Պետք է այս «ֆայլաբազարը» վերանա

Պետք է այս «ֆայլաբազարը» վերանա

Անդրադառնալով նախօրեին կառավարության հրաժարականին, նոր վարչապետի նշանակմանը եւ դրանից բխող հնարավոր փոփոխություններին, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ հույսը մեռնում է վերջում. «Ուրեմն պետք է միշտ հուսանք, այնպես չէ, որ անընդհատ փնովենք, թե ոչ մի բան էլ չի փոխվի, չի լինի, հատկապես որ հիմա դա շատ է մեզ պետք, որովհետեւ մի քանի տարի հետո հնարավոր է արդեն Հայաստանում մարդ չմնա։ Այս արտագաղթն ինչ-որ չափով կկանգնի, եթե սոցիալական վիճակն ինչ-որ կերպ բարելավվի։ Կարեն Կարապետյանը կիրթ մարդ է, գիտեմ նաեւ, որ հարուստ մարդ է, իսկ հարուստ մարդը որ գալիս է, ձեռքն այդպես չի գցում ու սկսում գողանալ։ Չնայած ասեմ, որ նախկինից էլ առանձնապես դժգոհ չեմ, որովհետեւ շատ մարդամոտ էր, խոսում էր մարդկանց հետ, արվեստով էլ էր հետաքրքրվում, վերջերս Գյումրու մեր թատրոնին ահագին գումար տվեց, եւ հիմա ողջ բեմի հատակը փոխում ենք։ Դժգոհ չէի, բայց կարծում եմ, որ մեծ փոփոխություններ պետք է արվեն։ Այն, որ կոռուպցիայի դեմ պայքարում են ու 4 հատ մեքենա են վաճառում, դրանք սուտ բաներ են, հիմքից պետք է արվի։ Մինչեւ կոռուպցիան չվերանա, ոչ մի բան չի ստացվի, չեմ ասում՝ 100 տոկոս վերանա, որովհետեւ դա անհնար բան է, բոլոր երկրներում էլ կա, բայց ամոթ է լինել աղքատ՝ հարուստ պետության մեջ, եւ անբարոյական է լինել հարուստ՝ աղքատ պետության մեջ։ Կոնֆուցիոսի այս բառերն ամեն ինչ բացատրում են»։



Ինչ վերաբերում է նախագահի արած հայտարարությանը, որտեղ նա էական փոփոխություններ է խոստացել, ապա Նիկոլայ Ծատուրյանը մարդկային իմաստով սպասում է, որ այդ փոփոխությունները լինեն. «Հին կադրերով ոչ մի բան չի ստացվի, մնում է, որ լավ ու ճիշտ ընտրություն արվի, որպեսզի տնտեսագետը չդառնա առողջապահության նախարար, մշակույթի նախարար չգա մի անձնավորություն, որը ոչ մի կապ չունի մշակույթի հետ, կրթության ասպարեզ չգա փականագործը, այսինքն՝ այս ֆայլաբազարը վերանա։ Իմ համար ամենամեծ վտանգն արտագաղթն է, որը հսկայական չափեր է ընդունում։ Այս կառավարությունը պետք է մտածի դրա դեմն առնելու մասին ու ընդ որում՝ ոչ թե արգելելով, այլ իսկապես ինչ-որ չափով աշխատատեղեր բացելով, ինչ-որ չափով ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելով։ Տա Աստված, որ Կարապետյանը գա եւ սկսի մտածել ժողովրդի մասին եւ ոչ թե այլ բաների»։



Նիկոլայ Ծատուրյանը չգիտի՝ նոր կառավարության մեջ կփոխվի՞ մշակույթի նախարարը, թե՞ ոչ, իր համար դա նման է նրան, որ հարցնես՝ օգոստոսի 28-ի՞ն ես մեռնելու, թե՞ 31-ին։ «Եթե Կարեն Կարապետյանը բոլորին փոխեց, նա էլ կփոխվի, եթե ընդամենը մի քանի մարդ, ապա դժվար է ասել։ Ես այս ոլորտների մեջ միայն մեկին եմ ճանաչում, որից իսկապես գոհ եմ, դա առողջապահության նախարարն է, որը կիրթ, գրագետ մարդ է»,-ասում է Ծատուրյանը։ Նրա ցանկությունն է, որ «ժողովրդի ծառաները» մարդամոտ լինեն ժողովրդի հետ, ոչ թե արհամարհական վերաբերմունք ունենան. «Ժողովրդին պետք է իսկապես բանի տեղ դնեն, որ ժողովուրդն սկսի հարգել իր կառավարությունը, զգա, որ ինքն այս երկրի քաղաքացի է»։



Երգահան Արտավազդ Բայաթյանի կարծիքով, այս փոփոխությունները ոչ միայն հասունացել էին, այլեւ պետք էր շուտ անել. «Այդ փոփոխություններն ուղղակի անհրաժեշտ էին։ Ինչքա՞ն կարելի է պահել ուժի, զենքի զոռով, եթե մի բան քանդվում է, ո՞նց կարաս պահես։ Չնայած առանձնակի լավատեսական պատկերացումներ չունեմ, որովհետեւ, միեւնույն է, նորից եկել է մի մարդ, որը նշանակված է Ռուսաստանի կողմից, մեր համակարգում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, ուղղակի մարդն է փոխվել, բայց գործելակերպը, քաղաքականությունը, վերաբերմունքը եւ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես որ եղել է, որովհետեւ այն ժամանակ էլ ամեն ինչ ռուսական թելադրանքով էր արվում, հիմա էլ կլինի նույն բանը։ Այստեղ մի քիչ թիմի խնդիր է, այս վարչապետը գոնե մասնագետների թիմ բերի, գան մարդիկ, որոնք ի վիճակի են իրենց բնագավառում բարեփոխումներ անել, բնակչության կարիքները հոգան, վերջիվերջո, ժողովրդի համար են իրենք, չէ՞։ Եվ ամենակարեւորը՝ լուծումներ գտնեն, որ այս արտահոսքը կանգնեցվի, որովհետեւ սա շատ վտանգավոր բան է, եթե չկանգնի, նշանակում է ավելի վատ վիճակում կհայտնվենք։ Իսկ այս դեպքում արդեն նշանակություն չի ունենա, թե ում կբերեն եւ ինչ կանեն։ Ես շատ գունավոր պատկերացումներ չունեմ, եւ ինձ թվում է, որ դժվարությունները ինչ որ կային, կմնան, որովհետեւ ղեկավարման ձեւը ռուսական ձեւն է, եւ մենք գիտենք, թե հիմա Ռուսաստանն ինչ վիճակում է, եւ դրանից ավելին չենք կարող լինել, եթե ոչ հակառակը։ Ամեն դեպքում, մարդուն բերել նշանակել են, հիմա սպասենք տեսնենք, թե ինչ պիտի անի՝ 1-2 քայլից պարզ կերեւա, թե ինչ է ստացվելու»։



Նախագահն իր ելույթում ասել էր, որ կադրային փոփոխությունները լինելու են բոլոր ոլորտներում՝ նախագահի աշխատակազմից սկսած, իսկ էական փոփոխությունների պետք է սպասել արդեն առաջիկայում։ Այս առիթով երգահանը կարծում է, որ կադրային փոփոխություններն ուղղակի անհրաժեշտություն են. «Պետք է գան նոր, երիտասարդ, ավելի թարմ մտածող կադրեր, ավելի բարձր մակարդակի կրթություն ստացած, որոնք հասկանում են, թե այսօրվա գլոբալիզացված աշխարհում ոնց կարելի է ղեկավարել, ճգնաժամային վիճակներից դուրս գալ, որտեղ եւ ինչ պետք է արվի․ դա կարեւոր բան է։ Այն հին՝ բոլշեւիկյան ղեկավարման ձեւն արդեն իրեն սպառել է եւ նշանակում է գնալ ոչնչացում։ Նոր մարդիկ են պետք, նոր մտածողություն։ Մի կարեւոր բան էլ կա, որ մեր գիտակցությունը գա նրան, որ մենք հասկանանք՝ սա մեր պետությունն է, երկիրը, հայրենիքը, ոչ թե օտար մի բան, որին կարելի է ինչ ասես անել՝ վաճառել, սպանել, քցել, թողնել գնալ։ Մենք պետք է իմանանք, որ մեր հնարավորությունները կարող ենք ռեալիզացնել հենց մեր հայրենիքում, ոչ թե գնանք ու ուրիշ տեղ անենք»։



Բայաթյանի կարծիքով, կադրերը փոխվում են, որպեսզի այն, ինչ նախատեսված է, անպայման կատարվի, այլ կերպ ասած՝ այս ամենը 2017թ. ընտրություններին ընդառաջ փոփոխություններ են. «Այս դեպքում չեմ էլ կարող ասել, որ դա կարող է ազգանպաստ բան լինել։ Համակարգն այնպես է, որ նույն սխեմայով են աշխատում, մարդկանց կարող են փոխել, բայց եթե մեր դատարանը գրպանային դատարան է, եւ դատախազությունը կարող է ցանկացած հանցագործ մարդու վերաբերյալ ոչ մի գործ չհարուցի, իսկ անմեղ մարդու վրա գործ սարքեն ու նստեցնեն, ապա այս համակարգի ներքո ում էլ դնես, կատարվելու է նույն բանը, որովհետեւ բոլորն ու ամեն ինչ իր տեղում պետք է լինեն, եւ ոչ մեկը գրպանային պետք է չլինի։ Եթե գրպանային դարձան, ով ուզում ես՝ եղիր, ոչինչ չի ստացվի»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ