում են, այսինքն՝ չկա ստատիկ միջին պլան, պատին կպցրած կադր, բոլոր կադրերում կա գործողություն։ Նկարված է շատ դինամիկ եւ շնչող կադրերով»։



Թե ինչքանով տնային տնտեսուհիներին կհետաքրքրի լրագրողների բացահայտումների մասին պատմող հեռուստասերիալը, ապա «դրա համար կան նաեւ հատուկ այլ գծեր, որտեղ սիրային պատմություն է ներկայացվում, այսինքն՝ սա միայն լրագրողների մասին պատմություն չէ, այստեղ տեսնում ենք լրագրողին աշխատանքի վայրում, ընտանիքում, ընկերական շրջապատում»։



«Լրագրողները» հեռուստասերիալի սցենարիստ Դիանա Մարդանյանը թեեւ մասնագիտությամբ լրագրող չէ, բայց սցենարը գրելիս խորհրդակցել է լրագրողների հետ՝ Ագնեսա Խամոյան, Թագուհի Թովմասյան, Գոհար Հայրապետյան։ Մի շարք հեռուստաընկերություններում որպես սցենարիստ աշխատած Դիանա Մարդանյանն ասում է, որ ժողովուրդն էկրանին տեսնելու է այն, ինչ իրականում տեսնում է։ Դիանան իր խոսքում ընդգծում է՝ ֆիլմում լրագրողների պայքարն արդարության համար է, ապա նաեւ հավելում, որ իրականում էլ նրանք պայքարում են արդարության համար, ոչ մի հորինովի բան չի լինելու։ Հեռուստադիտողն էկրանից կտեսնի վերջին տարիներին իրեն ծանոթ քաղաքացիական պայքարի դրվագներ՝ պուրակի կանաչապատման համար պայքարող քաղաքացիների, լրագրողների։



Սցենարիստի կարծիքով, վարկանիշը չնայած որ ամենաառաջին տեղում է, բայց իր համար կարեւոր է գրել նոր բան, որը կլինի հետաքրքիր սյուժետային գծով սցենար. «Ճաշակով եւ գիտակից մարդիկ են նայելու «Լրագրողները» սերիալը, կարեւոր է ոչ թե քանակը, այլ որակը։ Գիտակից մարդը չի կարող նայել ու չհավանել, ամեն ինչ ներառել ենք, որ բոլորին հետաքրքիր լինի։ Հետո՝ «Լրագրողները» սերիալում մեր հեռուստադիտողը, թեմատիկային զուգահեռ, ավելի շատ սեր կտեսնի, քան բոլոր սերիալներում իրար հետ վերցրած»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ