Կհորդորեի մեր իշխանություններին, որ մյուս համայնքներում էլ չաջակցեին որևէ մեկին

Կհորդորեի մեր իշխանություններին, որ մյուս համայնքներում էլ չաջակցեին որևէ մեկին

Աշտարակցի գործարար Ռազմիկ Տերտերյանը Աշտարակի քաղաքապետի չորս թեկնածուներից մեկն է։ Նա նախորդ ընտրություններին ևս առաջադրել էր իր թեկնածությունը, բայց մի քանի հարյուր ձայնի տարբերությամբ պարտվել գործող քաղաքապետ, անկուսակցական Արմեն Անտոնյանին։ Հիմա նորից է որոշել ուժերը փորձել։ Նրա հետ նույն պաշտոնին են հավակնում 27-ամյա երկու երիտասարդ՝ ԲՀԿ-ական Արշալույս Մեժլումյանն ու գործարար Թովմաս Շահվերդյանը, և Աշտարակի նախկին քաղաքապետ, անկուսացկական Աշոտ Ղալեչյանը։



«Երկրորդ անգամ մտնում եմ պայքարի մեջ, որովհետև գտնում եմ, որ Աշտարակում դեռ շատ բան կա անելու, խնդիրները շատ-շատ են։ Անցյալ անգամվա իմ ծրագրային դրույթներում ներկայացրած Աշտարակի զարգացման իմ տեսլականն այժմ ավելի եմ կատարելագործել, այնտեղ ընդգրկել եմ այնպիսի կետեր, որոնք վերաբերում են կոնկրետ բիզնես ծրագրերին։ Եթե մինչև հիմա Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում միայն ՀՈԱԿ-ներ են գործում, ապա ես նպատակ ունեմ իմ ընտրվելու դեպքում Աշտարակը, որպես առաջամարտիկ քաղաք, անմիջական մասնակցություն ունենա առևտրային կազմակերպությունների ստեղծման գործընթացին, որպեսզի մեր համայնքային բյուջեն ֆինանսավորվի նաև այլ աղբյուրներից»,-Hraparak.am-ի հետ զրույցում երկրորդ անգամ իր առաջադրման նպատակն այսպես մեկնաբանեց Ռազմիկ Տերտերյանը։



-Գործող քաղաքապետի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ չի կարողացել անել նա, որ Դուք եք մտադիր անել ընտրվելու դեպքում։



-Որպես աշտարակցի՝ գործող քաղաքապետի այն լավ գործերը, որոնք կիսատ են մնացել, ես կփորձեմ շարունակել։ Օրինակ՝ վերջին ժամանակներս աղբահանությունը շատ լավ էր կազմակերպվում, ես կփորձեմ ավելի կատարելագործել աղբահանության համակարգը։ Գործող քաղաքապետի մոտ հարկահավաքությունն էր լավ կազմակերպվում, ես նույնպես կփորձեմ դա շարունակել և գույքահարկի հավաքագրման նոր մեթոդներ կիրառել։ Իսկ այն խնդիրները, որոնք դեռևս լուծում չեն ստացել, կփորձեմ դրանք իրականացնել։ Օրինակ՝ քաղաքային այգու վերականգնումը, որը իմ նպատակներից մեկն է։



-Ինչպես ՀՀ շատ այլ համայնքներում, Աշտարակում ևս կա աշխատատեղերի հետ կապված լուրջ խնդիր։ Շատ թեկնածխուներ են խոստումներ տալիս, որ աշխատատեղ կստեղծեն ու ոչինչ չեն անում հետո։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը, հատկապես, որ համայնքային բյուջեով հնարավոր չէ աշխատատեղ բացել։



-Այո, ես իմ ծրագրում ներկայացրել եմ ադպիսի ծրագրային կետեր, թե ինչպես պետք է ստեղծվեն աշխատատեղեր։ Բերեմ կոնկրետ օրինակներ. Աշտարակ քաղաքը գյուղատնտեսական նշանակության մեծ հողակտորներ ունի, որոնք չեն մշակվում, կան նաև բամզաթիվ սեփականատերեր, որոնք չեն մշակում իրենց սեփական հողակտորները։ Ես կփորձեմ օգտագործել անհատների չմշակվող սեփական հողակտորները՝ նրանց հետ կնքելով պայմանագիր, և զբաղվել գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրությամբ։ Եվ եթե մենք մշակենք 50-100 հա հողակտոր, այն 100-150 աշխատատեղ կբացի, և մենք կկարողանանք մեր համայնքային բյուջեն համալրել տարեկան 100 հազար դոլարին համարժեք դրամով։ Բացի այդ, ես նպատակ ունեմ ստեղծել նաև մեքենատրակտորային կայան, որոնցով կզբաղվենք հենց այդ հողերի մշակմամբ, նաև մատչելի գներով կտրամադրենք մեր գյուղատնտեսներին, և դա ևս աշխատատեղ կապահովի։



-Անդրադառնանք թեկնածուների միջև պայքարին։ Իշխանությունները ներկայացված չորս թեկնածուներից որևէ մեկին «Դաբրո» չեն տվել, որևէ մեկին պաշտոնապես չեն աջակցում, դաշտը ազատ է թողնված։ Սա ինչպե՞ս եք գնահատում և առանց իշխանությունների աջակցության՝ ինչպե՞ս եք պատկերացնում որևէ մեկիդ ընտրվելը։



-Ես բարձր եմ գնահատում իշխանությունների նման քայլը և կցանկանայի, նաև կհորդորեի մեր իշխանություններին, որ մյուս համայնքներում էլ չաջակցեին որևէ մեկին։ Ես կարծում եմ՝ համայնքի ղեկավարը քաղաքական պաշտոն չի, համայնքի ղեկավարը պետք է մտահոգվի համայնքի խնդիրներով։ Երբ որ մենք համայնքի ղեկավարի առջև դնում ենք քաղաքական լուծումներ, նա շեղվում է իր ճանապարհից, և ստացվում է այն, ինչ ունենք այսօր։ Դրա համար ներկա պահին, երբ որ Աշտարակում իշխանությունները ոչ մի թեկնածուի չեն սատարում, պայքարն անցնում է էթիկայի բոլոր նորմերին համապատասխան, բարձր մակարդակով։ Ես վստահ եմ, որ անպայման կանցկացվեն արդար ընտրություններ, և Աշտարակում կհաղթի արժանի թեկնածու։



-Ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել իշխանությունների հետ, երբ սովորաբար մեզանում համայնքի ղեկավարները իշխանություններին հպատակ, իշխանությունների «դուդուկի տակ պարող» պաշտոնյաներ են լինում։



-Ես՝ ինքս, անկուսակցական եմ, որևիցե պարտավորվածություն չունեմ որևիցե կուսակցության կամ իշխանության հանդեպ, բայց իշխանությունների հետ պետք է համագործակցենք հանուն մեր քաղաքի։ Ինձ չի թվում, թե մեր իշխանությունները չեն ուզենա, որ Աշտարակը զարգանա կամ չեն ուզենա, որ լուծվեն սոցիալական խնդիրները։ Պարզապես պետք է գտնել իրենց հետ համագործակցության ոլորտներն ու ուղիները։ Իսկ ինչ վերաբերում է կամակատար լինելուն կամ դուդուկի տակ պարելուն, ապա ես Ձեզ կարող եմ հավաստիացնել, որ փառք Աստծո, մեր Աշտարակում կայացել է ավագանու ինստիտուտը։ Դուք տեղյակ եք, որ որոշ իշխանական ծրագրեր Աշտարակի ավագանու կողից մերժվեցին։ Այժմ այդ ինստիտուտն ավելի է կայացել Աշտարակում, և ինձ թվում է՝ իմ ընտրվելու դեպքում կհաջողվի ավագանու հետ միասին իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք օգուտ կբերեն մեր քաղաքին և մեր բնակչությանը։ Ես իմ ընտրողների հետ զրուցներում ասում եմ՝ հարգելիներս, իմ ընտրվելու դեպքում ես դառնալու եմ 16-րդ ավագանին։ Ես ինձ չեմ դրսևորելու որպես քաղաքապետ՝ բարձր դիրքերից։



-Կարծիք կա, որ իշխանություններն այս անգամ չաջակցեցին գործող քաղաքապետին, ու նա ինքնաբացարկ հայտնեց, քանի որ ավագանին ավելի ուժեղ էր քաղաքապետից, որովհետև իշխանական նախագծերը չէին կարողանում անցկացնել։ Այս առումով՝ ուժեղ ավագանի ունենալը Ձեզ համար ռիսկային չի՞ լինի։



-Ինձ համար ռիսկային չի լինի, որովհետև բոլոր շփումներում իշխանությունների հետ կամ իշխանության ներկայացրած ծրագրերում կարմիր թելի պես շատ է անցնում այն եզրույթը, թե իշխանությունները ցանկանում են, որպեսզի համայնքներում կայանա ավագանու ինստիտուտը։ Ես իմ ընտրվելու դեպքում կլինեմ այն համայնքապետը, որը կսատարի այդ գաղափարին, որպեսզի Աշտարակում 100 տոկոսով կայանա ավագանու ինստիտուտը։ Ինձ թվում է՝ դա ավելի ձեռնտու կլինի մեր իշխանություններին։ Ինձ թվում է՝ դա օրինակ կհանդիսանա մյուս համայնքների համար, և համայնքապետը չի կարողանա միանձնյա, բդեշխի կամ ֆեոդալի կարգավիճակով որոշել համայնքի խնդիրների լուծման ձևերն ու մեթոդները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ